Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Նոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումՍամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում
Քաղաքականություն

Ընկնելով պատմության հետևից

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը


Վերջին տարիներին շատերիս մոտ ամրապնդվում է այն միտքը, որ պատմությունը կրկնվում է: Գուցե՞ նախորդ տարիների մեր ցավագին փորձն է առավել ցայտուն դարձրել մեր հավաքական գենետիկ հիշողությունը, իսկ կարո՞ղ է անցյալը կրկնվում է, որովհետև ինչ-որ պահի մոռացել ենք պատմության դասերը: Պատմությունն անցյալի զուտ ժամանակագրական նկարագրություն չէ, այն կենդանի և դինամիկ գիտություն է, մշտապես առանցքային լինելով ներկայի ըմբռնման համար: Միայն անցյալը կարող է լուսաբանել և պարզաբանել այն գործոնները և միտումները, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և ռազմավարական շրջանակները, որոնք կերտում են ներկան և, անշուշտ, կոչված են ձևավորելու ապագան: Անցյալ-Ներկա-Ապագա շարունակական և անխափան եռամիասնության գիտակցումը անշեղորեն ուղղորդել է բազմաթիվ ականավոր գործիչների՝ իրենց պետություններն ու հասարակություններն առաջնորդելու առաքելությունում՝ պատմության ինչպես խաղաղ, այնպես էլ ճակատագրական փուլերում: Մինչդեռ այսօրվա Հայաստանում պատմությանը վերաբերվում են ճիշտ հակառակ կերպ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախաշեմին թուրքական լսարանի համար ականջահաճո հայտարարություն արվեց առ այն, որ «անցյալում մնալը շատ հեշտ» մոլորություն է և ճիշտը` նայելն է դեպի ապագա, թողնելով անցյալը անցյալում: Սույն մոտեցման սերուցքը այսպես կոչված «գաղափարական տրանսֆորմացիան» է, որը տարանջատել և հակադրել է Պատմական և Իրական Հայաստանը, Հայրենիքն ու Պետությունը, Ազգայինն ու Պետականը, Արցախն ու Հայաստանը: Անցյալն անցյալում թողնելու ջատագովներն բառացիորեն ընկել են պատմության հետևից, անդրդվելիորեն ձգտելով վերբեռնել մեր հավաքական հիշողությունն ու աշխարհընկալումը: Հայ ժողովրդի պատմության, Հայոց ցեղասպանության և Արցախյան ազատամարտի նենգափոխման տխրահռչակ միտումներին վերջերս ավելացել է Հայրենական մեծ պատերազմի «նորարարական» վերաիմաստավորման փորձը։ Սեփական պատմության և ազգային գաղափարական հիմքերի այս հետևողական և անխնա քայքայումն, իմ կարծիքով, ունի տարբեր պատճառահետևանքային նախադրյալներ, սակայն կցանկանայի առանձնացնել հետևյալ երեքը.

ա/ Պատմությունը բացահայտել է հեղափոխությունների երկաթյա օրենքը. հաջողություն հասնելու համար կենսական է տիրանալ մարդկանց մտքերին ու սրտներին: Նոր գաղափարախոսությունների հաղթարշավի շնորհիվ տեղի ունեցան Ֆրանսիական և բոլշևիկների հեղափոխությունները, ինչպես նաև նացիստների իշխանազավթումը Գերմանիայում և բազմաթիվ այլ օրինակներ: Ժողովրդական էյֆորիան՝ լցված պայծառ ապագայի ակնկալիքով, անհրաժեշտ միջավայր էր ստեղծում նախկին իշխանություններից ազատվելու համար՝ դրա հետ մեկտեղ արմատախիլ անելով նախկին վարչակարգերի օրոք հասարակությանը միավորող և պատմական փորձից ձևավորված արժեհամակարգն ու գաղափարախոսությունը։ 2018 թվականը լեցուն էր անհիմն խոստումներով, բայց զուրկ էր գաղափարական լուրջ հիմնավորվածությամբ զինված պետության զարգացման այլընտրանքային տեսլականից: Կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, արդարությունը և խաղաղությունը որքան կարճաժամկետում գրավիչ կարող էին լինել զանգվածների համար, այնքան պետք է անխուսափելիորեն ցույց տային միջնաժամկետում իրենց սնանկությունը՝ պետության ռազմավարության տեսանկյունից: Ամփոփելով կարելի է ասել, որ 2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն և, չնայած Եկեղեցու և Արցախի վրա որոշակի երկչոտ հարձակումներին, նոր իշխանությունները դեռ պատրաստ չէին հարվածելու մեր պատմական և գաղափարական արմատներին։

բ/ 2020 թվականից հետո անցած տարիները ցույց են տվել, որ հակառակորդին հետևողականորեն հաջողվում է մեզ պարտադրել իր կամքը, ինչը ցանկացած պատերազմում ամենադժվար նպատակն է։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունները արդեն իսկ ընդունել են «հաղթողների» կամքը՝ թաքնվելով պատրանքային խաղաղության հետևում: Անցած ժամանակաշրջանում միակողմանի զիջումները և խոսույթը հիշեցնում են պատմական այն հաստատումը, որ «ուժեղն անում է այն, ինչ կարող է, իսկ թույլը տառապում է այն, ինչ պետք է»: Մենք հասել ենք մի օրհասական կետի, երբ մեր հավաքական գիտակցությունն ու դիմադրողականությունը ցանկանում են ենթարկեցնել թշնամու քմահաճույքին, և այս նպատակով սկսել են վերանայել մեր պատմության ամենանվիրական փուլերը, որոնք սնուցում են մեր ազգային կամքն ու տոկունությունը։ Ինչպես 1938 թվականին Մեծ Բրիտանիայի վարչապետ Նեվիլ Չեմբերլենն էր հայտարարում, որ բերել է պատվաբեր խաղաղություն, որը «խաղաղություն է մեր ժամանակի համար», այնպես էլ Հայաստանում հայտարարում են, որ լուծել են ռազմավարական մարտահրավերն ու պատերազմ չի լինելու: Բրիտանիան և ողջ Եվրոպան չվայելեցին խաղաղությունը, քանի որ պատմության և արտաքին քաղաքականության սխալ ընկալման պատճառով արևմտյան ղեկավարներն ակամա քաջալերեցին նորանոր պատերազմներ մղելու Հիտլերի վճռականությունը: Հայատյացության մեջ թաղված Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ խաղաղ գոյակցության՝ չնայած միջազգային ոգեշնչող հայտարարություններին։ Որքան անշրջելի լինեն մեր զիջումներն ու թուլանա ազգային կամքը, այնքան սաստկանալու են Բաքվի պահանջներն ու աճելու է աշխարհաքաղաքական ախորժակը:

գ/ Առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ: Ցանկացած կառավարության խնդիրն է պահպանել իշխանությունն ու վերարտադրվել: Իշխանությունը պահպանվում է քարոզչության միջոցով, որն ապահովում է հանրության հետ քիչ թե շատ ներդաշնակ և համերաշխ համակեցությունը, իսկ վերջինիս տապալման պարագայում օգտագործվում է ուժը: Ինչպես Քիսինջերն է նշել, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները «պետք է ապավինեն բիրտ ուժի՝ ինքնահաստատվելու համար», որի միջոցով ընդունվում է իրենց հեղինակությունն ու լեգիտիմությունը: Վերջին տարիներին Հայաստանում ականատեսն ենք եղել մի իրողության, թե ինչպես պաշտոնական քարոզչության ձախողման պայմաններում օրվա իշխանությունները պարբերաբար դիմել են ուժային միջոցների: Նման դժվարին ժամանակներում անհրաժեշտ է փոփոխվող միջավայրին մեր նպատակներն ու միջոցները հարմարեցնող հմուտ և խոհեմ առաջնորդություն։ Հատկապես ժողովրդավարական պետություններում իմաստուն ղեկավարությունը միավորում է իր քաղաքացիներին համոզիչ և խելացի պատմություն-տեսլական հաղորդելու կարողությամբ: Առաջնորդությունը փոխհարաբերությունների մասին է, այն իմաստ ունի միայն հետևորդներ ունենալու պարագայում: Եվ վերջապես, եթե ​​քաղաքական գործիչները ձախողվում են ներքին քաղաքականությունում, նրանք կորցնում են հեղինակությունը արտերկրում. նրանց արտաքին քաղաքականությունն ու ռազմավարությունը ուղղակիորեն դառնում են հանրային աջակցության պատանդը: Գործող իշխանությունների հետևորդների երբեմնի ստվար բանակը անխուսափելիորեն փոշիանում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ընտրություններում միայն ուժին ապավինելով հաղթելու հավանականությունը խիստ կասկածելի է: Հետևաբար, մեր բոլոր դժբախտությունների և սխալների «բուն պատճառների»` մեր պատմության, արժեքային համակարգի և աշխարհընկալման «խմբագրումը» վերջին հուսահատ փորձն է հասարակությանը համոզելու ընդունել այսպես կոչված «գաղափարական վերափոխումը», ինչի արդյունքում կվերականգնվի իշխանություն-հետևորդներ կապը և կերաշխավորվի հաղթանակը հաջորդ ընտրություններում:

Որպես վերջաբան. պետք է գիտակցել, որ պատմությունը երբեք չի ներկայացնում անցյալի, ներկայի և ապագայի փոխկապակցվածությունը գծային տրամաբանությամբ, ուստի հարկավոր է զգուշանալ արհեստական և մակերեսային պատմական անալոգիաներից։ Պատմությունը և այն կերտող Ժողովուրդը միշտ ապացուցել են, որ ավելի իմաստուն ու համբերատար են, քան ցանկացած քաղաքական, հասարակական գործիչ և կարող են պատմական ապտակ տալ նրանց, ովքեր ընկնում են անցյալի հետևից ու նենգափոխում են այն՝ հարմարեցնելով իրենց կարճաժամկետ նպատակներին: Պատմությունը լի է այդպիսի օրինակներով:

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