Հնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերը
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ մինչև այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։
«Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանի խոսքերն է մեջբերված ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բացահայտումը կարևոր վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ Զարդարյանի խոսքով՝ հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին պատկերացումները:
Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։
«Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։
Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։
Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ բեկորները։
Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։ Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել