Ո՞րն է հա­մա­տեղ ամուս­նա­կան կյան­քի ժա­մա­նա­կաշր­ջա­նը

«Փաստ» օրաթերթը շարունակում է ներկայացնել «Ճանաչեք և պաշտպանեք ձեր իրավունքները» խորագիրը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացիները չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ իրազեկված չեն, իսկ երբեմն էլ որոշ պետական հիմնարկներ էլ ավելի են շփոթեցնում նրանց:

Օրաթերթը, համագործակցելով ՀՀ փաստաբանների պալատի հետ, հանրային իրազեկման արշավ է կազմակերպում, որը կօգնի մեր քաղաքացիներին իմանալ և պաշտպանել իրենց իրավունքները: Նշենք նաև, որ յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակն անվճար խորհրդատվություն է տրամադրում ՀՀ բոլոր քաղաքացիներին:

«Փաստ» թերթի խմբագրությանը հարցով դիմել է Հարություն Սիմոնյանը (անուն-ազգանունը փոփոխված է- խմբ.):

-Ես և կինս եկեղեցով ամուսնացել և հարսանիք ենք կազմակերպել 2010 թվականին, իսկ զագսում մեր ամուսնությունը գրանցել ենք 2013 թվականին։ Մինչ ամուսնության գրանցումը համատեղ ապրել ենք 3 տարի: 2012 թվականի ամռանը ձեռք եմ բերել ավտոմեքենա։ Այժմ, երբ ցանկանում եմ ամուսնալուծվել, կինս պահանջում է, որպեսզի բաժանենք նաև այդ ավտոմեքենան՝ պատճառաբանելով, որ այն համատեղ կյանքի ընթացքում ենք ձեռք բերել։ Արդյոք այն կարո՞ղ է համարվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք։

Հարցին պատասխանում է փաստաբան Աննա Տոնոյանը:

Զույգերը համարվում են ամուսնացած միայն ՔԿԱԳ մարմիններում (զագսում) նրանց ամուսնությունը գրանցելու պահից` անկախ այն հանգամանքից, թե երբ են կատարել իրենց հարսանեկան արարողությունը, և, մինչև ամուսնության գրանցումը, որքան ժամանակ են համատեղ կյանք վարել։

Այսպես, ամուսնությունը կնքվում է ՔԿԱԳ մարմիններում (զագսում)՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ամուսնության պետական գրանցման պահից։

Հետևաբար, մինչ ամուսնության գրանցումը ձեռք բերված ցանկացած գույք, այդ թվում նաև Ձեր կողմից գնված ավտոմեքենան, հանդիսանում է Ձեր սեփականությունը և չի կարող համարվել համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք՝ անկախ այն հանգամանքից, թե Ձեր միջև երբ են կատարվել ամուսնական արարողությունները և երբվանից եք սկսել համատեղ կյանք վարել։

Հարկ է նշել նաև, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը ևս չի համարվում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույք, և այն հանդիսանում է ժառանգություն կամ նվեր ստացած ամուսնու սեփականությունը, իսկ ամուսնալուծության ժամանակ ենթակա չէ բաժանման:

Միևնույն ժամանակ նշենք, որ ամուսնության ընթացքում (ՔԿԱԳ-ով գրանցում) ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած և նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը: Եթե իրավատեր ամուսինը հրաժարվում է համատեղ դիմում ներկայացնել, ապա դա ենթակա է կատարման դատական կարգով՝ իրավատեր չհանդիսացող ամուսնու հայցադիմումի հիման վրա:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված