Մահացել է Սերգեյ Ներսիսյանը
Խոր ցավով տեղեկացանք, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) նախկին աշխատակից Սերգեյ Ներսիսյանը։ Հաղորդվում է աստղադիտարանի FB էջում:
Սերգեյ Ներսիսյանը ծնվել է 1947թ․ հունվարի 6-ին։ 1970թ․՝ ավարտելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետը, անմիջապես աշխատանքի է ընդունվել Բյուրականի աստղադիտարանում, որտեղ աշխատել է սկզբում որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ գիտաշխատող մինչև 2001 թվականը։
Նրա գիտական հետաքրքրությունների ոլորտն էին ածխածնային աստղերը և աստղակույտերը։ 1987թ․ Ս․ Ներսիսյանին շնորհվել է ֆիզ․-մաթ․ գիտությունների թեկնածուի աստիճան։
2002 թվականից աշխատել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում որպես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի դասախոս:
Բացի իր գիտական գործունեությունից, նա hրատարակել է «Աստղալից երկինք» (2000) հանրամատչելի գիրքը և «Աստղագիտություն միջնակարգ դպրոցների համար» (2003) դասագիրքը:
Մասնակցել է Միջազգային աստղագիտական օլիմպիադաներին՝ որպես հայկական թիմի ղեկավար և հանդիսացել է Հայաստանի hանրապետական աստղագիտական օլիմպիադաների ժյուրիի անդամ:
2014 թվականին արժանացել է Գալիլեյան ուսուցիչների ծրագրի (GTTP) հավաստագրի:
Ս․Ներսիսյանը Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) անդամ էր:
Բյուրականի աստղադիտարանն իր խորին ցավակցությունն է հայտնում Ս․ Ներսիսյանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ուսանողներին։