Փաշինյանը հիմա էլ ՀԱՊԿ-ին է մեղադրում պարտության մեջ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը՝ ընդհուպ մեղադրելով Ռուսաստանին և ՀԱՊԿ գործընկերներին Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։
Մինչ օրս Փաշինյանը պատերազմում Հայաստանի կրած պարտության մեղքը բարդել է բոլորի՝ Արցախի իշխանությունների, զինվորականության, ընդդիմության, նաև Ռուսաստանի վրա։ Այժմ էլ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ի առնվազն երկու դաշնակիցներ մասնակցել են պատերազմի նախապատրաստական աշխատանքներին և ոչ Հայաստանի կողմից։
Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, Փաշինյանին ՔՊ-ական պատգամավորը խնդրել է մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը Բաքվում։ «Հիշեցի մեր զրույցը պատերազմի ժամանակ, ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ, այդ ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»,- ասել էր Մեհրիբանի մտերիմ Լուկաշենկոն։
Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը, ավելին, պնդել, որ 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, հենց մեր դաշնակիցները։ «Ես ՀԱՊԿ անդամ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը և այդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը»,- ասել է Փաշինյանը։
Իհարկե, դաշնակիցների և հատկապես ՀԱՊԿ-ի մասով կարելի է ունենալ բավականին լուրջ վերապահումներ, դրանք քննարկել նրանց հետ, սակայն առաջին անգամն է, որ Փաշինյանը պարզապես դաշնակիցներին մեղադրում է Հայաստանի դեմ պատերազմ մղելու, Հայաստանի պետականությունը կործանելու ձգտումների մեջ։
Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը մտադիր է հատել այլևս բոլոր հնարավոր կարմիր գծերը և Հայաստանը՝ դեպի Արևմուտք շրջադարձի իր քայլերում, խտրություն չի դնում ոչնչի մեջ։
Էրիկ Գարդիշյան