Մեկ մար­դու իշ­խա­նու­թյուն. ավ­տո­րի­տա­րիզ­մի հաս­տատ­ման ռիս­կե­րը

Հայաստանի Ազգային ժողովը երկարատև քննարկումներից հետո երեկ ամբողջությամբ ընդունել է կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ է քվեարկել 79 պատգամավոր, դեմ՝ 41, ձեռնպահ՝ 1: Եթե քվեարկությունն ամփոփենք քաղաքական խճանկարի սկզբունքով, ապա կառավարության նոր կառուցվածքին կողմ է քվեարկել միայն «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կոնսոլիդացված ընդդիմացել են կառավարության ներկայացրած նախագծին։

Այսպիսով՝ կառավարության նոր կառուցվածքի քննարկումների ժամանակ այդպես էլ չլսեցինք գործադիր իշխանության ներկայացուցիչների ու խորհրդարանական մեծամասնության պատգամավորների փաստարկված մոտեցումները, ավելին՝ արդարադատության նախարարի մակարդակով հրապարակայնացվեց, որ փոփոխությունների հիմքում ոչ թե մասնագիտական հաշվարկներն են, այլ ինտուիցիան։

Ինչևէ, արդեն կայացած փաստ կարելի է համարել այն հանգամանքը, որ Հայաստանում պահպանվում է սուպերվարչապետական համակարգը, այլ խոսքով՝ այն «կոստյումը», որ կարվել էր Սերժ Սարգսյանի համար, բավականին շուտ հարմարեցվեց Նիկոլ Փաշինյանին։ Արտառոց է, որ խորհրդարանական երկրում ԱԱԾ-ի, ոստիկանության, ՊԵԿ-ի գործունեությունը դուրս է մնում ԱԺ վերահսկողությունից։ Այս հարթության վրա հեղափոխությունը որևէ բան չի փոխել Հայաստանում, նույնիսկ տեղի է ունեցել իշխանության ավելի մեծ կենտրոնացում վարչապետի ձեռքում. նրա աշխատակազմը զբաղվելու է նաև սփյուռքի հարցերով։

Մյուս կողմից՝ ստեղծվում են սուպերնախարարություններ, ու ակնհայտ տպավորություն է, որ տարբեր գերատեսչությունների՝ շատ դեպքերում արհեստական միավորումը տեղի է ունեցել ոչ թե ռացիոնալ օպտիմալացման տրամաբանությամբ, այլ կոնկրետ մարդկանց՝ հեղափոխության հարթակի կարևոր գործիչների ամբիցիաները բավարարելու նպատակով։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կադրային քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության «աքիլլեսյան գարշապարն» է, մնում է ենթադրել, թե ինչպիսի ֆորս-մաժորային իրավիճակների ենք ականտես լինելու կառավարության նոր կառուցվածքի ու «սուպերնախարարների» գործունեության հետևանքով։

Ոչ պակաս կարևոր է այն հանգամանքը, որ կառավարության նոր կառուցվածքը հաստատվեց քաղաքական կոնսենսուսի բացակայության պայմաններում։ Իհարկե, ֆորմալ առումով ամեն բան նորմալ է, որովհետև կառավարության հենարանը խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունի ու որևէ կերպ կաշկանդված չէ ընդդիմության տեսակետներով կամ քննադատությամբ։ Սակայն չմոռանանք, որ գործող խորհրդարանը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պիկին, ու ընտրություններից ընդամենը հինգ ամիս անց ակնհայտ է, որ հանրային տրամադրություններն էապես փոխվել են։ Խորհրդարանի քաղաքական խճանկարի ու հասարակության դիրքորոշումների կոնտրաստն ավելի արտահայտիչ կդառնա, երբ հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիայի գործընթացն ավարտվի։

Այսինքն՝ պարզ է, որ գնալով քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտությունը մեծանալու է, ու այնքան էլ համարժեք չէ, երբ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց կառավարության կառուցվածքի վերաբերյալ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» բոլոր առաջարկությունները՝ վերջիններիս մղելով առավել կոշտ ընդդիմության դաշտ։

Սակայն շատ ավելի վտանգավոր են այն հնարավոր սոցիալական ռիսկերը, որոնք առաջանալու են կառավարության նոր կառուցվածքի հաստատումից հետո։ Կառավարության ներկայացուցիչներն ու նրանց սատարող պատգամավորներն այդպես էլ չկարողացան հիմնավոր ներկայացնել, թե որն է իրենց նախագծի սոցիալական գինը, այլ խոսքով՝ քանի՞ աշխատատեղ է կրճատվելու, կամ կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու գործազուրկ դարձած մարդկանց զբաղվածությունն ապահովելու հարցում։ Հոռետեսները պնդում են, որ հանրագումարում կրճատվողների թիվը հասնելու է մի քանի տասնյակ հազարի, ինչի պատճառով էլ կառավարությունը հնարավորինս ձգձգում էր նոր կառուցվածքի հաստատման գործընթացը, իսկ հիմա էլ հետևողականորեն թաքցնում է օպտիմալացվող պետական ծառայողների իրական թիվը։

Կառավարության կառուցվածքն, անշուշտ, օպտիմալացման անհրաժեշտություն ուներ, ու դա ընդունում են բոլորը։ Սակայն ներկայացված նախագիծն ընդամենն ինստիտուցիոնալիզացնում է Հայաստանում մեկ անձի իշխանության գոյությունը, որը մոտ ապագայում ոչ միայն ավտորիտարիզմի հաստատման ռիսկեր կարող է ծնել, այլ նաև դառնալու է սոցիալական լարվածության, հնարավոր է՝ ցնցումների պատճառ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված