Հանրաքվեի լեգալությունը մնում է ժողովրդի պարանոցին, լեգիտիմությունը՝ անհայտության մեջ

Ժամանակակից աշխարհը թևակոխել է քաղաքական զարգացման որակական նոր փուլ։ Անցումային այս փուլին անմասն չմնաց մեր հասարակությունը, երբ նրա ենթագիտակցության մեջ արդեն արմատավորվեց քաղաքացիական գիտակցություն ձևավորելու անհրաժեշտության պահանջը։
Թվում էր՝ կարևորագույն այս փուլում ժողովրդավարության երկու դոմինանտ ՝ «լեգալ» և «լեգիտիմ» բաղադրիչները, կդառնան նոր Հայաստանի կառուցման գործիքներ և վերջապես կինստիտուցիոնալացվեն թե՝ իրավական թե՝ քաղաքական համակարգերը, քանի որ արդեն հասունացել էր դրա անհրաժեշտությունը։ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում նոր իշխանության լեգիտիմությունը, նրա հանրության կողմից ընդունված լինելու փաստը, սակայն չենք կարող չնշել մի կարևոր փաստ նույնպես՝ ինչո՞ւ է լեգիտիմ ընտրված իշխանությունը խույս տալիս լեգալ՝ օրինական, օրենքով ճանաչված գործընթացից։
Արդեն բազմաթիվ քննարկումների առիթ դարձած 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն դիսկուրսի ու քննադատության առիթ է դարձել բազմաթիվ իրավաբանների կողմից և գաղտնիք չէ, որ գործընթացը զուրկ է իրավական կարգավորումներից, ավելին՝ շրջանցվում է սահմանադրական մի դրույթ, որը հետադարձի /ռեվեռսի/ հնարավորություն չունի։ Ինչևէ, այդ գործընթացը ստացավ «ժողովրդի պահանջ» անվանումը, որի հետ, իհարկե, համաձայնվելն առնվազն ինքնախաբեություն է։ Ի սկբանե նշեմ, որ կողմ եմ էվոլյուցիոն ցանկացած գործընթացին, որն, անշուշտ, կբխի օրենքից և ամենևին էլ հակված չեմ հին բարքերի և առավել ևս լճացված կարծրատիպերի ռեստավրացիային, սակայն նոր իրականությունը չպետք է հաստատվի իրավունքի վիժեցման հաշվին, կամ ինչպես վերջերս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը՝ «իրավունքը մատաղ անելու» գնով, կամ մեղմ ասած՝ օրենքի նկատմամբ արհամարանքի գնով, որը կրկնում եմ՝ հիմնավորվում է միայն «ժողովրդի պահանջի» հայտնի թեզիսով։ Բանը նրանում է, որ անժխտելիորեն խախտվել են լեգալ՝ ասպես կոչված, օրենքով նախատեսված, օրինական, իրավական ընթացակարգերը, որով պետք է առաջնորդվեր հանրաքվեն նախաձեռնող խորհրդարանական մեծամասնությունը։ Մոտիվացնելով հանրաքվեն իբրև «ժողովրդի պահանջ», դեռևս չիմանալով հանրաքվեին մասնակցող կամ «այո» քվեարկող մասնակիցների քանակը, ժողովրդի պարանոցին է փաթաթվում լեգիտիմի ուրվականը՝ արհեստական ստեղծելով «այո»-ի պատրանք։ Ինչպե՞ս կարելի է լեգիտիմացնել մի բան, որի մասին պատկերուցում չունես, չես էլ կարող ունենալ, քանի դեռ պարզ չէ մասնակիցների քանակը, առավել ևս՝ նրանց դիրքորոշումը։ «Ժողովրդի պահանջը» լեգիտիմ դարձրեց գործող կառավարությունը, իսկ ինչպիսի՞ պահանջ կա ժողովրդի կողմից՝ այժմ դեռ պարզ չէ, մնում է հուսալ, որ քվեարկությունը կնթանա լեգալ, այսինքն օրինական, որը իր հերթին կհաստատի Սահմանադրության փոփոխման լեգիտիմությունը։

Լիլիթ Սիլանյան
Իրավաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված