Այդպե՞ս է ՆԱՏՕ-ն պատասխանում Հայաստանին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի պաշտպանության նախարարների հոկտեմբերի 22-ի հանդիպումից հետո կոչ է արել Թուրքիային օգտագործել ազդեցությունը Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու համար:
Ստոլտենբերգի կոչին նախորդել էր Հայաստանի նախագահի այցը Բրյուսել եւ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Չի բացառվում, որ կոչն այդ հանդիպման արդյունք է: ՆԱՏՕ-ն իր անդամ Թուրքիայի վրա ազդեցություն ունի՞, թե ոչ: Օրինակ, չնայած ՆԱՏՕ-ի հորդորներին, Էրդողանը շարունակեց Ռուսաստանի հետ C 400-ների գործարքը: Մյուս կողմից, դժվար է վստահաբար պնդել, թե ՆԱՏՕ-ի համար այդ գործարքը աներկբա մերժելի էր:
Ի վերջո, եթե դաշինքն ազդեցություն ունի Թուրքիայի վրա, ապա փաստացի հասանելիության տիրույթում է հայտնվում ռուսական հակաօդային պաշտպանության գովական տեխնոլոգիան, ինչը կարող է ՆԱՏՕ-ի համար դառնալ ուսումնասիրության առարկա: Ըստ այդմ, միարժեք պնդել, թե գործարքի դեմ ՆԱՏՕ-ի հայտարարություններն արտացոլում էին իրական պատկերը, թերեւս չարժե:
Այդուհանդերձ, ցանկության դեպքում, կարո՞ղ է ՆԱՏՕ-ն ազդել իր անդամ Անկարայի վրա եւ դադարեցնել պատերազմը Կովկասում: Այստեղ էական է, թե ՆԱՏՕ-ի անդամներից ինչպես է տրամադրված առանցքայինը ԱՄՆ-ն: Մեծ Բրիտանիայի հետախուզության նոր պետն, ինչպես հայտնի է, Էրդողանի մտերիմն է: Գերմանիան, որը չնայած ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի կոչերին, չի դադարեցնում զենքի վաճառքը Թուրքիային, նույնպես հարաբերական գործոն է:
Այդպիսով, ակնհայտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ինքնին ի վիճակի է ազդեցիկ լինել Թուրքիայի համար, բայց ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Իսկ այդպիսի ընդհանուր հայտարարար կարծես թե չկա, հաշվի առնելով նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն ուղիղ չի էլ քննարկել արցախյան պատերազմը, որ սանձազերծել է իր անդամ Թուրքիան:
Մյուս կողմից, քանի դեռ Թուրքիայի այդ քայլը համարժեք գնահատված եւ դատապարտված չէ, անգամ չխոսելով արգելակման մասին, ՆԱՏՕ-ն ինքը դառնում է դրա մեղսակից: Իսկ տվյալ պարագայում ոչ միայն պատերազմի մեղսակից, այլ նաեւ միջազգային ահաբեկության, քանի որ Թուրքիան Կովկաս է բերել ահաբեկիչներին:
Այդ պարագայում, արդյոք չարժե, որպեսզի Հայաստանը մտածի ՆԱՏՕ-ի հետ գործակցության ձեւաչափերում իր ներգրավվածությունը սառեցնելու մասին: Հայաստանը գործնականում եղել է ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը, չնայած այն հանգամանքին, որ ի տարբերություն հետխորհրդային որոշ երկրների՝ չի ձգտել դաշինքի անդամակցության կամ չի երդվել այդ անունով:
Ավելին, լինելով Ռուսաստանի հետ անվտանգային, տնտեսա-քաղաքական սերտ փոխկապակցվածության մեջ, Հայաստանը կարողացել է բավական արդյունավետ գործակցել նաեւ Եվրատլանտյան դաշինքի հետ, մասնակցել խաղաղարար առաքելությունների, տարբեր ծրագրերի, նախաձեռնությունների, զորավարժությունների:
Եվ, էլ ավելին՝ Հայաստանը չլինելով անդամության ձգտող կամ ՆԱՏՕ անունով երդվող, եղել է դաշինքի հետ գործակցող հետխորհրդային՝ ռազմական մասնագիտական եւ գործնական մարտունակության առումով ամենապատրաստված գործընկերը:
Ի՞նչ է ստանում Հայաստանը դրա դիմաց: Միջազգային ահաբեկություն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի իներտ ու հերթապահ հայտարարություններ:
Ու դա էլ այն պարագայում, որ Հայաստանը չգնաց ՆԱՏՕ-ի հետ հարաբերության դինամիկայի վերանայման անգամ այն բանից հետո, երբ հենց ՆԱՏՕ-ի սեմինարի շրջանակում հայ սպային գլխատեց ադրբեջանցի վայրագ Սաֆարովը, սակայն դարձյալ՝ որոշ հերթապահ քայլերից բացի, դաշինքը որեւէ կերպ չարձագանքեց կատարվածին քաղաքական համարժեքությամբ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»