Գու­ցե թե մի օր զոր­քը հա­վաք­վի մի­այն ժեն­գյա­լով հա­ցի հա­մար

 Կիռնանջուկ, թրթնջուկ, ճռճռուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ… թվարկում է տիկին Սիրվարդը, բայց տեսնելով մի քանի տասնյակ զարմացած հայացքներ՝ կեսից դադար տալիս: Տիկին Սիրվարդը արցախյան բարբառով թվարկում էր կանաչիների տեսակները՝ արդեն համեմված աղով, պղպեղով ու այն սիրով, որով մի քանի րոպեից պետք է պատրաստեր հերթական, բայց ոչ վերջին ժենգյալով հացը:

Սիրով ու համեղ

Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում «Ժենգյալով հացի» փառատոնն էր, որին մասնակցում էր նաև գյուղի բնակիչ տիկին Սիրվարդը: Մեկնարկից արդեն ժամեր էին անցել, բայց նա արդեն հազարավոր հացեր էր թխել: Ու թեև բավականին ժամանակ էր անցել, բայց հերթը մի ամբողջ «զորք» էր հիշեցնում: Տիկին Սիրվարդի տաղավարն այդ առումով բացառություն չէր: Բայց նա չէր հոգնել: Ե՛վ գրտնակում էր, և՛ լցնում կանաչին, և՛ հասցնում թխել ու այդ ամենի հետ մեկտեղ ցանկացողներին իսկական «մաստեր-կլաս» ցույց տալ:

«Սկզբում ժենգյալները հավաքում ենք, հետո մի լավ լվանում, կտրատում ու թխում»,«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Սիրվարդը:

Շարունակելով թխել՝ հավելում է. «Պատրաստման մեջ երեք պարտադիր պայման կա. առաջինը՝ սիրով պիտի պատրաստես, երկրորդը՝ ամեն ինչ պիտի շատ մաքուր լինի, երրորդն էլ՝ համով: Շատ համով է՝ բնական, տնական ու սննդարար: Շատ ուտեստների բաղադրատոմսերն ու եփելու եղանակները ժամանակի ընթացքում փոխվել են, բայց սա չի փոխվում՝ դարեր շարունակ է պահպանվել»:

Մի քանի տաղավար այնկողմ տիկին Տաթևն է՝ կողքին հարսը և տեգրոջ կինը: Ընտանիքի մյուս անդամների շարքը շարունակվում է՝ ըստ հերթականության ու թխման գործընթացում ունեցած դերի: Տիկին Տաթևը մի կողմից փորձում է ղեկավարել «անվերահսկելի» իրավիճակը, մյուս կողմից թխում ու անգամ հասցնում շեշտել

«Մենք «երկու տեգոր կնոջ» նման չենք… կանաչի կա, ուղղակի չենք հասցնում»: Շարունակելով՝ ընդգծում է. «Անցած տարի մենք էլ ենք ուղղակի հերթ կանգնել՝ մյուսները թխել են, մենք կերել, էս տարի մենք էլ որոշեցինք թխել»:

Աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը

Տիկին Տաթևի խոսքերը պատահական չեն: «Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնող խմբի ղեկավար Սամվել Միրզախանյանը նշում է, որ անցած տարի տեղի ունեցած փառատոնին տաղավարներն ընդամենը 15-ն էին, այս տարի արդեն 130-նն են: «Կարծրատիպեր կային, շատերը կաշկանդվում էին տեղում թխել: Աստիճանաբար կոտրում ենք կարծրատիպերը, և մարդկանց մեջ ամրապնդվում է այն գաղափարը, որ տնային տնտեսուհին ևս կարող է ձեռքի աշխատանքի շնորհիվ միջոցներ հայթայթել ու կրել համայնքը պատշաճ մակարդակով ներկայացնելու պատասխանատվությունը»:

Սամվելը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է այն պահից, երբ ընկերոջից ստացել է Արցախում զբոսաշրջիկներ ընդունելու առաջարկը. «Առիթը բաց չթողնելով՝ Արցախում փորձեցինք զարգացնել ագրոէկոտուրիզմը: Հաթերքի ճանաչելիությունը մեծացնելու համար որոշեցինք կազմակերպել խոշոր միջոցառումներ, որոնց կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ»,-պատմեց նա:

Ըստ ընկերոջ առաջարկի՝ զբոսաշրջիկները գիշերակացը պետք է անցկացնեին բնակիչների տներում: Մեր զրուցակցի խոսքով, եթե սկզբում մարդկանց համար մի փոքր խորթ էր նշվածը և չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ընդունեին զբոսաշրջիկներին, այսօր արդեն պատկերն այլ է. «Տասնյակ ընտանիքներ արդեն հարյուրավոր մարդկանց են ընդունել: Փառատոնն այդ առումով ևս բացառություն չէ, Հաթերք ժամանած հյուրերի գիշերակացը հենց գյուղում է կազմակերպվել: Մեզ մոտ երեք հյուրատուն կա: 2 օրվա ընթացքում մեծ թվով զբոսաշրջիկներ են հյուրընկալվել, իսկ մարդկանց պատրաստակամությունն ուղղակի ոգևորում է»:

Սամվելը նշեց, որ փառատոնն այս տարի նվիրված է մայիսյան Եռատոնին. «Այստեղ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը, որն ավելի քան 3 մետր է: Այն հավակնում է գրանցվել Գինեսի գրքում, իսկ հայկական Դյուցազնագրքում արդեն գրանցվել է: Հացը միասնական ուժերով է թխվում, և այդ գործընթացում ընդգրկված են տարբեր շրջաններից եկած մարդիկ: Միասնական ուժերով պատրաստված այս գործը կկոչվի «Հաղթանակ» ու կնվիրվի մայիսյան հաղթանակներին: Ժենգյալով հացը մեր արցախյան ազգային բրենդն է, որը պետք է փայփայել և օգտագործել որպես այցեքարտ»:

Կարծրատիպեր են կոտրում

Հաթերքն Արցախի ամենահին բնակավայրերից է՝ 2500 տարվա պատմություն ունի: Մեր զրուցակցի խոսքով, գյուղն ունի հզոր պոտենցիալ, ինչը թեև մինչ այս չէր օգտագործվում, բայց այսօր Հաթերքի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա:

Անդրադառնալով տուրիստական հոսքերի վերաբերյալ «Փաստի» հարցին՝ մեր զրուցակիցը նշեց, որ Հաթերքն ավանդական տուրիստական երթուղիներից դուրս էր. «Բայց նախաձեռնության միջոցով սկսվեց շրջանառվել գյուղի անունը: Նախորդ տարվա փառատոնից հետո եկել են զբոսաշրջիկներ, որոնց այցը պայմանավորված չի եղել զուտ գովազդով: Նրանք ուղղակի լսել են Հաթերքի մասին ու եկել են տեսնելու այն: Նույնիսկ ունեցել ենք հյուրեր, որոնք եկել ու Նոր տարին Հաթերքում են նշել: Զբոսաշրջիկներին հատկապես ժենգյալով հաց թխելու գործընթացն է հետաքրքրում: Գոգնոցները կապում են ու քաղելուց մինչև թխելու գործընթացին անձամբ մասնակցում»:

Մեր զրուցակիցը համոզված է՝ Հաթերքն առաջիկայում ագրոէկոզբոսաշրջության կենտրոն է դառնալու: Իսկ Արցախում տուրիզմի զարգացումը խոչընդոտել ցանկացող ադրբեջանական կողմի ջանքերի վերաբերյալ մեր դիտարկմանն ի պատասխան Սամվելն այսպես արձագանքեց.

«Ովքեր Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե Արցախը կռվի դաշտ է: Այս կարծրատիպերը կոտրելու առումով դեռ անելիքներ կան: Երբ հետաքրքրվում էին փառատոնով, շատերն ասում էին՝ կարո՞ղ ենք գալ: Մարդիկ, որոնք Արցախում ընդհանրապես չեն եղել, մտածում են, թե այստեղ միայն կրակում են: Պետք չէ առաջնորդվել «սահմանին լարված է» հաճախ նաև սադրիչ վերնագրերով: Նման միջոցառումները նպաստում են, որ այդ կարծրատիպերը կոտրվեն: Այստեղ ժամանածները կգնան ու կպատմեն, թե ինչ խաղաղ է կյանքը, ինչպես է արցախցին շենացնում իր հողը և ինչ ամուր է կանգնած իր հողի վրա: Իսկ ամենակարևորը՝ հակառակորդը գիտի իր տեղը: Ոչ մի վտանգ այստեղ չի սպառնում: Արցախում մարդիկ ամուր կանգնած են հողին ու լի են համայնքները զարգացնելու պատրաստակամությամբ»:

Ճանապարհների հարցն էլ կլուծվի

Համայնքները զարգացնելու կարևոր նախապայմաններից մեկն էլ բարվոք ճանապարհներն են, բայց Հաթերք հասնելու ճանապարհն այդ առումով այդքան էլ հարթ չէր: Ս. Միրզախանյանը շեշտեց, որ այժմ ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվում՝ խնդիրը շուտով լուծում կստանա. «Անցած տարի շատ նեղլիկ ճանապարհ էր գյուղ բերում, ընդամենը մեկ-երկու մեքենա էր կարողանում անցնել: Այս տարի արդեն իրականացվում է ասֆալտապատման ծրագիրը: Մնացել է վերջին 5 կիլոմետրը»:

Եթե ճանապարհներն այսօր չեն խանգարում բազմաթիվ զբոսաշրջիկներ ընդունել, կարելի է միայն ենթադրել, թե ինչ կարող է լինել դրանք վերանորոգելուց հետո: Չի բացառվում, որ անգամ զբոսաշրջիկները սովորեն Արցախի բարբառն ու անգիր իմանան ժենգյալով հացի կանաչիների անվանումները: Երևի մի օր զորքը կհավաքվի բացառապես ժենգյալով հացի հերթի համար, իսկ տիկին Սիրվարդն էլ բոլոր կանաչիների անուններն առանց դադարի կթվարկի:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված