Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիբանանեան ասացուածք մը կայ, որ կ՛ըսէ. «Ճարպիկին (շուստրին) մէկ սխալը, հազար սխալ կ՚արժէ՛»...: Նիկոլ Փաշինեան նախընտրելով Ազրպէյճանի հետ այսպէս կոչուած սահմանազատումի գործընթացը սկսիլ Տաւուշէն, ըստ երևոյթին գործեց իր քաղաքական կեանքի ճակատագրական եւ իրեն համար «մահացու» սխալը: Այս սխալը շրջադարձային նշանակութիւն ունենալ կը յաւակնի, որ կրնայ Փաշինեանի երևոյթին, իր քաղաքական խումբին ու անոնց ետին կանգնած միջազգային խաղացողներուն իշխանութենէն եւ տարածաշրջանէն հեռացնելու միտող ԼՈՒՐՋ գործընթացի մը սկիզբը հանդիսանալ: Իր հաշուարկով, հաւանաբար Փաշինեան սեպեց, թէ Տաւուշը տարածաշրջանային մեծ խաղցողներու հետաքրքրութենէն հեռու դաշտ մըն է համեմատած օրինակ Սիւնիքի հետ, ուր Իրանի հետ շատ բաներ պէտք էր համաձայնեցնել:

Ան իր ձեռնածուի (juggler) յատուկ կեդրոնացումով տարուած թերագնահատեց, իր այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» վարկը ամբողջապէս մսխած ըլլալու պահն (momentum) ու Բագրատ Սրբազանին (կամ այն ինչ, որ ազգային իմաստով Տաւուշի հոգևոր առաջնորդը կը ներկայացնէ) չափազանց կարևոր գործօնը: Պարտուողական պահուածքով մը խաղաղութիւն մուրալով, փոխարէնը իշխանութիւնը պահելու համար ամէն տեսակ զիջումի գացող իշխանութիւնը, ժողովրդային մաղձը արդէն հասցուցած էր իր գագաթնակէտին, եւ մինչ այսպէս կոչուած ընդդիմութիւնը այսքան ժամանակէ ի վեր, ի վիճակի չեղաւ իր շարքերէն քաղաքական առաջնորդ մը յառաջացնել, եկեղեցին ինքն է, որ այս օրհասական պահուն իր ուսերուն վերցուց հայրենատիրութեան ազգային առաքելութիւնը գուցէ եւ ակամայ ստանձնելով մինչև իսկ ռազմաքաղաքական դեր, փրկելու համար այն ինչ, որ կարելի է փրկել մեր Հայրենիքէն:

Ուղիղ վեց տարիներ առաջ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին իշխանութիւնը զաւթած կողմին դէմ պայքարի դուրս եկած Շարժումը վերջապէս ունեցաւ իր առաջնորդը, որ չունի իշխանատենչ նկրտումներ: Ան ունի մեր Հայրենիքին մէջ այսօր միակ կանգուն մնացած ազգային հաստատութեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին գահակալին նեցուկն ու օրհնութիւնը: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի անուն՝ Տաւուշը յանուն Հայրենիքին: Ունի ուղեգիծ՝ Սուտի դէմ Ճշմարտութեան պայքար: Ուրեմն ան ունի ազնիւ ոգի եւ յստակ նպատակ: Սրբազանը նպատակասլաց է եւ ինքնավստահ երբ արդարացիօրէն եւ պարզ կը յայտարարէ. «Ոգին յաղթելու է դուխին, Հոգևոր Հայաստանը՝ «Նոր Հայաստանին», Եռագոյնը՝ սեւ-սպիտակին»: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի շատ մեծ թիւով համակիրներ ու աջակիցներ:

Ահաւասիկ կենսական բաղադրիչներ, որոնք նման շարժումի մը փայլուն յաջողութեան համար մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն: Հայրենաբնակ ժողովուրդին տակաւին լուռ զանգուածին կը մնայ անվերապահօրէն միանալ անոր: Ընդդիմութեան կը մնայ նոր կերպարներ չնետել պայքարին մէջ կամ, ընդհանրապէս չխանգարել զայն: Իշխանութիւնը իր կքած ոտքերուն վրայ տակաւին պահող Հայ ոստիկանին կը մնայ յիշեցնել, որ ինքը պայքարի ուղին բռնած այդ ժողովուրդին զաւակն է եւ թէ իշխանութիւնները ժամանակաւոր են, մինչ Հայրենիքը՝ մշտնջենական:

Հեռուներէն «Ա՜խ Հայաստան» երգող «հայրենասէրներուն» կը մնայ իրենց գործնական մասնակցութիւնը բերել սոյն պայքարին: Դասական Սփիւռքը իր հոգևոր մեծագոյն ներկայացուցիչով՝ յանձին Արամ Ա. Վեհափառին, հրաւիրուած է մաս կազմելու հայրենիքի փրկութեան այս ամենավերջին փորձին, որուն զինուորագրեալները պէտք է ըլլանք բոլորս, եթէ Հայրենիքը մերը կը համարենք: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանաց դասէն բարձրաստիճան եպիսկոպոսի մը Հայրենի հողին վրայ ներկայութիւնը Բագրատ Սրբազանին կողքին, աւելի ուժեղ նամակ է ուղղուած Հայրենիքն ու Սփիւռքը իրար հակադրող Էրտողանին, քան այս ուղղութեամբ Անթիլիասի մայրավանքէն հնչող ոեւէ խօսք... Պէտք է ազգովին հասկնանք, որ քաղաքական այս գերզգայուն պահը մեր վերջին առիթն ու յոյսն է:

Ամենավերջը, այսօր եւ այստեղ, մեզի կը մնայ Աստուած օգնական ըսել Գերշ. Բագրատ Սրբազանին, իրեն մաղթելով առողջութիւն, ուժ եւ կորով: Սրբազանը ինք մեզմէ լաւ գիտէ Հայ ժողովուրդին ու Հայրենիքին սիրոյն իր ստանձնած դերին գերկարևորութիւնը եւ իր դիմակալած միջազգային դաւադրութեան սեւ ու ահռելի ուժը: Հետևաբար պէտք է սրտագին խնդրել իրմէ լրջութեամբ վերաբերիլ իր անձնական կեանքի ապահովութեան հետ, ըլլալով չափազանց զգօն, որովհետև իր կեանքը այս պահուն, միայն իրը չէ...: Եւ վերջապէս աւարտին, մեզի կը մնայ մտահոգութեամբ յիշեցնել Սրբազան հօր, թէ այն անձը, որուն դէմ ինք բոլորիս պայքարը կ՛առաջնորդէ այս պահուն, արիւնահեղութիւն խնայելով հրաժարական տուող «մերժուած» մեր նախկին վարչապետը չէ...:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը
website by Sargssyan