«Սկսվում է աշխատանքի փուլը. բոլոր քննադատական սլաքներն ուղղվելու են մեծամասնությանը».

2018 թվականը կարելի է բնորոշել որպես քաղաքական տեսանկյունից ոչ ստանդարտ տարի, որովհետև տեղի ունեցան այնպիսի իրադարձություններ, որոնց ակնկալիքը, մեծ հաշվով, ո՛չ քաղաքական այն ժամանակվա իշխանությունն ուներ, ո՛չ էլ հասարակությունը: Ամփոփելով քաղաքական տարին՝ Մեր հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ, այնուամենայնիվ, հենց նշվածով էլ բացատրվում է հեղափոխական տարի հասկացությունը.

«Ապրիլյան, մայիսյան դեպքեր և երկու արտահերթ ընտրություններ: Քաղաքական գործընթացների տեսանկյունից բավականին հարուստ տարի ստացվեց: Իսկ արդյունքների մասին խոսելն, իհարկե, դեռ վաղ է, որովհետև քաղաքական գործընթացի գնահատումը վերջին փուլն է: Այսինքն՝ նախաձեռնում, մշակում, իրականացում և գնահատում: Հիմա մենք իրականացման փուլում ենք, և կարծում եմ, որ արդեն մի քանի ամիս անց կարելի է նախնական գնահատականներ տալ, թե այդ գործընթացներն իրենց հետևանքով որքանո՞վ են արդյունավետ»:

Էմիլ Օրդուխանյանի խոսքով, արդեն մոտավորապես նախանշվում է նաև, թե ինչպիսի խորհրդարան ենք ունենալու:

«Մի պահ ընդդիմադիր թևում երկու քաղաքական ուժերի «փոխհրաձգությունը» տեսանք: Հիմա այդ ամենը, կարծես թե, մեղմվեց: Հիմա, որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, ԼՀԿ–ի կողմից տեսնում ենք ավելի կոշտ դիրքորոշման որդեգրում «Իմ քայլը» դաշինքի նկատմամբ: Սա նկատելի է արդեն Երևանի ավագանու աշխատանքում»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է գալիք 2019թ.–ին իշխանության գործելաոճին, այն կարծիքներին, որ մարդկանց մոտ բացթողումների առումով այլևս չեն լինի այն վերապահումները, որոնք կային անցած 8 ամիսներին, քաղաքագետը նկատեց. «Այն պահից, երբ 7–րդ գումարման ԱԺ–ն կսկսի գործել, լինելու է բավականին բարդ և քաղաքական մեծ պատասխանատվություն կրելու մի շրջան, որովհետև նրանք արդեն ունեն ԱԺ–ում կայուն մեծամասնություն, և սկսվում է աշխատանքի փուլը: Այսինքն՝ իշխանություն ունենալու փաստն արդեն իսկ որոշակիորեն խոցելի է դարձնում քննադատությունների առումով, որովհետև տեղի ունեցած դրական կամ բացասական գործընթացների, կամ խոստումների չիրականացման հետ կապված բոլոր քննադատական սլաքներն ուղղվելու են հենց քաղաքական մեծամասնությանը: Այսինքն՝ բարձր լեգիտիմությունն ավելացնում է նաև հասարակության սպասելիքների նիշը և, բնականաբար, եթե նկատվեն, որ այդ սպասելիքները ոչ լիարժեք են կատարվում, ապա վստահաբար քննադատական ֆոն է առաջանալու: Կարծում եմ, որ պրոֆեսիոնալների համալրմամբ միայն հնարավոր կլինի այդ մեծ քաղաքական պատասխանատվությունը պատվով կատարել»:

Անդրադառնալով նաև կառավարման համակարգում օպտիմալացման քաղաքականությունը, ըստ որի՝ նախարարությունների թիվը կրճատվում է և որոշ նախարարություններ միավորվում են՝ քաղաքագետն ընդգծեց. «Այս հանգամանքը մասնակի դժգոհություններ է առաջացնում ու դժգոհությունների համար կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ. այսինքն՝ այլևս ամեն ինչ չի ընկալվում այն միանշանակությամբ, ինչպես ընկալվում էր նախկինում, և պատճառն էլ հենց այն է, որ արդեն տվյալ քաղաքական ուժը գործում է որպես լիարժեք իշխանություն և, բնականաբար, այդ քննադատություններին պետք է պատրաստ լինել, բայց հիմնավորումները պետք է լինեն ռացիոնալ, ոչ թե էմոցիոնալ տեսանկյունից»:

Էմիլ Օրդուխանյանը նշեց, որ, այնուամենայնիվ, գոնե մշակույթի նախարարության մասով խորը վերլուծությունների և քննարկումների անհրաժեշտություն կա. «Գուցե նաև վերանայեն ձևաչափը, որովհետև մշակույթի նախարարությունն առհասարակ զարգացած պետությունների համար շատ կարևոր դերակատարություն ունի, որովհետև ամեն ինչ սկսվում է մշակույթից՝ նաև քաղաքականությունը»:

2019 թ. կարևորագույն ուղղություններից ու անելիքներից խոսելով՝ Է. Օրդուխանյանը հարցերը ներքաղաքական ու արտաքին քաղաքականության սպեկտրներով դիտարկեց. «Ներքաղաքական դաշտում անելիքը հետևյալը պետք է լինի. անձնավորված լեգիտիմությունը պետք է փոխանցել ինստիտուտներին: Ես սա համարում եմ որպես կարևոր գործողություն ու անհրաժեշտություն, քանի որ պետությունները, որպես համակարգ, միայն այդ ճանապարհով են կարողանում զարգանալ: Երկրորդ՝ տեսնում ենք, որ արտաքին քաղաքականության մեջ կրկին օրակարգային են լինելու նույն հարցերը՝ ՀԱՊԿ, Արցախյան հիմնախնդիր: Այս հարցերում պետք է շատ զգոն լինել և լինել բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերի համատեքստում: Սա շատ կարևոր եմ համարում թե՛ ՀԱՊԿ շրջանակներում, թե՛ Արցախյան խնդրի առումով, որովհետև տեսնում ենք, որ մարտահրավերները սրվում են, ավելի ուղղորդված են դառնում նաև վերջին իրադարձությունները՝ կապված նշված հարցերի հետ»:

դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված