Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու թեման Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում. 23 նոյեմբեր, 2022թ, Երևան
Ռուբեն Վարդանյանին Բաքվից ազատելու հարցում չպետք է հույսեր կապել Ռուսաստանի հետ, քանի որ նրա Արցախ տեղափոխվելու, պետնախարար նշանակվելու հետ Կրեմլը որևէ առնչություն չի ունեցել, ինչքան էլ լինեն հակառակ պնդումներ:
Նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին անգամ Հայաստան է այցելել 2022թ. նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Պուտինը Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրվել է Արցախում առկա վիճակով, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Բաքուն ավելի է կոշտացրել դիրքորոշումը՝ պայմանավորված Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և պետնախարար նշանակվելու իրողությամբ:
Պուտինը դա ընկալել է Ռուսաստանի հասցեին դժգոհության ակնարկ և միանգամից ընդհատել Փաշինյանին, ասելով, որ Ռուսաստանը Վարդանյանի Ղարաբաղ տեղափոխվելու հետ որևէ կապ չունի:
Դառնալով հանդիպմանը ներկա իր երկրի երեք կարևոր գերատեսչությունների ղեկավարներին՝ այդ թվում՝ ՊՆ և ԱԳՆ նախարարներ Շոյգույին և Լավրովին, Պուտինը մեկ-մեկ հարցնում է արդյոք նրանք կապ ունե՞ն պարոն Վարդանյանի նշանակման հետ: Բոլորի պատասխանը նույն էր՝ ոչ, բացառությամբ Լավրովի, ով բացատրում է, որ ռուսական ԱԳՆ-ն ուղղակի տեղյակ է պահվել Վարդանյանի Ստեփանակերտ տեղափոխվելու հետ և միայն այդքանը:
Չբավարավելով այս խոսակցությամբ, հանդիպման ընթացքում որոշվում է տեղում հրավիրել այդ օրը Երևանում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Վերջինս միանում է հանդիպմանը: Վլադիմիր Պուտինը մի քանի նախադասությամբ հարցուփորձ է անում հենց Հարությունյանից Ղարաբաղում տիրող վիճակի մասին: Արայիկ Հարությունյանը նշում է, որ Ռուբեն Վարդանյանին ինքն է հրավիրել Արցախ և նշանակել պետնախարար:
Այս հանդիպումից ուղիղ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում կայացած Լավրով-Բայրամով համատեղ ասուլիսում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն անդրադարձան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Սերգեյ Լավրովն ասաց, որ Վարդանյանը Ռուսաստանի հետ որևէ առնչություն չունի. «Վարդանյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը նրան զրկել է քաղաքացիությունից։ Նրա Ղարաբաղ այցելելը որևէ կապ չունի Ռուսաստանի հետ»։
Այդ հանդիպման ընթացքում Բայրամովը Լավրովի ներկայությամբ ոչ կոռեկտ և դիվանագետին ոչ վայել բառապաշար օգտագործեց Վարդանյանի հասցեին:
Ակնհայտ էր, որ Բաքուն ամեն ինչ անելու էր՝ Վարդանյանին Արցախից հեռացնելու կամ նրան ապօրինաբար ձերբակալելու, ինչը տեղի ունեցավ օրեր առաջ Հակարիի անցակետում:
Ռուսաստանը դժվար թե օգնի և կամ ճնշի Բաքվին, որպեսզի Վարդանյանը դուրս գա ադրբեջանական գերությունից, քանի որ չափազանց սերտ են այսօր Մոսկվա-Բաքու կապերը:
Հետևաբար, այդ հարցում Հայաստանը և միջազգային հանրությունն է, որ կարող են որևէ բան անել: Հատկապես Հայաստանը, քանի որ Վարդանյանը ՀՀ քաղաքացի է, ինչպես Բաքվի բանտում պահվող շուրջ չորս տասնյակ հայերը:
Թաթուլ Հակոբյան
ԱՆԻ կենտրոն, 4 հոկտեմբեր, 2023թ
Հ. Գ. Մոտ մեկ տարի առաջ Երևանում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանի թեմային մենք տեղեկացված ենք եղել ավելի վաղ, սակայն հարկ չենք համարել այն հրապարակայնացնել: Այդ հանդիպման ընթացքում մեր հիշատակած թեմայի իսկությունը ճշտել ենք հանդիպմանը ներկա 3 տարբեր աղբյուրից, որոնք գրեթե նույնությամբ մեզ պատմել են այն, ինչ նկարագրել ենք:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»