Թրամփը շտապում է և պարտադրում Փաշինյանին և Ալիևին
Հայաստանի գործող իշխանություններն այդպես էլ չեն հերքում և հաստատում՝ արդյոք Փաշինյանը մեկնելո՞ւ է Վաշինգտոն և հանդիպելո՞ւ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երեկ «Թուրան» գործակալության՝ Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հայտարարել էր, թե նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ «Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- գրել է լրագրողը։
Ավելի ուշ, նա հանդիպման վերաբերյալ նոր մանրամասներ էր հայտնել, ըստ որոնց, Դոնալդ Թրամփը նախ կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, ապա կընդունի Ադրբեջանի նախագահ Ալիևին և դրանից հետո երեք ղեկավարները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Փաստացի հայտնի չէ արդյոք որևէ փաստաթուղթ կստորագրե՞ն կամ կնախաստորագրե՞ն Վաշինգտոնում։ Ըստ ամենայնի, ոչ։ Նման զարգացումների դեպքում «Թուրանի» թղթակիցը տեղյակ կլիներ նույն իր Պետդեպի աղբյուրներից։ Փոխարենը Հայաստանի իշխանությունները ոչ հերքում, ոչ հաստատում են։ «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական տեղեկատվություն։ Եվ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում»,- նշել են վարչապետի աշխատակազմից։
Օրեր առաջ էլ «Ռոյթերս» գործակալությունը հայտնեց, թե Ադրբեջանը ցանկանում է մաս կազմել այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին», իսկ նախագահ Թրամփը Ադրբեջանից պահանջում է առաջին հերթին կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և միայն դրանից հետո թույլ կտան Ադրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերին։ Այժմ էլ Թրամփը ցանկանում է ամեն գնով հասնել խաղաղության Հարավային Կովկասում։ Հատկապես՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին բավականին լուրջ հեղինակության կորուստ է ունեցել ԱՄՆ նախագահը, այսօր նրան հարկավոր է ամեն գնով ինչ-որ խաղաղության գործընթացի էֆեկտ ներկայացնել, նաև միևնույն ժամանակ վրեժ լուծել Ռուսաստանից՝ Ուկրաինայի հարցում իր կրած ապտակի համար, և հենց դա է պատճառը, որ Միացյալ Նահանգները չափազանց կոշտ և ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասի զարգացումներում։
Մեծ հավանականությամբ Ադրբեջանն ինքը չի ցանկանում որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, հասկանալով, որ այս պահին նման պայմանագիրը կարող է կապել իր ձեռքերը, հետագա նոր ձեռքբերումները, ջրել։ Երեկ Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրի հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ։ Պաշտոնական Բաքուն հրադադարի ռեժիմի խախտումը հերքում է, Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ՝ հաստատում։
Ըստ երևույթին, Բաքվում փորձում են նոր սադրանքներով կանխել ուրբաթօրյա պարտադրված հանդիպումը, իսկ Հայաստանի գործող իշխանություններն էլ փորձում են ամեն ինչ անել՝ ամերիկացիներին հաճոյանալու և այդ կերպ քաղաքական դիվիդենտներ շահելու, բայց բացառապես իրենց և իրենց իշխանության համար։ Համաձայնագրի կնքումից, այն էլ ամերիկյան հովանու ներքո, թե ի՞նչ կշահի Հայաստանը, հայտնի չէ։
Անահիտ Հովհաննիսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...