Ձեր իսկ խառնած թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց... կառավարությունը մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որն ալեկոծել է հայագիտական, պատմագիտական շրջանակներն ու հանրությանն առհասարակ: Նախաձեռնության իմաստն այն է, որ դպրոցներում աշակերտները այլևս ոչ թե «Հայոց պատմություն» առարկա պետք է անցնեն, այլ... «Հայաստանի պատմություն»: Թե որտեղի՞ց է փչում այդ նախաձեռնության քամին, հայտնի է. Նիկոլ Փաշինյանն էր նման մի «հանճարեղ» դիտարկում արել՝ Արագածը գովերգելու և Արարատը ժխտելու իր մտայնության շրջանակներում: Մի առիթով էլ ասել էր, թե սխալ է, որ «Հայոց պատմություն» է, պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Արտաքուստ թվում է, թե պարզունակ տաֆտալոգիա է, իսկ իրականում տարբերությունը խորքային է, թեկուզ այն պարզ պատճառով, որ «հայոց» բառը շատ և շատ վաղուց արտահայտում է ոչ միայն «հայերի» իմաստը, այլև ընկալվում է որպես հենց Հայաստան, Հայոց աշխարհ:

Չնայած, դրան դեռ կանդրադառնանք: Նման «հանճարեղ» առաջարկի հեղինակները նշում են, թե բազմաթիվ երկրներում իրենց պատմությունը սովորաբար անվանվում է տվյալ երկրի անվանումով, ասենք՝ «Իսպանիայի պատմություն», «Ռուսաստանի պատմություն», «Մեքսիկայի պատմություն», «Մադագասկարի պատմություն» և այլն, և այդպես շարունակ: Այդպես էլ կա, և այդ տեսանկյունից թվում է, թե ձևական առումով ամեն ինչ ճիշտ է, այսինքն, մերն էլ պիտի լինի «Հայաստանի պատմություն»: Բայց այստեղ կան մի ամբողջ շարք հարցեր: Այդ հարցերից առաջինը, թող կրկնաբանություն չթվա, գալիս է հենց մեր պատմությունից, որը ոչ միայն հաշվվում է հազարավոր տարիներով, այլև ամենատարբեր վայրիվերումներով, իսկ աշխարհագրական առումով ընդգրկում է ոչ միայն Հայկական լեռնաշխարհը, նաև մեր գրեթե ամբողջ մեծ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը, իսկ հայտնի հանգամանքների բերումով՝ նաև ամբողջ աշխարհը: Հիմա մեր պատմությունն էլ այդպես է ընթացել, ու հա, մենք մեր ուրույն ճանապարհով ենք գնացել ու գնալու: Հընթացս մի քանի հարց էլ է ծագում:

Օրինակ՝ պատմության դասընթացով նախատեսվո՞ւմ է նշել, թե որտե՞ղ ու ե՞րբ է լույս աշխարհ եկել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»: Ու ի՞նչ, եթե դա տեղի է ունեցել ոչ Հայաստանում, ուրեմն, ըստ փաշինյանական «հանճարեղ» տեսության, պետք է փաստը մի կո՞ղմ նետել: Կամ, ենթադրենք, անցնում են «Որոգայթ փառացի» մասին, ո՞ւ... Քանի որ բանը Մադրասում է եղել, ուրեմն... էլի՞ մի կողմ է նետվելու այդ կարևոր պատմական փաստը: Համաձայնեք, անհեթեթություն է: Ավելի վատ օրինակ. Կիլիկիայի հայկական թագավորությունները ՀՀ ներկայիս տարածքից առավել քան դուրս են: Ու ի՞նչ: Սեփական պատմության այդ հատվածին Հայաստանի դպրոցականները չպիտի՞ ծանոթանան, չէ՞ որ դա Հայաստանի ներկա տարածքի հետ կապ չունի: Իսկ Վանի կամ Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտե՞րը, իսկ Զեյթունի և Սասունի ապստամբություննե՞րը, իսկ Ադանայի ջա՞րդը, իսկ Ավարայրի ճակատամա՞րտը, չէ՞ որ այն ևս հիմա ՀՀ տարածքում չի գտնվում, Տղմուտ գետով հանդերձ: Իսկ Տիգրանակե՞րտը, իսկ Տուշպա-Վա՞նը...

Հանրությունը ալեկոծվել է, ինչը իր լուրջ պատճառներն ունի: Բանն այն է, որ գործող իշխանությունը, ելնելով իր խմբային ինչ-ինչ շահախնդրություններից, ցուցադրաբար ու ամեն գնով ընդգծում է, որ Հայաստան ասվածը բացառապես ՀՀ ներկայիս տարածքն է՝ 29800 քառակուսի կմ, և վե՛րջ: Ավելին, ցուցադրաբար հրաժարվում են Արարատից, անգամ վարչապետական ընդունելությունների դահլիճում պատին Արագածի նկարն են պատկերել տվել... Ունենք իշխանություն, որը հրապարակավ ուրացավ Արցախը, այն հռչակեց թշնամապատկան տարածք և մատը մատին չտվեց, երբ թշնամին սկսեց Արցախում իրագործել իր ցեղասպանական ծրագրերը: Եվ երբ նման իշխանությունը հայտարարում է, թե պետք է ոչ թե «Հայոց պատմություն» կոչվի սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը սովորեցնող առարկան, այլ պիտի կոչվի «Հայաստանի պատմություն», բնականաբար, լրջագույն մտահոգություններ են ծագում ու հնչեցվում, ըստ որում՝ փորձագետների ու գիտնականների կողմից ևս:

Նման իշխանության պայմաններում միանգամայն առարկայական է այն մտահոգությունը, որ առաջարկվող փոփոխությունը մեր բազմահազարամյա պատմությունը նենգախեղելու և աճող սերունդներին խեղաթյուրված հրամցնելու ստոր նպատակներ է հետապնդում, մանավանդ, եթե հաշվի առնենք նպատակային կերպով խոտան «դասագիրք» կազմելու և դպրոցներ մտցնելու քայլը: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվեց, «հայոց» բառը վաղուց ի վեր ձեռք է բերել կամ առնվազն արտահայտում է Հայաստան իմաստը ևս: Օրինակներ շատ կարելի է բերել, սկսած Հայոց բանակից: Բայց եթե «Հայոց պատմությունը» դարձնում են կամ ուզում են դարձնել «Հայաստանի պատմություն» (այսինքն, միայն առկա 29800 քկմ-ի պատմություն), ապա ինչպե՞ս վարվել հայոց լեզվի հետ: Նկատի ունենք առարկան: Այն նույնպե՞ս պետք է վերանվանվի, ասենք՝ «Հայաստանի լեզու»: Աբսուրդ չէ, հապա ի՞նչ է: Իսկ, օրինակ՝ զորավար Դրոյի մասին հայտնի երգը նույնպե՞ս պիտի վերափոխվի: Այսինքն, ոչ թե՝ «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն...», այլ՝ «Հայաստանի երկնքով»:

Միգուցե Սևակի «Անլռելի զանգակատո՞ւնն» էլ է «սրբագրվելու», քանի որ հիշո՞ւմ եք. «Հազար ութ հարյուր վաթսունինն թվին Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին, Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,Դժվար է ասել»: Իրո՛ք, դժվար է ասել. Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը վերանվանվելու է «Հայաստանի՞ լեռներում», իսկ «Հայոց վի՞շտը»: Լո՞ւրջ: Լավ, էսպես էլ խնդավիշտ նախաձեռնությո՞ւն... Պատմաբան Էդգար Հովհաննիսյանը բավականին դիպուկ էր նկատել, որ նշված նախաձեռնության հիմքում թյուրըմբռնում կա: Պատմաբանը նշում է ակնհայտը. երբ Մովսես Խորենացին գրում էր «Հայոց պատմություն», շարադրանքը ոչ միայն հայ ժողովրդի պատմության մասին էր, այլև հայկական պետականության, թագավորությունների:

Կամ, օրինակ՝ Կիլիկիայի հայ արքաները դրամների վրա գրում էին «Հայոց թագավոր», այստեղ «հայոց» բառը պետության իմաստ ուներ: Չնայած, այս «պատմությունը», նկատի ունենք աղմկահարույց ու անընկալելի և անընդունելի նախաձեռնությունը, երևի դեռ շատ ջուր կքաշի, գնալով ավելի ու ավելի զուգահեռվելով ժողովրդական այն ասացվածքի հետ, որ մի խև քարը ջրհորը նետեց, հարյուր գիտունով չկարողացան հանել: Որքան նկատել ենք, այս իշխանությունը իրեն ամենագետ ու անսխալական է երևակայում, իսկ խորհուրդներն էլ ընկալում է որպես թշնամական նետաձգություն: Բայց մի անվճար խորհուրդ, այնուամենայնիվ, տանք. հերի՛ք անհեթեթ «նախաձեռնություններ» մոգոնեք, ձեր իսկ խառնած էս թոհուբոհի մեջ դուք ուրիշ գործ չունե՞ք, ինչ է

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
website by Sargssyan