Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման մասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի պատրաստած զեկույցն իր մեջ լուրջ ազդակներ է պարունակում։ Այն հրապարակվել է մի փուլում, երբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի կողմից շարունակաբար «խոսում» է եվրոպական ուղղության խորացման, Եվրամիության հետ ինստիտուցիոնալ մերձեցման և երկարաժամկետ հնարավոր անդամակցության գործընթացի մասին, իսկ մյուս կողմից՝ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ՝ օգտվելով այդ միության ներսում ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի մի շարք գործնական առավելություններից։
Հենց այս երկակիության վրա է կառուցված չորս երկրի փաստաթղթի հիմնական տրամաբանությունը: Եթե Հայաստանը փաստացի շարժվում է դեպի եվրոպական ինտեգրում, ապա ԵԱՏՄ մյուս անդամները հարց են դնում՝ որքանո՞վ է համատեղելի այդ ընթացքը եվրասիական միասնական մաքսային, տեխնիկական, սանիտարական, միգրացիոն և էներգետիկ ռեժիմների հետ, և ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե այդ համատեղելիությունը քաղաքականորեն կամ իրավաբանորեն կասկածի տակ դրվի։
Զեկույցում նշվող թվերը՝ ՀՆԱ-ի 15,6 տոկոս հնարավոր անկում, գնաճի 14,9 տոկոսային կետով աճ, սպառման 14,6 տոկոս նվազում, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 55,6 տոկոս կրճատում, գազի ներկրման արժեքի 69 տոկոս աճ, ավանդական արտահանման զգալի անկում, մաքսային վերահսկողության վերականգնում, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացում, առաջին հայացքից ընդամենը տնտեսական կանխատեսումներ են, բայց դրանց քաղաքական ենթատեքստը շատ ավելի լայն է։Փաստաթուղթը փաստացի ցույց է տալիս, թե ինչպիսի կապվածության համակարգում է գտնվում Հայաստանը, և ինչ արժեք կարող է ունենալ այդ համակարգի հետ կոնֆլիկտի գնալը։ Այն միաժամանակ ցույց է տալիս, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը տարիներ շարունակ չի եղել միայն տնտեսական ինտեգրման ֆորմալ ձևաչափ։ Այն դարձել է մի ամբողջ կառուցվածք, որի ներսում Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր հարմարվել են ռուսական և եվրասիական շուկայի պահանջներին, լոգիստիկ ուղիներին, մաքսային ռեժիմներին, սերտիֆիկացիոն ստանդարտներին, էներգակիրների գնային պայմանավորվածություններին և աշխատանքային միգրացիայի արտոնյալ կանոններին։
Հայաստանի արտահանման զգալի հատվածը՝ հատկապես ալկոհոլային խմիչքների, գյուղմթերքի, սննդամթերքի, թեթև արդյունաբերության, փայտանյութի և որոշ վերամշակված ապրանքների մասով, կառուցվել է հենց այն հաշվարկով, որ ԵԱՏՄ շուկան հասանելի է առանց լրացուցիչ մաքսային արգելքների, առանց կրկնակի սերտիֆիկացման, առանց բարդ վարչական ընթացակարգերի և հաճախ նաև առանց արևմտյան շուկաների համար անհրաժեշտ մրցակցային, փաթեթավորման, որակի վերահսկման և մարքեթինգային ծախսերի։ Եթե այդ ռեժիմը կասեցվի, հայկական արտադրողը միանգամից կհայտնվի այնպիսի միջավայրում, որտեղ նախկինում գրեթե ներքին շուկայի տրամաբանությամբ հասանելի եղած ուղղությունները կդառնան արտաքին շուկաներ՝ իրենց սահմանային վերահսկողությամբ, մաքսային հայտարարագրերով, սանիտարական և ֆիտոսանիտարական ստուգումներով, տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության նոր պահանջներով և հնարավոր քաղաքական ռիսկերով։
Զեկույցում հատուկ նշվում է, որ ավանդական արտահանման որոշ ճյուղերում անկումը կարող է լինել կտրուկ։
Ալկոհոլային խմիչքների արտահանումը կարող է կրճատվել շուրջ 50 տոկոսով, գյուղատնտեսական և սննդային ապրանքների արտահանումը՝ մոտ 40 տոկոսով, իսկ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ ուղղությամբ ավանդական ապրանքների արտահանումը՝ հարյուրավոր միլիոն դոլարներով։
Սակայն այստեղ անհրաժեշտ է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել. զեկույցի թվերը պետք չէ ընդունել որպես անխուսափելի ճակատագիր, բայց պետք չէ նաև դիտակել ընդամենը որպես զուտ քարոզչություն։ Բայց տնտեսական տեսանկյունից ակնհայտ է, որ Հայաստանի նման փոքր, ծով ելք չունեցող, սահմանափակ տրանսպորտային ուղիներով և բարձր լոգիստիկ ծախսերով երկիրը չի կարող կարճ ժամկետում առանց ցնցումների կորցնել իր հիմնական արտահանման և աշխատանքային միգրացիայի ուղղություններից մեկը։ Իսկ քաղաքական տեսանկյունից նույնքան ակնհայտ է, որ Ռուսաստանի և նրա եվրասիական գործընկերների համար այս հաշվարկները նաև զսպման գործիք են՝ ցույց տալու, թե եվրոպական ուղղության արագացումը կարող է ունենալ «գին», և այդ գինը կարող է ներկայացվել Հայաստանի հասարակությանը հնարավոր տնտեսական անկման, գազի թանկացման, աշխատատեղերի կորստի, արտահանողների ճգնաժամի և սպառողական գների աճի տեսքով։ Այսինքն, զեկույցը ոչ միայն կանխատեսում է ռիսկեր, այլ նաև քաղաքականորեն կառուցում է ռիսկի ընկալումը։ Այն փորձում է Հայաստանի հանրային դաշտում ձևավորել մի հարցադրում՝ արդյո՞ք եվրոպական ուղղությունը արժե այն տնտեսական ցնցումները, որոնք կարող են առաջանալ ԵԱՏՄ ռեժիմների կորուստից հետո։
Եվ հենց այստեղ է սկսվում իրական վերլուծության բարդությունը, որովհետև Հայաստանի խնդիրը միայն «մնա՞լ, թե՞ դուրս գալ» պարզ հարցը չէ։ Հայաստանի խնդիրն այն է, թե ինչպես կառավարել կախվածությունների ժառանգությունը, ինչպես նվազեցնել տնտեսական շոկերը, ինչպես կառուցել այլընտրանքային շուկաներ, ինչպես վերափոխել արտադրական ստանդարտները և ինչպես չհայտնվել մի իրավիճակում, որտեղ արտաքին քաղաքական ընտրությունը վերածվում է ներքին սոցիալական պայթյունի։
Ամենացավոտ ուղղություններից մեկն, անկասկած, էներգետիկան է։ Գազի գնի 69 տոկոս հնարավոր աճի մասին կանխատեսումը տնտեսության վրա տարածվող շղթայական ռիսկ է։ Եթե 1000 խորանարդ մետր գազի գինը բարձրանում է մինչև 300 դոլար և ավելի, ապա դա ազդելու է ոչ միայն բնակչության կոմունալ վճարների վրա, այլև արդյունաբերության, ջերմոցային տնտեսությունների, սննդի վերամշակման, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի արտադրության, ծառայությունների ինքնարժեքի և, վերջնական հաշվով, գնաճային սպասումների վրա։ Զեկույցի հաշվարկներով, Հայաստանի գազի