Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ը կօգնի, եթե Ռուսաստանը Դաղստանի ահաբեկչություններից հետո օգնություն խնդրի. գլխավոր քարտուղար Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ ՀՀ ԿԲ-ը UBPAY հայաստանյան և KWIKPAY արտասահմանյան համակարգերի համագործակցության թույլտվություն է տրամադրել ԶՊՄԿ ընկերությունը բոլոր մրցաշարերում մեզ աջակից եղավ, արդյունքում Հայաստանն ունեցավ մեդալակիր, ումից այս տարի ավելի մեծ ակնկալիքներ ունենք. Աշոտ Սադխյան Փաշինյանի տարօրինակ առաջարկն Ադրբեջանին Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg Արցախցիների դեմ կեղտոտ հակաքարոզչությունը սաստկանում է Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ զուրկ ազգային ինքնությունից Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ քարտեզները ցածր ճշգրտության են, դրանց օգտակարությունը չի գերազանցում 25%-ը Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա Խաղաղ օվկիանոսի ափին երկրաշարժ է տեղի ունեցել Արշակ Կարապետյանը կարևոր շեշտադրումներ է արել Հայտնաբերվել է հնագույն ասորական ճամբար, որը հիշատակվում է Աստվածաշնչում (լուսանկարներ) «Համահայկական ճակատը» պայքարելու է հայոց պետականության ամրապնդման համար Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել. Վահե Հովհաննիսյան Բացահայտվել է հանցագործության 183 դեպք AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի ունեցավ Վենետիկի բիենալեին Հայաստանի I-ին մասնակցությանը նվիրված միջոցառում Մեր նպատակը Հայոց պետականության ամրապնդումն է. Արշակ Կարապետյանը՝ ՀՃԿ հիմնադիր համագումարում Ալիևը ցավակցել է Պուտինին Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 24-ին
website by Sargssyan