Ի՞նչ են հուշում համաշխարհային տնտեսության ցուցանիշները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Աշխարհի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 2025 թվականի առաջին եռամսյակում տնտեսական անկում է գրանցվել 0,3 տոկոսի չափով՝ իջնելով 2024 թվականի վերջին երեք ամիսներին գրանցված 2,4 % աճից։ Սա ԱՄՆ-ի տնտեսության ամենավատ եռամսյակային ցուցանիշն է 2022 թվականի սկզբից ի վեր, երբ տնտեսությունը վերականգնվում էր COVID-ի համաճարակի ժամանակ ստեղծված իրավիճակից հետո: Եվրամիությունում ևս լճացած տնտեսական իրավիճակ է։
Եվրագոտում գտնվող տնտեսությունների աճն էլ 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել է ընդամենը 0,4 տոկոս։ Եվրոպայում առաջատար գերմանական տնտեսության մեջ առաջին երեք ամիսներին ընդամենը 0,2 տոկոս աճ է գրանցվել։ Ուկրաինական պատերազմից հետո հրաժարվելով ռուսական էժան էներգակիրներից՝ Գերմանիան տնտեսական մրցունակության կորուստ է ունեցել, ու դրան էլ գումարվում է ԱՄՆ-ի հետ առևտրային լարվածության անորոշ հեռանկարը։ Ակնկալվում է, որ Գերմանիան այս տարին կփակի ընդամենը 0,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։ Նույնպիսի լճացած իրավիճակ է նաև Ֆրանսիայի տնտեսության մեջ, որը այս տարվա առաջին եռամսյակում ընդամենը 0,1 տոկոս տնտեսական աճ է արձանագրել։
Իրավիճակը բարդ է նաև ԵՄ-ի ծայրամասային ու հարող տնտեսություններում։ Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, 2025 թվականին դեպի Արևմուտք ձգտող Մոլդովայի տնտեսական աճը չի գերազանցի նույնիսկ 1 տոկոսը։ Իսկ ինչ վերաբերում է մերձբալթյան երկրներին, ապա Եվրահանձնաժողովի կանխատեսումներով, այս երկրների աճը կկազմի 1 տոկոսից փոքր-ինչ ավելի։ Միայն Լիտվայի համար է, որ ավելի բարձր ցուցանիշ է կանխատեսվում՝ 2,6-3 տոկոս տնտեսական աճի սահմաններում։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ տնտեսական գոտուն, ապա իրավիճակը ավելի բարվոք է։ Չնայած պատերազմին ու Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին՝ ռուսական տնտեսությունն աննախադեպ դիմադրողականություն է ցուցաբերում։ 2024 թվականին Ռուսաստանը տարին փակեց բավական բարձր՝ 3,8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։ Իսկ այս տարի արդեն աճի տեմպերի որոշակի նվազում է նկատվում, բայց դրական բալանսը դեռ զգալի է։ Հունվար-փետրվար ամիսներին աճի ցուցանիշը հասել է 1,9 տոկոսի։ Կանխատեսվում է, որ ռուսական տնտեսությունը այս տարին կփակի 1,6 տոկոս տնտեսական աճով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսական աճի նվազումն ակնհայտ է՝ համեմատած անցյալ տարվա ցուցանիշների հետ։ Բայց գրանցվող արդյունքները, ի տարբերություն եվրոպական երկրների տնտեսություններում առկա իրավիճակի, դեռևս խոստումնալից են՝ առաջին եռամսյակի արդյունքներով կազմելով 4,1 տոկոս։ Ու զարմանալի է, որ այս իրավիճակում Հայաստանում խոսակցություններ են ծավալվում մեր երկրի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ անդամակցության հեռանկարի մասին այն դեպքում, երբ եվրոպական տնտեսություններում խոր լճացում է։
Ուշագրավ է, որ տնտեսական աճի մասով մեր տարածաշրջանում չեմպիոնը Վրաստանն է, որը 2025 թվականի առաջին եռամսյակում կարողացել է ապահովել 9 տոկոս տնտեսական աճ։ Նկատենք, որ անցյալ տարի էլ վրացական տնտեսությունը տարին փակել էր շատ բարձր՝ 9,4 տոկոս տնտեսական աճով։ Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանին հաջողվել է պահպանել տնտեսական բարձր աճի տեմպերը։ Ու նման իրավիճակը պատահական չէ, քանի որ վրացական իշխանությունները կարողանում են պահպանել արտաքին քաղաքական կուրսի հավասարակշռությունը և ոչ միայն զերծ մնալ աշխարհաքաղաքական ցնցումներից, այլև բարձր տեմպերով զարգացում ապահովել:
ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»