Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ Նիկոլ Փաշինյանը երեկ վերստին ինչ-որ բաներ էր խոսում ՀԱՊԿ-ի հետ «հարաբերությունների», հայրենասիրության, թշնամու զավթած ահռելի տարածքները հետ չբերելու թեմաներով, նախօրեին «ադրբեջանական կողմը» մի փոքր էլ բացեց փակագծերը:

Ինչպես հայտնի է, նույն Փաշինյանի հայտարարություններից, այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագիրը» ներառում է 17 կետ (կամ՝ դրույթ), որոնցից 13-ը համաձայնեցված են, 3-ը՝ կիսահամաձայնեցված, իսկ 1-ը՝ չհամաձայնեցված: Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք, ինչ համաձայնեցրել ենք, ստորագրենք, իսկ մնացածը՝ ընթացքում: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հրապարակավ հայտարարել է, թե՝ չէ, մինչև «խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը չհամաձայնեցնենք, չենք ստորագրի: Գործնականում ու բառացիորեն նույն բանը նախօրեին վերստին հնչեցրեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն՝ անընդունելի որակելով համաձայնեցված կետերն առանձին ստորագրելու փաշինյանական մոտեցումը:

Բայց դա էլ ամենը չէ. թշնամական երկրի ներկայացուցիչը նաև հայտարարեց. «Ընդհանուր առմամբ, համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է առաջին հերթին համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը ներկայում տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Քանի դեռ Հայաստանն իր օրենսդրական ակտերից չի բացառել այդ պնդումները, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող»:

Կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ մերկացրեց Փաշինյանի մտադրությունները և այն, թե էլ ինչ փորձանքներ է նա պատրաստվում բերել Հայաստանի ու իրեն հանդուրժող բնակչության գլխին:

Նմանապես, կարելի է ենթադրել, որ ՀՀ Սահմանադրությունը «ջրելու», ի լրումն՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարելու, նույնն է, թե՝ ՀՀ-ն լուծարված հռչակելու մասին կետը, այսպես ասած, «կիսահամաձայնեցվածների» մեջ է կամ չհամաձայնեցվածն է: Ավելի շուտ՝ «կիսահամաձայնեցվածների» շարքում այն կարող է լինել՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Փաշինյանն ինքն էլ է ցանկանում «հեչ անել» ՀՀ Սահմանադրությունը:

Առհասարակ, հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» բովանդակության մասին: Մարդիկ չգիտեն, թե ինչ է Նիկոլ Փաշինյանը բանակցում ու համաձայնեցնում թշնամիների հետ: Սակայն դատելով ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ արվող «արտահոսքերից», համադրելով դրանք փաշինյանական իշխանության վարած աղետային քաղաքականության հետևանքների հետ՝ կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ ոչ մի լավ բան չի սպասվում, բնականաբար:

Ավելին, եթե նայենք, թե ինչ պահանջներ է դնում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ կետեր դեռ համաձայնեցված չեն, սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կետեր են համաձայնեցված: Մեծ հաշվով, պատրանքներ չարժե ունենալ, եթե, իհարկե, ՔՊ վարչության անդամ չեք ու յոթ մղոնանոց քայլերով չեք սուրում դեպի «ապագակա»:

Ինչ վերաբերում է ընթացիկ իրողություններին, ապա ադրբեջանական կողմի շարունակական մերկացումները ևս գալիս են հաստատելու իրավացիությունը բոլոր այն փորձագետների, որոնք զգուշացնում էին, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «անմիջնորդ», ուղիղ բանակցությունների վտանգավորության մասին:

Մի առիթով արդեն նկատել ենք, որ այնքան էլ ճիշտ չէ հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել «անմիջնորդ»՝ նկատի ունենալով թուրքական գործոնը: Իրականում Թուրքիան խորապես ներգրավված է այդ «անմիջնորդ» բանակցություններում՝ որպես Հայաստանին ներկայացվող պահանջների կամ թելադրանքի համակարգող: Այսինքն՝ այդ «անմիջնորդ» բանակցությունների մի կողմում Հայաստանն է՝ միայնակ, իսկ մյուս կողմում Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք կարողանում են Փաշինյանից ստանալ այն ամենը, ինչ ուզում են:

Երկրորդ. «անմիջնորդ» բանակցություններում (եթե անգամ մի պահ վերանանք թուրքական գործոնից) չկան երաշխավորներ: Ենթադրենք՝ կողմերն ինչ-որ բանի մասին պայմանավորվել են կամ համաձայնեցրել են ինչ-որ կետ: Որտե՞ղ է երաշխիքը, որ այն իրականացվելու է, կողմերից մեկնումեկը այդ պարտավորությունից չի «թռնելու»: Այն էլ՝ ադրբեջանական կողմը, մանավանդ՝ Ալիևը, որ բազմիցս խախտել է ամենատարբեր պայմանավորվածություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ձեռք բերված, էլ չենք խոսում հրադադարի մասին: Ալիևը պատերազմական հանցագործ է, որի հետ պայմանավորվելու մասին կամ որի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելով՝ որևէ հարց լուծելու մասին կարող է հուսալ միայն անհուսալիորեն միամիտ անձնավորությունը: Սա՝ շատ մեղմ ասած:

Հնարավոր չէ պայմանավորվել նրա հետ, որի նպատակը, ծրագիրն ու ցանկությունը քեզ վերացնելն է: Հայաթափված Արցախը՝ վկա: Այնպես որ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է թշնամու հետ բանակցություններում 17-ից 13 կետ համաձայնեցրած լինելու մասին, առաջարկում է «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մասը ստորագրել և այլն, դա ընդամենը նշանակում է, որ Հայաստանին սպասվում են նորանոր դաժան փորձություններ, նոր աղետներ, նոր կորուստներ: Կարող եք, ի դեպ, չկասկածել, որ Փաշինյանն այդ ամենի համար արդեն վաղուց ունի պատրաստած «մեղավորներ», եթե դա այդ ժամանակ դեռ ինչ-որ մեկին կարող է հետաքրքրել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. Սիրուշո Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan