Արա Աբրահամյանի արձագանքը՝ ՀՀ իշխանությունների վերջին հայտարարություններին
Խոսելով Հայաստանի անվտանգության երկու մարտահրավերների մասին՝ Փաշինյանը մոռացել է գլխավորի՝ իր կառավարության մասին
Ո´չ Ադրբեջանը, ո´չ Ռուսաստանը,ում անունը Փաշինյանը նույնիսկ չի արտաբերում՝ ակնարկելով զուտ «հյուսիսային հարևանի» մասին, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում Հայաստանի ու հայերի անվտանգությանն ու հեղինակությանն այդքան վնաս չէին կարող պատճառել, որքան իրենց հռետորաբանությամբ ու գործողություններով հասցնում են Փաշինյանը, Արմեն Գրիգորյանը և նրանց նմանները:
Եթե 2018 թվականին, կեղծ խոստումներով և մանիպուլյացիոն տեխնոլոգիանրով, նրանք չգային իշխանության, ապա այսօր Արցախը կմնար հայկական, ինչպես դա եղել է հազարամյակներ ի վեր, իսկ Ալիևը բացեիբաց չէր ստորացնի Փաշինյանին և հայ ժողովրդին, Բռունց չէր թափահարի: Արցախի ղեկավարներն ու ռազմագերիները նստած չէին լինի Բաքվի բանտերում, իսկ Հայաստանի ինքնիշխանության և նրա սահմանների ճանաչման հարցն էլ քննարկման առարկա չէր դառնա:
Մինչև 2018 թվականը Հայաստանը հանդիսանում էր միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, բոլորի կողմից չանաչված և հարգված պետություն՝ չնայած որոշակի ներքաղաքական և սոցիալակն խնդիրների առկայությանը:
Այն, որ Արցախը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Փաշինյանի թիմի հետևողական գործողությունների և հայտարարությունների հետևանքն է: Նրանք որոշեցին զրոյացնել լուրջ փորձագետների մասնակցությամբ և միջազգային մեխանիզմների կիրառմամբ ընթացող բազմամյա բանակցային գործընթացը և ամեն ինչ սկսել, ինչպես ինքն էր ասում, մաքուր թղթից: Արդյունքում խախտվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ այդ ժամանակ գոյություն ունեցող ստատուս քվոն, որն ամբողջովին համապատասխանում էր Ադրբեջանի շահերին: Իսկ «մաքուր թուղթը», որն Ալիևը ճմրթեց ու դեն նետեց, դարձավ Բաքվին տարածքներ հանձնող և հայկական շահը ոտնահարող այսօրվա կառավարության խորհրդանիշը:
Այսպես կոչված խաղաղության պայմանգիրը և երկրի սահմանները վերաձևելու նպատակով «մաքուր թղթից» շարունակվող հերթական բանակցությունները Հայաստանին ոչինչ չեն տալու, բացի մեկուսացումից: Այն վնասները, որ մեր անվտանգային համակարգին այսօր հասցնում են Հայաստանի իշխանությունները՝ ցուցադրաբար վատացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ և փոխարենը ոչինչ չառաջարկելով, բացի աջակցության մասին գեղեցիկ խոսքերից, կրելու են մեր սերունդները:
Համոզված եմ նաև, որ այդ ամենը չէր լինի, եթե չլիներ հայկական էլիտաների լռությունը: Ցավոք, հենց նրանց թողտվությունն արձակեց Հայաստանի իշխանությունների ձեռքերը՝ թույլ տալով քայլ առ քայլ իրականացնել տարածաշրջանից Ռուսաստանի դուրս մղման սցենարը, որն, առաջին հերթին, կործանարար է հենց Հայաստանի համար: