Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկները

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նախարարությունից հայտնում են, որ ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության միջեւ պայմանավորվածության՝ Միության կողմից ձեւավորված փորձագիտական խումբը պետք է մշակի եւ վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։

Ներկայացվող առաջարկությունների շնորհիվ Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր եւ շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության եւ թե՛ գործարար համայնքի համար։

Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների եւ գործարարների միության անդամները, այլեւ մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխության հայեցկարգային փաստաթղթի նախագիծը։

Նախարար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկվել են փաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր, որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին եւ այլն։

Քննարկմանը մասնակցել են նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված