Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ այսօր որևէ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն այս կամ այն կերպ ազդում են նաև այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս իրենց ներազդեցությունն են ունենում այլ տարածաշրջաններում առկա իրավիճակի վրա։ Եվ այս առումով հատկապես ուշագրավ է, որ, օրինակ՝ Հարավային Ասիայում առկա իրավիճակը ազդում է նաև Հարավային Կովկասում ուժերի դասավորության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են Պակիստանի հետ։ Իսկ այդ համագործակցությունն ավելի խոր դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ 2021 թվականին երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ «Երեք եղբայրներ» կարգախոսով զորավարժություններ անցկացվեցին։

Իսկ վերջերս էլ Աստանայում տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պաշտպանական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր։ Տևական ժամանակ է, ինչ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցը։ Ու ամենավտանգավորն այն է, որ Պակիստանը ոչ միայն որոշակի չինական տեխնիկայի է տիրապետում, այլև միակ մահմեդական երկիրն է, որը միջուկային զենք ունի։ Բացի այդ, Պակիստանը բավական կուռ անվտանգային համակարգ է ստեղծել, որի արդյունքում էլ գեներալիտետը չափից ավելի մեծ ազդեցություն ունի երկրի ներքաղաքական գործընթացների վրա։

Ու պատահական չէ, որ ադրբեջանական մամուլում մշտապես քննարկումներ են ծավալվում Պակիստանի հետ փորձի փոխանակման, ինչպես նաև պակիստանյան սպառազինություններ՝ հատկապես կործանիչներ ձեռք բերելու վերաբերյալ։ Ուշագրավն այն է, որ եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը մտահոգություն են հայտնել արտատարածաշրջանային պետությունների որդեգրած՝ Հարավային Կովկասի ռազմականացման քաղաքականության վերաբերյալ։ Պարզ է, որ արտատարածաշրջանային ուժերի անվան տակ երեք երկրներն առաջին հերթին նկատի ունեն հենց Հնդկաստանին, որը սպառազինություններ է մատակարարում Հայաստանին։ Անկարան ու Բաքուն Քաշմիրի հակամարտության հարցում աջակցում են Իսլամաբադին՝ ընդդեմ Նյու Դելիի, Իսլամաբադն էլ իր հերթին աջակցում է Անկարային ու Բաքվին իրենց ձգտումներում։ Մյուս կողմից՝ Պակիստանը միակ երկիրն է, որը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը։ Հնդկաստանն էլ իր սպառազինությունների սպառման համար գնորդ գտնելու հետ մեկտեղ ձգտում է թույլ չտալ, որ Հարավային Կովկասում ուժեղանան Անկարա-Բաքու-Իսլամաբադ եռյակի դիրքերը։

Բայց, ի տարբերություն Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսլամաբադի համագործակցության, Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը դեռևս բարձր մակարդակի չէ։ Օրինակ՝ մինչև հիմա որևէ խոսք չկա համատեղ արտադրության կազմակերպման կամ միասնական զորավարժությունների անցկացման մասին։ Դիվանագիտական հարթության վրա ևս փոխգործակցությունն այնպիսի մակարդակի չի հասել, որ արտաքին հարթակում Հնդկաստանը կոնկրետ հանդես գա ի շահ Հայաստանի ձգտումների։ Համագործակցության հնարավորությունները շատ մեծ են, բայց դրանք չեն օգտագործվում։ Մյուս կարևոր պահն այն է, որ Անկարան ու Բաքուն, օգտվելով այն իրավիճակից, որ Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Չինաստանի հետ, փորձում են նաև այդ հողի վրա իրենց հարաբերությունները խորացնել Պեկինի հետ։

Իսկ Հայաստանը միայն ու միայն Արևմուտքի «պոչն է բռնել» ու բաց է թողնում Չինաստանի հետ համագործակցության հնարավորությունը։ Եվ ուշագրավ է, որ այդպես էլ ամենաբարձր մակարդակով Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներ չեն եղել, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այնինչ, Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է իր համագործակցությունը Չինաստանի հետ։ Դրա վկայությունն է նաև, որ Աստանայում Ադրբեջանի ու Չինաստանի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվեց ռազմավարական գործընկերության հաստատման մասին փաստաթուղթը։ Ավելին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ալիևին հրավիրեց Պեկին։ Այս համատեքստում հարկ է հաշվի առնել, որ Չինաստանն ընդամենը երկրորդական խաղացող չէ, այլ աշխարհում երկրորդ տնտեսությունն ունի, որը հավակնում է մի քանի տարի հետո դառնալ խոշորագույնը։

Բացի այդ, Չինաստանից կարելի է բազմաթիվ առաջադեմ տեխնոլոգիաներ ձեռք բերել, այդ թվում՝ սպառազինություն։ Մյուս կողմից էլ՝ Պեկինի քաղաքական ազդեցությունն աշխարհում շարունակում է աճել։ Բաց եթե Հայաստանը քայլ չի անում Չինաստանին ընդառաջ գնալու հարցում, ապա դա կատարելու է հակառակորդ Ադրբեջանը։ ՀՀ իշխանությունները չեն գիտակցում, որ Հայաստանի բարդ իրավիճակը պահանջում է բոլոր աշխարհաքաղաքական ուժերի հետ համագործակցություն։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan