Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ապրելով Հայաստանում՝ երբեք չի կարելի մոռանալ, որ ապրում ես Հայաստանում: Այսպես սիրում էր կատակել իմ երեց գործընկերներից մեկը: Նա նաև հավելում էր, որ եթե հանկարծ որևէ պահի «մոռանաս» դա, ապա հաջորդ իսկ վայրկյանին դա քեզ կհիշեցնեն: Կարևոր չէ՝ ինչպես, բայց կհիշեցնեն:
Հարկավ, հիմա՝ առավել ևս, քանզի ունենալով Նիկոլ Փաշինյան՝ վարչապետի պաշտոնում, և նրա գլխավորած ՔՊ՝ որպես իշխող կուսակցություն, Հայաստանն, իր ներքաղաքական կյանքով հանդերձ, ապրում է ակտիվ հրաբխի վրա: Ցանկացած պահի ինչ ասես՝ կարող է պատահել: Կան կանխատեսումներ, որ առաջիկայում հնարավոր են ինչ-ինչ արտահերթ ներքաղաքական զարգացումներ: Կան կանխատեսումներ, որ ամեն ինչ ընթանում է դեպի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական հերթական ընտրություններ: Ամեն ինչ էլ հնարավոր է, կամ՝ ոչինչ չի կարելի բացառել:
Այդուհանդերձ, եկեք դիտարկենք հերթական ընտրությունների վարկածը, մանավանդ, որ մեր բուն ասելիքի բովանդակային շեշտադրման առումով, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ հերթակա՞ն, թե՞ արտահերթ զարգացումներ կարող են լինել:
Այ, օրինակ՝ կա տեսակետ, որ մարտի 30- ին Գյումրիում և Փարաքարում նշանակված ՏԻՄ (ավագանու) արտահերթ ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը (այլ ուժեր ևս) նախապատրաստվում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին: Դրա մեջ կա ճշմարտություն, բայց շատ մասնակի: Բանն այն է, որ առնվազն Նիկոլ Փաշինյանը համապետական ընտրություններին իրականում սկսել է նախապատրաստվել շատ ավելի վաղուց: Գյումրին ու Փարաքարը նրա համար պարզապես «միջանկյալ ստուգարք» կարելի է համարել:
Իսկ ի՞նչ են անում մյուսները, հատկապես՝ ընդդիմադիրները: Ի՞նչ մոտեցումներ կարող են հակադրել Փաշինյանին ու նրա՝ Հայաստանն աղետների ջրապտույտի մեջ ընկղմած թիմին: Խոսքը, իհարկե, ՏԻՄ-երի մասին չէ, այլ հիմիկվանից խորհրդարանական ընտրություններին պատրաստ լինելու: Ոչ պակաս կարևոր հարց է, թե ինչ սկզբունքներով, մոտեցումներով ու թեզերով է քաղաքական դաշտը առաջնորդվելու:
Առաջիկա ընտրությունների հետ կապված, թույլ տանք մեզ նկատել, ամենից կեղծ ու վնասարարը վաղուց ոմանց համար «մանտրա» դարձած մոտեցումն է՝ «ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին»: Մենք տեսնում ենք, որ նախ՝ աշխարհում ոչ մի խելամիտ հասարակություն, ոչ մի երկրի էլիտաների համախումբ նման մոտեցումներով չի առաջնորդվում: Եվ դա բնական է: Մեր պարագայում նման ձևակերպումը պարզապես նիկոլականության թաքնված դրսևորում է, որովհետև դա ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին ու նրա սատելիտ «քաղաքական ուժերին»:
Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ «ոչ»-ը պետք է բացառապես վերաբերի միայն ներկաներին ու նրանց կից մի քանի մանր-մունր միավորներին: Գործնականում այսօր դա հասարակության ամենատարբեր շերտերի միավորող առանցքային հանրային պահանջն է: Ուրեմն, իրական ընդդիմադիր դաշտի հիմնական համախմբումը (կոնսոլիդացիան) քաղաքական դաշտում պետք է լինի նախևառաջ հենց դրա շուրջ:
Այստեղ մեկ կարևոր հանգամանք. կոնսոլիդացիա ասելով՝ բացարձակ նկատի չունենք տարբեր ընդդիմադիր ուժերի և առաջնորդների «մեխանիկական» միավորումը: Դա անհնար է բոլոր առումներով՝ սկսած մենթալիտետից մինչև ամբիցիաներ և գաղափարներ: Խոսքը բովանդակային, սկզբունքային կոնսոլիդացիայի մասին է, որի առաջին էական բաղադրիչի մասին նշեցինք:
Ըստ այդմ, հարցերի այն խումբը, որի շուրջ անհրաժեշտ է որոշակի բովանդակային համախմբում, մեր կարծիքով, հետևյալ հարցերին է վերաբերում:
Առաջին՝ «ներկաների միանշանակ մերժում»: Այսինքն, պայքարի մեջ մտած ուժերը պետք է հրապարակավ հայտարարեն ու հանրության առաջ պարտավորվեն, որ ոչ մի պարագայում չեն համագործակցի Փաշինյանի ու նրա «սատելիտների» հետ, կտրականապես մերժում են Փաշինյանին ու նրա իշխանությունը:
Երկրորդ՝ բովանդակային համախմբում (կոնսոլիդացիա) պետք է լինի նաև պոպուլիզմի, ծայրահեղացման ու բևեռացման մոտեցումները մերժելու շուրջ: Այսինքն՝ իրապես ընդդիմադիր, ազգային ուժերը հստակորեն պետք է մերժեն թվարկված երևույթները, որոնց տուրք տալու հետևանքով մեր երկիրը հայտնվել է ընթացիկ փորձությունների հորձանուտում: Այստեղ, իմիջիայլոց նշենք, որ նմանապես մերժման են ենթակա արկածախնդրական մոտեցումները:
Մեծ հաշվով, այս երկրորդ կետով կընդգծվի, որ մերժվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այլև այդ իշխանության բովանդակային հենքը, պայմանական ասած՝ «նիկոլիզմը»: Այո, «նիկոլիզմը», որպես երևույթ, մեծապես հենց պոպուլիզմի, ծայրահեղության, ստախոսության, բևեռացումների ու արկածախնդրության խառնուրդ է՝ պարուրված համակողմանի անպատասխանատվությամբ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է այս վիճակին:
Երրորդ՝ պետք է պարզորոշ հայտարարվի երեսպաշտությունը մերժելու վճռականության մասին: Ի դեպ, որոշակի երեսպաշտություն է նաև վերը հիշատակված «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» մանիպուլ յատիվ թեզը:
Վերջապես չորրորդ. կա ևս մի կարևոր հարց, որը, մեր կարծիքով, պետք է դրվի պայքարի մեջ մտնող ուժերի առաջ՝ տալ հստակ քաղաքական գնահատականներ Նիկոլ Փաշինյանի 7 տարվա իշխանավարմանը:
Հասկանալի է՝ առկա վիճակից ելնելու իրատեսական ծրագիր ներկայացնելու, համապատասխան քայլերի մասին չենք նշում, քանզի ցանկացած ընտրություն ինքնըստինքյան դա ենթադրում է: Պարզապես պետք է թողնել միմյանց կսմթելու ընթացքը, որքան էր այն գայթակղիչ թվա, և զբաղվել կոնկրետ քաղաքականությամբ: Երկիրն այդքան ժամանակ չունի...
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»