Արգելքների գոտիավորումը փոխվում է, իսկ վերահսկողության մակարդակը շարունակում է աճել

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով շարունակում են գործել ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն «անապահով» կամ «անորոշ» կարգավիճակ:

2018 թվականի դեկտեմբերի 14–ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, ինչպես նաև բոլոր տեսակի կենդանի թռչնի, թռչնամթերքի, հումքի՝ փետուր, աղվամազ, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Սակայն հարց է ծագում, թե շուկաներում և խանութներում վաճառվող ռուսական ծագման խոզի մսին և թռչնամսին, որի սպառումն, ի դեպ, բավականին մեծ է, այն որքանո՞վ է առնչվում: Պարզվում է, որ վերը նշված մսամթերքի և այլ ապրանքատեսակների ներմուծումը ՀՀ տարածք վաղուց է արգելվել, սակայն ժամանակ առ ժամանակ դրանց աշխարհագրությունն է փոխվում, ինչի մասին ռուսական պատկան մարմիններն իրազեկում են գործընկեր կազմակերպություններին, իսկ տեղական կառույցներն էլ` իրենց երկրի ներմուծողներին և սպառողներին:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, oratert.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանափակումներին, նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող մսատեսակների ուղեկցող փաստաթղթերում պարտադիր նշվում է, թե տվյալ խմբաքանակը որտեղ է արտադրվել, որ ընկերության կողմից: «ՍԱՏՄ–ն փոխել է գոտիավորումը, և եթե նախկինում որոշ շրջաններից չէր թույլատրվում մսամթերք ներկրել, ապա հիմա այլ գոտիների համար են արգելքները գործում: Այսինքն, այս պահին ծառայությունը թույլ չի տալիս հրապարակված շրջաններից մսամթերք ներմուծել: Ինչ վերաբերում է փաստաթղթավորմանը, ապա Ռուսաստանում այն էլեկտրոնային համակարգով է իրականացվում: Եվ երբ իրենք գոտիավորում են իրականացնում և վտանգավոր գոտիների անունները հրապարակում են, այդ վայրերից ուղեկցող փաստաթուղթ այլևս չի տրվում: Քանի որ փաստաթղթավորումը էլեկտրոնային եղանակով է իրականացվում, այդ իսկ պատճառով այլևս հնարավոր չէ արգելված վայրերից մսամթերք ներկրել և այլ գոտիներից ուղեկցող փաստաթուղթ ներկայացնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:
Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ թեև ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող մսամթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում, սակայն այս պահին սահմանին ուժեղացված հսկողություն է իրականացվում: Այսինքն, եթե խանութներում և շուկաներում ռուսական ծագման մսամթերք է վաճառվում, ապա պետք է հանգիստ լինել: Ինչ վերաբերում է ընդհանրապես անվտանգ մսամթերք ձեռք բերելուն, ապա դրա առաջին նախապայմանը մսամթերքը շուկաներից և խանութներից ձեռք բերելն է, իսկ բակերում և մեքենաների բեռնախցիկից վաճառվող միսը եղել և շարունակում է վտանգավոր համարվել:

«Ամենակարևոր բանը, որ սպառողը չպետք է անի, վաճառքի պատշաճ պայմաններին չհամապատասխանող վայրերից միս գնելն է: Չի կարելի մեքենաների բեռնախցիկից կամ փողոցից միս կամ մսամթերք գնել: Ձուկը նույնպես չի կարելի փողոցից գնել, որովհետև կենդանական ծագման սննդամթերքը բարձր ռիսկային է համարվում և արագ է փչանում: Ուստի անկախ եղանակից, այն պետք է սառնարանային պայմաններում պահվի: Օրինակ, եվրոպական երկրներում ձկնամթերքի շուկաները մինչև կեսօր են աշխատում: Այսինքն, գիշերվա ժամին շուկա բերված ձկները, որոնք մինչև կեսօր չեն սպառվում, պարզապես թափվում են: Շատ կարևոր է հիշել, որ փողոցից չի կարելի մսամթերք գնել»,– ասաց Գ. Ավետիսյանը:

Իսկ այն խոսակցությունները, թե Ամանորի կապակցությամբ շուկաներում սկսել են Թուրքիայից ներկրված լոլիկ վաճառել, պարզվում է՝ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Հայաստանում այս պահին թուրքական ծագման լոլիկ չկա:

«Այս պահին մենք Թուրքիայից ներկրված լոլիկ չունենք: Ունենք Ռուսաստանից, Վրաստանից ներկրված: Գուցե հետագայում նաև թուրքական լոլիկ նույնպես շուկայում վաճառվի, բայց տեսչական մարմինը խստացրել է Թուրքիայից Հայաստան լոլիկի ներկրման պայմանները: Այսինքն, Թուրքիայից Հայաստան ներկրվող բուսական ծագման մթերքները բուսասանիտարական վերահսկողությունից բացի սննդամթերքի անվտանգության վերահսկողություն են անցնում, որի ժամանակ ստուգվում է պեստիցիդների և թունաքիմիկատների մնացորդային նյութերի առկայությունը»,–ասաց Գ. Ավետիսյանը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված