Արտաշատում 46–ամյա և անչափահաս բնակիչների uպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է ներկայացվել 5 անձի։
2024թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 4 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է:
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, հրազենային վնասվածքով ավտոմեքենա: Կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակիչը զանգահարել է 45-ամյա համաքաղաքացուն և կապված մինչ այդ նրանց զավակների միջև տեղի ունեցած վիճաբանության հետ՝ առաջարկել հանդիպել։
Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, 46–ամյա տղամարդը որդու, եղբոր, վերջինիս որդու, նույն քաղաքի 22–ամյա բնակչի և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ «ՎԱԶ 21063», «ՎԱԶ 2121» և քննությամբ դեռևս չպարզված մեկ այլ մակնիշի ավտոմեքենաներով, նախապես զինված 12մմ տրամաչափի որսորդական հրացանով, այլ տեսակի զենքերով, սուր կտրող-ծակող առարկաներով, փայտե մահակներով, գնացել են 45–ամյա տղամարդու բնակության վայրի՝ Արտաշատ համայնքի Ազատամարտիկների փողոցի տան և մանկապարտեզի հարակից հատված՝ պարզաբանումներ կատարելու նպատակով:
Հիշյալ վայրում կողմերի միջև առաջացած վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, փայտե հաստ կտորով հարվածել է 45–ամյա տղամարդու գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին: Այնուհետև 46–ամյա տղամարդը, նրա որդին, եղբայրը, եղբորորդին, 22–ամյա երիտասարդը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք, փոխադարձ համաձայնությամբ, սպանություն կատարելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով հարվածներ են հասցրել արյունահոսող վնասվածքով, ընկած վիճակում գտնվող 45–ամյա տղամարդուն:
Վերջինս, իրենց տնից վերցնելով հոր անվամբ հաշվառված, «ՄՌ» տեսակի որսորդական հրազենը, մի քանի կրակոց է արձակել 46–ամյա տղամարդու և նրա եղբոր ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Այդ ընթացքում 46–ամյա տղամարդը և քննությամբ չպարզված անձը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, իրենց մոտ գտնվող որսորդական հրազեններով կրակոցներ են արձակել 45–ամյա տղամարդու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի, ձախ ձեռքի հատվածներում ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն վիճաբանության վայրում գտնվող այլ անձանց միջամտության արդյունքում հիշյալ անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Բացի այդ, 46–ամյա տղամարդը և նրա հանցակիցները, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, նաև 45–ամյա տղամարդու որդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել անչափահաս տղայի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված անձի կողմից կրակոցներ են արձակվել վերջինիս ուղղությամբ։ Նրանց հանցակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով նաև հարվածել է անչափահաս տղայի թիկնային հատվածին։ Արդյունքում՝ 45–ամյա տղամարդու անչափահաս որդու առողջությանը պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արտաշատ քաղաքի 46–ամյա բնակչին, վերջինիս որդուն, եղբորորդուն, 22–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ կետերով, 45–ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ հիշյալ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։