Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն Մարուքյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս մեկ անգամ բացահայտում է Հայաստանի արդարադատության և քրեակատարողական համակարգերի խորքային խնդիրները։
Շուրջ տասը տարի ես զբաղվել եմ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական գործունեությամբ, ուսումնասիրել բանտերում արձանագրված մահվան դեպքերը, հրապարակել զեկույցներ և համապատասխան գործերով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Լավ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կրում պետությունը փակ հաստատություններում գտնվող մարդկանց կյանքի և առողջության համար։
Ընտրակաշառքի մեղադրանքով կալանավորված Արսեն Գևորգյանը, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է սրտի կաթվածից։ Սակայն ինչո՞ւ էր անհրաժեշտ նրա նկատմամբ հենց կալանք կիրառել, եթե հնարավոր էր ընտրել այլընտրանքային խափանման միջոց, օրինակ՝ տնային կալանք։ Իսկ եթե պարզվի, որ առաջադրված մեղադրանքն անհիմն էր, ո՞վ է պատասխան տալու։
Մարդու կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է։ Հետևաբար կալանքի տակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան դեպք պետք է մանրակրկիտ քննվի։ Անհրաժեշտ է պարզել՝ ինչ առողջական խնդիրներ է ունեցել Արսեն Գևորգյանը, ինչ հիմքերով է նրա նկատմամբ կալանք կիրառվել, ինչ պայմաններում է նա պահվել, և արդյոք ապահովվել են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու պատշաճ վերահսկողությունը։
Սակայն խնդիրը շատ ավելի խորն է։ Հայաստանում կալանքը հաճախ կիրառվում է ոչ թե որպես խափանման միջոց, այլ փաստացի որպես պատիժ՝ մինչև մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մինչդեռ այն պետք է կիրառվի բացառիկ դեպքերում՝ բավարար և ծանրակշիռ իրավական հիմքերի առկայությամբ։ Մարդիկ ամիսներ շարունակ պահվում են կալանքի տակ, թեև այդ ընթացքում նրանց մասնակցությամբ երբեմն որևէ քննչական գործողություն չի իրականացվում։ Լուրջ խնդիրներ կան նաև կալանավորված անձանց առողջության պահպանման, պահման պայմանների և պատշաճ վերահսկողության ապահովման հարցերում։
Տարիներ շարունակ բարձրաձայնել ենք խորհրդային ժամանակներից ժառանգված բանտերը, մասնավորապես՝ ԱԱԾ մեկուսարանն ու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու անհրաժեշտության մասին։ Մարդու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում եվրոպական չափանիշներին համապատասխան արդարադատության մասին խոսելն անիմաստ է։ Հայաստանին անհրաժեշտ են ժամանակակից քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հարգվում են յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու արժանապատվությունը՝ անկախ նրան առաջադրված մեղադրանքից։
Այս ամենը լուրջ հետևանքներ ունի նաև քաղաքական մրցակցության համար։ Երբ համայնքային ընտրություններին մասնակցող թեկնածուն կալանավորվում է, ապա մահանում բանտում, մյուսների մոտ մտավախություն է առաջանում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելը կարող է հանգեցնել նման ողբերգական հետևանքների։ Նման մթնոլորտը խաթարում է ազատ քաղաքական մրցակցությունը և նպաստում իշխանության կենտրոնացմանը։
Համոզված եմ՝ անհրաժեշտ է հանրային լայն համախմբում՝ քրեակատարողական համակարգն արմատապես բարեփոխելու, կալանքի անհարկի կիրառումը բացառելու և մարդու կյանքի ու արժանապատվության պաշտպանությունը պետության իրական առաջնահերթությունը դարձնելու համար։
Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և թիմակիցներին։ Պահանջում եմ դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն։ Պետք է պարզվեն մահվան պատճառներն ու կալանքի որոշման հիմնավորվածությունը, ինչպես նաև իրավական գնահատական տրվի պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեց
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակ...
Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը
Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվե
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որ...