Ոստիկանական պատնեշով ժողովրդից «փախածները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ է տեսնում վերջին օրերին Հայաստանի միջին վիճակագրական, այսպես ասած՝ ապաքաղաքականացված բնակիչը: Ի՞նչ են տեսնում հասարակական-քաղաքական ակտիվություն դրսևորող քաղաքացիները, և ի՞նչ ենք տեսնում բոլորս վերջին այս օրերին: Իսկ մենք բոլորս տեսնում ենք ոստիկանության, կներեք արտահայտության համար՝ հաստաբեստ շերտով պատսպարված, պարսպապատված պետական հաստատություններ: Կապ չունի՝ դա կառավարության շենքն է, ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի, Քննչական կոմիտեի, թե մեկ այլ պետական մարմնի: Ըստ որում, աչք է ծակում ոստիկանական շարքերի խտությունը. է՛լ ոստիկանության զորքեր, է՛լ մարզերից բերված ամբողջական ստորաբաժանումներ, միլպետով-բանով, ինչպես ասվում է, է՛լ հատուկ ջոկատայիններ, է՛լ կարմիր ու սև գլխարկավորներ, է՛լ վահաններով, է՛լ արցունքաբեր գազի բալոնիկներով, տուրիստական խոշոր ավտոբուսներով, էլ «Дети» գրությամբ «պազիկներով», չգիտես, թե էլ ինչերով բերված ոստիկաններ, ոստիկաններ, ոստիկաններ: Սա շատ բնութագրական պահ է:

«Թավիշի» լիարժեք սնանկացման ցուցիչը: Եվ ումի՞ց են պետական հաստատությունները այդպես լեղապատառ պաշտպանվում: Ինչո՞ւ են նրանք ոստիկանական մի քանի շարքով «պարսպապատվում»: Գաղտնիք չէ, իհարկե, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման աջակիցները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, ինչպես երեկ, այնպես էլ՝ անցյալ շաբաթվա ընթացքում պարբերաբար հավաքվում էին այս կամ այն պետական հաստատության մոտ՝ որոշակի պահանջներ կամ հարցեր ունենալով տվյալ պետական (ընդգծում ենք՝ պետական) մարմինների ղեկավար-ներկայացուցիչներից: Դրանք անզեն, խաղաղ, օրինական և մարդկանց սահմանադրական իրավունքներից բխող հավաքներ են, միանգամայն արդարացված, հիմնավորված և կոնկրետ պահանջ-հարցադրումներով: Ըստ որում՝ ուղղված այն մարմիններին, որոնց գոյությունն ու աշխատանքը ապահովվում են մեր՝ հարկատուներիս վճարած հարկերից գոյացած միջոցների հաշվին, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատանքը, նկատենք:

Հա, բայց ի՞նչ են անում փաշինյանական իշխանությունը ներկայացնող և պետական կառույցների ղեկավարների դիրքերում հայտնվածները: Ժողովրդից պաշտպանվում, տարանջատվում են ոստիկանական մահակներով, վահաններով, շարքերով, կարմրասև «բերետներով»: Ու բոլոր դեպքերում նրանք, կարծես, ցանկանում են յուրովի ընդգծել հանրահայտ հեքիաթի թևավոր դարձած արտահայտությունը՝ «տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, թախտի տակից դուրս չեմ գալիս»: Բա մի՞թե դուք ոչինչ չունեք ասելու այն ժողովրդին, որի հարկերի ու կյանքի հաշվին ապրում եք ու գոյություն ունեք: Ձեր ասելիքը միայն հազարավոր ոստիկաններով շրջափակվե՞լն է, այսպես ասած՝ «թռնե՞լը»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն օրերս հարցազրույցներից մեկում նկատել էր, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը այս օրերին, ըստ էության, մաշեցնում է իշխանության ռեսուրսը:

Ու դա արդեն չափազանց նկատելի է: Ինչ արժե թեկուզ այն խայտառակությունը, որով ԿԳՍՄՆ-ն դրսևորվեց Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի կապակցությամբ՝ մտացածին իրավիճակ ստեղծելով «ՏաԼույս» մանկական երգչախմբի ելույթը խոչընդոտելու նպատակով... Ինքնին հասկանալի է, որ պետական իշխանության մարմինների նման «թռնողական» ու անվայել վարքը պայմանավորված է իշխանության «առաջին դեմքի» գործելակերպով: Նիկոլ Փաշինյանն ինքը վաղուց ի վեր «մարդամեջ» է ելնում, երբ այդ «մարդամեջը», ներառյալ 4-5 տարեկան երեխան, մետաղորսիչներով ստուգված է, շրջապատված հազարավոր ոստիկաններով, ԱԱԾ տասնյակ ու տասնյակ «չնկատվող» աշխատակիցներով ու մի երկու-երեք տասնյակ էլ թիկնազորով: Ոստիկանական պատնեշները՝ չհաշված:

Չեք գտնի Փաշինյանի վերջին շրջանի որևէ «հանրային» նկար, որտեղ գոնե մի քանի թիկնապահ կադրում չի հայտնվում, եթե անգամ դա երեխաներին պաղպաղակ հյուրասիրելու բեմականացված դրվագ է: Ու դա այն անձնավորությունն է, որը, երբ նոր էր իշխանության եկել, իբր, հեծանիվ էր քշում (էլի՝ թիկնապահված, ի դեպ), իր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն, իբր, մետրոյով էին երթևեկում: Ի դեպ, Բագրատ Սրբազանն այնքան նշեց ժամանակին հեծանիվով շրջելու մասին, որ Փաշինյանը նախօրեին որոշեց ցույց տալ, թե՝ տեսեք, ինքը դեռ հեծանիվ է քշում: Ծիծաղելի էր, եթե ավելին չասվի: Հիմնականը. ժողովրդական ալիքի վրա, եթե չասենք՝ ժողովրդի ուսերի վրա իշխանության եկած Փաշինյանը, որ անգամ «հրապարակի ժողովրդով» երկիր կառավարելու մասին էր խոսում (կհիշեք), մի խոսքով՝ Փաշինյանը, որ սիրում-խոնարհվում-գրկում էր ժողովրդին, այսօր թե՛ ինքը, թե՛ իր իշխանության մյուս ներկայացուցիչները նույն այդ ժողովրդից անջրպետված, կտրված են ոստիկանական հաստաբեստ պարսպով:

Հանրային միջոցների հաշվին գործող, բայց բացառապես իշխանական միակողմանի քարոզչություն իրականացնող հեռուստաընկերությունը կարծես փաշինյանական իշխանության բարձրաստիճանների հոգեթերապիայի համար է աշխատում: Իսկ այդ բարձրաստիճաններն էլ ապրում են այդ «եթերային իրականության» մեջ, ինչը, մեծ հաշվով, ինքնախաբեություն է սոսկ: Իսկ երբ իրականությունը հազարավոր պահանջ ու հարց ունեցող հայ մարդկանց, ՀՀ քաղաքացիների տեսքով մոտենում է իրենց աշխատավայրերին, միանգամից ոստիկանական պարիսպ են շարում ու... չքանում: Լավ, ո՞ւմ է պետք նման իշխանությունը, ո՞ւմ են պետք նման պետական պաշտոնյաները, որ մեր հացն ուտում են, բայց մի կորեկի օգուտ էլ չեն տալիս: Սա՞ է «ժողովրդի իշխանությունը»: Սա՞ է այդքան չարչրկված լեգիտիմությունը: Լավ, բա 2018 թվին, երբ ոգևորված հրապարակներ ու փողոցներ էին ելել հազարավորները, դրա՞ համար էին ելել, դա՞ կամ սա՞ էին երազում: Ոչ, բնականաբար:

Եվ եթե դա է իշխանության պահվածքը, եթե որևէ իշխանություն ժողովրդին առաջարկելու ոչինչ չունի՝ բացի ոստիկանական մահակներից, սադրանքներից, վահաններից, արցունքաբեր գազից ու շղթաներից, ապա էլ ո՞ւմ է այն պետք: Որոշ «դրսի» ուժերին միայն, բայց ոչ երբեք Հայաստանին ու հայ ժողովրդին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը Իրանի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Իսրայելում ամերիկյան THAAD ՀՕՊ համակարգի տեղակայումը «Ահա թե ինչպես պարզեցինք մեր փոքրիկի սեռը». Գուրգեն Դաբաղյանի կինը հրապարակել է «Գենդեր փարթի»-ի տեսանյութը Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Բայդենը հայտարարել է Ուկրաինայի համար 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին Պարզվում է, որ ՀՀ-ից մեկն արտագաղթել է իր սանրվածքի պատճառով, ականջին օղ կախելու պատճառով, խաշ կամ քաբաբ չսիրելու պատճառով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Թրամփի նախընտրական հանրահավաքի վայրում ձերբակալված տղամարդը Fox News-ին պատմել է, որ հայ է Պետբյուջեից 25 մլն դրամ կհատկացվի Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գործուղումների համար Ժաննա Անդրեասյանը Ղազախստանի պաշտոնակցի հետ ստորագրել է մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հուշագիր Մեսսին նշել է, թե ով է արժանի 2024 թվականի Ոսկե գնդակը ստանալուն Արցախցիների փախստականի կարգավիճակը երկարաձգվեց մեկ տարով ՔՊ-ն վարչության նիստում կքննարկի Քննչականի պետի հարցը ԱՄՆ նյարդային արձագանքը Ի՞նչ են քննարկելու Ստամբուլում Ինչո՞ւ են ուզում ձերբակալել Գյումրիի նախկին քաղաքապետին Հերթական նվերը Նիկոլից աշխատավորներին. Հրայր Կամենդատյան Շվեյցարիան մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել. «ՀայաՔվե» AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում Ալեք Մանուկյան փողոցում, որտեղ ամիսներ առաջ հեռացվեցին հարյուրամյա ծառերը, մշտադալար թփեր են տնկվում. տեսանյութ
website by Sargssyan