«Մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր». կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը փրկել է իր զինակից ընկերների կյանքը և անմահացել 2022 թ. սեպտեմբերի 13-ի լուսադեմին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կենսուրախ էր, կենսախինդ: Իր կողքին անհնար էր հանգիստ նստել, կսկսեր կատակել, զավեշտալի դեպքերը մինչև հիմա էլ բոլորը հիշում են: Վարակիչ ծիծաղ ուներ: Դպրոցում իր դասվարը ես եմ եղել: Ամբողջ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն միասին ենք եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռուբենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Նրա խոսքով, որդին դպրոցում աչքի էր ընկնում առաջադիմությամբ, ընդունակ էր: «Սիրում էր բոլոր առարկաները, բայց երբ նպատակադրվեց բժիշկ դառնալ, սկսեց ավելի մանրամասն ուսումնասիրել քիմիան, կենսաբանությունը: Ինքնուրույն պարապեց և ընդունվեց Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Անվճար ընդունվեց, գերազանց առաջադիմություն ուներ: Մինչ օրս էլ իր դասախոսները սիրով են հիշում Ռուբենին, իր հետ կապված պատմությունները: Դպրոցից շատ սիրել է քոլեջը: Ատամնատեխնիկական բաժինն էր ավարտել: Որոշել էր ընդունվել Բժշկական համալսարանի դիմածնոտային բաժինը»: 2021 թ. հուլիսի 20-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Ճամբարակ: Մարտական հերթապահություն է իրականացրել Վերին Շորժային դիրքերում:

«Երբ Ռուբենը գնացել էր զինկոմիսարիատի վերջին ստուգումներին, պարզվել էր, որ ուղիղ աղիքի ճաք ունի: Իրենց ուղեգրով Ռուբենը վիրահատվեց, վեց ամիս ժամկետով հետաձգել էին ծառայության մեկնելը: Մայիսին վիրահատել ենք, հունիսին գնացել ու դիմում է գրել Աբովյանի զինկոմիսարիատում, որ զորակոչվի բանակ: Հունիսի կեսերին եկավ իր հերթական ծանուցագիրը, որ հուլիսի 20-ին պետք է մեկնի ծառայության: Նախքան դա ընկերներով որոշում են, որ այդ օրը պետք է գնան բանակ, նույն օրն էլ հետ գան: Հուլիսի 20-ին գնացինք իրեն ճանապարհելու: Ռուբենին երկու անգամ ավտոբուսից իջեցրել են, բայց հայրիկի, հորեղբոր ստորագրությամբ կրկին նստեց ավտոբուս և գնաց: Այդ օրն ահավոր վիճակում էի, կարծես կորուստ էի զգում, շուրջս շատ մարդիկ կային, որոնք ևս հուզված էին, լալիս էին, բայց ես հուսահատ էի, տագնապած: Ինձ մոտեցավ՝ «մա՛մ ջան, ցավդ տանեմ, լավ է լինելու, երկու տարին ինչ է որ, տղերքի հետ գնում ենք, գանք, այդպես ենք որոշել, չխանգարես, թող պապայենք ստորագրեն թղթերը, մեկ է, գնալու եմ»:

Ուրախ տրամադրությամբ մեկնեց»: Ռուբենը սկսում է իր ծառայությունը: Այդ ընթացքում եռամսյա ժամկետով վերապատրաստում է անցնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ ստանալով սանհրահանգչի, բուժակի որակավորում: Մայրիկն ասում է՝ որդուն «Զինուժով» էլ են ցույց տվել, թե ինչպես են գործնական պարապմունքներ անում, ռազմի դաշտում վիրավորներին փրկում: Դասընթացների ավարտին վերադառնում է զորամաս՝ որպես բուժակ, իր վաշտի հետ բարձրանում էր դիրքեր: Ռուբենը եղել է մեկից ավելի դիրքի պատասխանատու բուժակը: Ամեն ինչ խաղաղ էր, բայց այդպես միայն թվում էր: Թշնամին 2022 թ. սեպտեմբերի 13-ին հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի Հանրապետության դեմ: Այս անգամ թիրախում Ջերմուկը, Իշխանասարը և Վարդենիսն էին:

«Այդ օրերին Ռուբենը պետք է արձակուրդ գար, բայց չեկավ, ասաց՝ մի քանի օր էլ սպասեք, դիրքերից կիջնեմ ու կգամ: Բայց իրականում գիտեր պատերազմի վտանգի մասին: Եթե դիրքերում չէր լինում, ամեն շաբաթ պետք է գնայինք իր մոտ: Անընդհատ ուզում էր, որ քույրերի երեխաներին էլ տանեինք մեզ հետ: Երբ ասում էինք, որ մեկին կտանենք, բայց մյուսը փոքր է, թող մնա մյուս անգամ, արձագանքում էր՝ ի՞նչ հետո, երեխեքին անպայման բերեք: Կարծես բոլորիս հաջող աներ, բայց մենք չէինք հասկանում»: Սեպտեմբերի 13-ին թշնամին հարձակվել է: Ռուբենը ոտքերի շրջանում հրազենային խոր վիրավորում է ստանում, ինքն իրեն ցավազրկող է ներարկում, որ կարողանա օգնել իր ընկերներին. վիրակապել է նրանց, առաջին բուժօգնություն ցույց տվել:

«20 հոգի իր ձեռքերի մեջ է մահացել, նրանց աչքերը Ռուբենն է փակել: Վաշտի հրամանատարը վզի, հետո որովայնի հատվածում վիրավորվել է: Նրան օգնություն է ցույց տվել: Ծանր վիրավորված տղաներից մեկին տեղափոխել է բունկեր, գլխի հատվածում կարել է, փամփուշտներով ու կտորներով պինդ կապել ու հրահանգել, որ որևէ մեկը ձեռք չտա: Այսօր այդ տղան ողջ է, նման ծանր վիրավորումով նրան գերեվարել են, 22 օր մնացել է գերության մեջ, այնտեղ որևէ միջամտություն չեն արել և ուղարկել են Հայաստան: Իրենց դիրքերից ութ հոգի էր գերեվարվել, որոնք վերադարձել են Հայաստան: Ռուբենը թույլ չի տվել, որ նրանք դուրս գան բունկերից, վիրակապել է, ներարկումներ արել: Տուն վերադառնալուց հետո նրանցից շատերի վերքերն ուղղակի մշակել են, ոմանց դեպքում վիրահատություն են արել: Հիվանդանոցներում զարմացել էին, թե ինչպես է հնարավոր նման բան»: Մարդու բանականության համար դժվար է ընկալել այն իրողությունը, թե ինչպես է թշնամին վարվել ծանր վիրավորված զինծառայողների հետ, ինչպես է նրանց զրկել կյանքից:

Տիկին Ասյան այս մասին մի քանի խոսքով պատմեց, բայց նույնը ձեզ բառացի փոխանցելու քաջություն ես չունեմ: «Ռուբենը ոչ միայն վիրակապել ու փրկել է վիրավորների կյանքը, այլ դուրս գալով բունկերից՝ իր վաշտի զոհված տղաների մարմինները մեկ տեղում է հավաքել, որ թշնամին չխոշտանգի: Զինակից ընկերները հորդորել են դուրս չգալ բունկերից, բայց Ռուբենս մերժել է՝ չեմ կարող թույլ տալ, որ մեր տղերքին մատով կպնեն: Հետո թշնամին տարել էր երեխեքի մարմինները ու օրեր անց նոր միայն փոխանցել Հայաստանին: Այդ ընթացքում նաև կապ են պահել զորամասի հրամանատարության հետ՝ «օգնե՛ք, օգնե՛ք»: Ինը ժամ օգնություն են խնդրել: Ողջ մնացած տղաներն են մեզ պատմել՝ երբ հրամանատարը ծանր վիրավորված է եղել, պարտականությունները Ռուբենն է իր վրա վերցրել:

Զորամասի հրամանատարության հետ խոսելիս բարձր տոնով անգամ ասել է՝ «ե՞րբ է գալու ձեր օգնությունը, ինչո՞ւ խաբեցիք, չօգնեցիք, արդեն կողքներս կանգնած են, լրիվիս մորթել տվեցիք»: Գումարտակի և գնդի հրամանատարները մինչև վերջին պահն ասել են՝ դիրքը չլքեք: Ռուբենը դուրս է եկել, որ տեսնի՝ գուցե ընկերների մեջ մեկը ողջ լինի: Այդ պահին զանգել է ընկերոջը, հայրիկին ու ինձ: Ասաց՝ «մա՛մ ջան, մոտիկանում են, մենակ աղոթիր»: «Մամ ջանով» զանգն անջատեց, հետ զանգեցինք, բայց ոչ ոք չվերցրեց, ընկերոջ զանգին արդեն ադրբեջանցիներն էին պատասխանել»: Տղաները 7-ից 9 մետր հեռավորության վրա են հայտնվել թշնամու՝ 300-400 հոգանոց զինված զորքի դիմաց: Սեպտեմբերի 13-ի լուսադեմին Ռուբենը զոհվում է, «տուն վերադառնում»՝ 22 օր անց: Այդ ընթացքում ծնողները ծեծել են պետական գերատեսչությունների բոլոր դռները, դիմել Կարմիր խաչին ու հնարավոր բոլոր մարմիններին ու անձանց:

Ծնողներին հասած տեղեկությունների համաձայն, Ռուբենը կարող էր գերիների թվում լինել, բայց իրականությունն այլ էր: Տիկին Ասյայի խոսքով, Ռուբենի զինակից ընկերները դիմում-նամակներ էին գրել, ներկայացրել զորամասին, պաշտպանության նախարարությանը, որ Ռուբենին հերոսի կոչում տան, պատմել են, թե ինչեր է Ռուբենն արել իրենց համար, ինչպես է փրկել իրենց կյանքը:

«Երբ գերլարված պահերին Ռուբենը կապ է հաստատում նաև բուժկետի հետ, տեղեկացնում, որ դեղերը ևս վերջանում են, իրեն ասում են, որ օգնությունը կգա, բայց նա կարող է մյուս ճանապարհով իջնել: Ռուբենը հրաժարվում է՝ ոչ մի վայրկյան չեմ թողնելու տղերքին, հասկանո՞ւմ եք, թե ինձ ինչ եք ասում»: Ռուբենը երկու ավագ քույրիկ ունի: Իսկ ապրելու ուժ մայրիկին տվեց Աստված: «Ամեն ինչ կապում եմ Աստծո հետ, որ նրա գործերն անքննելի են:Տարբեր մտքեր եմ ունեցել, բայց Ռուբենիս վերջին բառերն եմ հիշել՝ «մա՛մ, աղոթիր»: Ռուբենն աստվածապաշտ, աստվածավախ էր, իր «ձեռքի» գիրքն Աստվածաշունչն էր: Կարդացել ու վկայել է Աստվածաշունչ, անգամ այդ ծանր օրերին Աստծո խոսքն է եղել իր շուրթերին: Այդ օրերին տեսանյութերում ադրբեջանցիները ցույց են տալիս Ռուբենի Աստվածաշունչը: Ունենք բուժկետի ծառայության պետի ձայնագրությունը, որն ասում է՝ Ռուբենը յուրահատուկ էր ամեն ինչով: Տղաների մեջ առանձնանում էր իր վարքով, բնավորությամբ և հավատքով»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ, բուժակ Ռուբեն Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Չարենցավանի գերեզմանատանը: Ռուբենի մասին ձեզ կպատմի նրա մայրիկի հեղինակած «Հերոս բուժակ Ռուբենը» գիրքը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը 3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնա Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծը Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան
website by Sargssyan