ներկրման տարեկան արժեքը կարող է 389 միլիոն դոլարից աճել մինչև 657,5 միլիոն դոլար, այսինքն՝ ավելանալ մոտ 268,5 միլիոն դոլարով, ինչը փոքր տնտեսության համար զգալի բեռ է։ Եթե այդ աճը ամբողջությամբ փոխանցվի վերջնական սպառողին, սոցիալական հետևանքները կլինեն անմիջական։ Կթանկանան ջեռուցումը, փոխադրումները, արտադրանքը, սնունդը, իսկ եթե պետությունը փորձի սուբսիդավորել այդ տարբերությունը, բյուջեի վրա կընկնի լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այս իրավիճակում Հայաստանը կկանգնի բարդ երկընտրանքի առաջ՝ կամ թույլ տալ էներգակիրների գնի արագ փոխանցում շուկային՝ առաջացնելով գնաճ և սոցիալական դժգոհություն, կամ պետական միջոցներով մեղմել հարվածը՝ ավելացնելով դեֆիցիտը, պարտքը կամ կրճատելով այլ ծախսեր։ Երկու տարբերակն էլ ցավոտ են, հատկապես եթե դրանք տեղի են ունենում արտահանման անկման և դրամական փոխանցումների հնարավոր նվազման պայմաններում։
Էներգետիկ ռիսկերի խորությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանի գազային համակարգը երկար տարիներ կառուցված է եղել ռուսական մատակարարման, ռուսական սեփականության և ռուսական գների շուրջ։ Իրանի հետ էներգետիկ կապերը, թեև գոյություն ունեն, չեն ձևավորել այնպիսի ծավալային և ինստիտուցիոնալ այլընտրանք, որը կարող էր կարճ ժամկետում փոխարինել ռուսական գազին։ Վրաստանի ուղղությամբ լոգիստիկ և էներգետիկ կապերը ևս սահմանափակ են, իսկ ավելի լայն տարածաշրջանային էներգետիկ դիվերսիֆիկացիան պահանջում է տարիներ, ներդրումներ, ենթակառուցվածքներ և քաղաքական կայունություն։ Հետևաբար, եթե ԵԱՏՄ անդամակցության կասեցումը զուգակցվի գազային արտոնությունների վերանայման կամ ռուսական էներգետիկ պայմանների կոշտացման հետ, Հայաստանը չի կարող պարզապես հայտարարել, որ շուկան արագ կգտնի այլընտրանք։
Տնտեսական առումով մեկ այլ կարևոր խնդիր էլ պետք է նկատի ունենալ, այն է՝ ՀՀ տնտեսության մի զգալի մասը տարիներ շարունակ հարմարվել է ոչ թե բարձր արտադրողականության և բազմաշուկա մրցակցության, այլ մեկ մեծ շուկայի պահանջներին։ Ռուսական շուկան, իր բոլոր ռիսկերով հանդերձ, հայկական արտադրողի համար հաճախ եղել է հեշտ հասանելի, մշակութային և լեզվական առումով հասկանալի, սփյուռքային կապերով և բիզնես ցանցերով ապահովված ուղղություն։ Եվրոպական շուկան լիովին այլ իրականություն է. այնտեղ մուտք գործելու համար պետք են որակի կայուն վերահսկողություն, ծագման կանոնների խիստ պահպանում, փաթեթավորման և պիտակավորման բարձր ստանդարտներ, սննդային անվտանգության համակարգեր, լաբորատոր կարողություններ, երկարաժամկետ պայմանագրային կարգապահություն, մեծ ծավալների մատակարարման կարողություն և հաճախ նաև բրենդային վերադիրքավորում։
Այսինքն. ԵԱՏՄ շուկայի կորուստը չի կարող ավտոմատ փոխհատուցվել ԵՄ շուկայի բացմամբ։ Նույնիսկ եթե ԵՄ-ն պատրաստ լինի խորացնել առևտրային արտոնությունները, հայկական արտադրողը պետք է կարողանա համապատասխանել այդ շուկայի պահանջներին։ Իսկ դա պահանջում է ժամանակ, ներդրում, տեխնոլոգիական արդիականացում և պետական աջակցություն։ Հետևաբար, եվրոպական ինտեգրումը կարող է երկարաժամկետ զարգացման հնարավորություն դիտարկվել, բայց կարճաժամկետում այն չի չեզոքացնում ԵԱՏՄ ռեժիմների կորուստից առաջացող շոկերը։
Աշխատանքային միգրացիայի հարցը ևս ունի ծանր սոցիալական նշանակություն։ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի քաղաքացիներին տվել է անդամ երկրներում, հատկապես Ռուսաստանում ավելի պարզեցված աշխատանքի, կեցության, սոցիալական որոշ երաշխիքների և փաստաթղթային ռեժիմների հնարավորություն։ Եթե այդ ռեժիմը կասեցվի, Հայաստանի քաղաքացիների համար կարող են վերականգնվել աշխատանքային թույլտվությունների, արտոնագրերի, ավելի խիստ գրանցման և սոցիալական ապահովության սահմանափակումների պահանջներ։ Սա կարող է ազդել ոչ միայն այն մարդկանց վրա, ովքեր այսօր աշխատում են Ռուսաստանում կամ պարբերաբար մեկնում են սեզոնային աշխատանքի, այլև Հայաստանի ներսում ապրող ընտանիքների վրա, որոնց եկամուտների մի մասը կախված է դրամական փոխանցումներից։
Հայաստանի սոցիալական համակարգի համար միգրացիան տարիներ շարունակ եղել է յուրատեսակ անվտանգության խողովակ, որը թուլացրել է ներքին աշխատաշուկայի լարվածությունը, ապահովել է ընտանիքների եկամուտ, նվազեցրել է գործազրկության սոցիալական ճնշումը և որոշ շրջաններում դարձել է գոյատևման հիմնական աղբյուր։ Եթե այդ խողովակը կտրուկ նեղանա, Հայաստանը կարող է բախվել վերադարձող աշխատուժի, եկամուտների կրճատման, տեղական աշխատաշուկայի ճնշման և սոցիալական դժգոհության աճի հետ։ Իսկ սա հենց այն ուղղությունն է, որտեղ տնտեսական թվերը անմիջապես վերածվում են մարդկային պատմությունների՝ ընտանիքներ, վարկեր, բնակարանային ծախսեր, ուսման վճարներ, բուժման ծախսեր, փոքր բիզնեսներ, որոնք սնվում են արտագնա աշխատանքի եկամուտներով։
Զեկույցի իրավական կողմը նույնպես ուշագրավ է։ Քանի որ ԵԱՏՄ պայմանագիրը, ըստ ներկայացված տեղեկությունների, ուղղակիորեն չի նախատեսում անդամ պետության իրավունքների միակողմանի կասեցման հստակ մեխանիզմ, չորս երկրները հղում են անում 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային և առաջարկում համատեղ որոշման տրամաբանություն՝ մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը կամ արտաքին քաղաքական վերջնական ընտրության հստակեցումը։ Սա ցույց է տալիս, որ հարցը դեռ ոչ միայն տնտեսական, այլև իրավաքաղաքական անորոշության դաշտում է։ ԵԱՏՄ-ն իր ստեղծման պահին չէր պատկերացրել այն սցենարը, երբ անդամ երկիրը միաժամանակ սկսում է ԵՄ անդամակցության գործընթացի ուղղությամբ օրենսդրական քայլեր և փորձում պահպանել լիարժեք անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Հետևաբար, այժմ ստեղծվում է նախադեպային իրավիճակ. եթե Հայաստանը շարունակի եվրոպական ուղղությունը, իսկ ԵԱՏՄ մյուս երկրները դա համարեն միության տնտեսական անվտանգության սպառնալիք, կարող են փորձել ձևավորել նոր պրակտիկա՝ իրավական բացը լրացնելով քաղաքական համաձայնությամբ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ»
Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատի...