Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում` անոնսավորել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ բռնության գործողությունները։
Փաշինյանը մեկ ժամ շարունակ պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին և որևէ հարցի այդպես էլ հստակ պատասխան չի տվել։ Անընդհատ խուսափելով, խուսանավելով և խաբելով՝ փորձել է պնդել իր կեղծ և ադրբեջանական նարատիվները։
Ըստ էության` Նիկոլ Փաշինյանը նշում է, թե որևէ անվտանգության երաշխիք չի կարող տալ, ընդամենը իր չարչրկած լեգիտիմություն բառի միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե հնարավոր է ապահովել Հայաստանի տարածքների անվտանգությունը։ Հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի, Փաշինյանը պատասխանել է՝ «Մեր դիրքերի լեգիտիմությունը»։
Հայաստանը երկար տարիներ լեգիտիմ և միջազգային հանրության կողմից ընդունված նարատիվներ է ներկայացրել և որևէ անգամ խնդիր չի ունեցել. այն որ Փաշինյանի ասածը խոցելի և անհեթեթ է , ակնհայտ է յուրաքանչյուրին, նույնիսկ նրա թիմակիցներին։ Ի վերջո, 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, գործող վարչախմբին հաջողվեց պահպանել իր աթոռը, և այժմ իշխանությունը պահելու նպատակով նրանք պատրաստ են ցանկացած գործողության՝ մի կողմից խաբելով և մանիպուլացնելով հասարակությանը, մյուս կողմից` ընդհուպ ուժ կիրառելով սեփական քաղաքացիների նկատմամբ։
Փաշինյանի հայտարարությունից հետո, այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե Կիրանց գյուղի հատվածում ականազերծում է իրականացվում, ոստիկանությունն էլ հատուկ գործողություն է սկսել, փակել է ճանապարհը և ուժ գործադրելով բերման ենթարկել երեք տասնյակ ցուցարարների։
Արմեն Ավագյան