«Ծնողներս չէին ցանկանում, որ ես դերասան դառնայի». Թելման Խաչատրյան՝ «հայկական կինոյի նոր տղան»
Զուսպ, բարի, մարդկային եւ ներողամիտ՝ այսպիսին է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից Լեոն, որն արդեն հասցրել է որակվել՝ որպես «հայկական կինոյի նոր տղա»: Հենց այս կերպարի շնորհիվ հեռուստադիտողը բացահայտեց նաեւ երիտասարդ դերասան Թելման Խաչատրյանին, որը թեեւ նախկինում էլ էր ծանոթ շատերին, բայց՝ որպես հաղորդավար: Թելմանն այսօր Instagram-ում ունի տարբեր ֆան-էջեր, իսկ փողոցում նրան հաճախ ժպտում են ու հետաքրքրվում, թե ինչ զարգացումներ են սպասվում իր մարմնավորած հերոսին: Թելմանն անկեղծորեն խոստովանում է՝ ինքն էլ տեղյակ չէ սերիալի հետագա զարգացումներից, բայց NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանը մի շարք բացահայտումներ է արել իր մասին՝ պատմելով հետաքրքիր անվան ընտրության, հաղորդավար դառնալու երազանքի, Թատերական ընդունվելու դժվար ճանապարհի, գործընկերոջ՝ Կարեն Ասլանյանի հետ արտաքին համեմատության եւ հարաբերությունների, ինչպես նաեեւ՝ առօրյա նախասիրությունների մասին:
Թելման, կցանկանայի, որ զրույցը սկսեինք Ձեր հետաքրքիր անվան ընտրությունից: Ո՞վ է Ձեզ այդպես անվանել:
Իրականում այդ պատմությունը որոշել էի չպատմել, համենայն դեպս՝ ոչ հիմա (ժպտում է): Բայց լավ, պատմեմ… Պապիկիս անունն է եղել Թելման, որն, ի դեպ, ասում էր, որ պարտադիր չէ իր անունով ինձ կոչել, բայց հայրիկս հենց այդ անվամբ էր ցանկանում ինձ կնքել, պապիկս էլ ասել է՝ լավ, եթե իմ ծննդյան օրը ծնվի, այդպես էլ կանվանեք, իսկ եթե ոչ՝ այլ անուն կընտրեք: Ու այդպես հետաքրքիր բան ստացվեց՝ ես ծնվեցի հենց պապիկիս ծննդյան օրը՝ մայիսի 8-ին: Խաչատրյան Թելման Անդրանիկի՝ պապիկս էր, ու նույն անունը կրում եմ այսօր ես՝ նրա անունը, ազգանունն ու հայրանունը փոխանցվել են նաեւ ինձ…
Հավատո՞մ եք անվան նշանակությանը մարդու ճակատագրի հարցում:
Իհարկե, պապիկի անունը կրելը կարծում եմ՝ պատվավոր է եւ պարտավորեցնող: Պապիկս բավականին հաջողակ մարդ է եղել՝ թե կյանքում, թե գործում… Հուսով եմ՝ փոխանցվել է (ժպտում է):
Ընտանիքում այլ դերասաններ կա՞ն:
Չէ, ընտանքումս դերասաններ չկան: Ես առաջինն եմ ու հուսով եմ՝ կլինեն դեռ շատերը (ծիծաղում է):
Այնուամենայնիվ, փոքր տարիքում հաղորդավար եք ցանկացել դառնալ: Ինչո՞վ էր պայմանավորված այդ երազանքը:
Երբ դեռ մանկապարտեզ էի հաճախում, ստացվում էր այնպես, որ ինձ միշտ տարբեր միջոցառումների ժամանակ հաղորդավարի կերպարն էր բաժին հասնում: Շատ լավ հիշում եմ, թե ինչպես էի փայլաթիթեղով բարձրախոս պատրաստում ու դրանով փորձում այդ հանդեսը վարել (ծիծաղում է): Ու դրանից հետո անգամ, երբ ճամբարում էինք հանդեսներ կազմակերպում, միշտ ես ու մեր բակից մի աղջիկ հաղորդավարներն էինք լինում: Դա շարունակվեց նաեւ քոլեջում, դպրոցում եւ համալսարանում, մինչեւ որ արդեն պրոֆեսիոնալ դաշտում հայտնվեցի:
Փաստորեն, մանկուց ակտիվ, թատերական կյանք եք ունեցել:
Հա, իրականում շատ էի ցանկանում թատերական խմբակ գնալ, բայց ստացվեց այնպես, որ ինձ չտարան այդպիսի խմբակ, որովհետեւ ծնողներս չէին ցանկանում, որ ես դերասան դառնայի: Մինչեւ Թատերական ինստիտուտ ընդունվելս դեմ էին այդ որոշմանս…
Իսկ ի՞նչ մասնագիտության մեջ էին Ձեզ տեսնում:
Անկեղծ՝ չգիտեմ, բայց ամեն դեպքում՝ ոչ այս ոլորտում: Ընտանիքս մինչեւ վերջին պահը չի իմացել, որ ես պարապում եմ Թատերական ինստիտուտի համար: Երբ եկավ քննությունների շրջանը, այդ ժամանակ հասկացան…Ի դեպ, երկու ամսվա ընթացքում եմ սկսել ընդունելության համար պարապել ու որոշել էի, որ եթե անվճար ընդունվեմ, կշարունակեմ ուսումս այնտեղ, եթե ոչ՝ չեմ շարունակի: Երբ գնում էի քննությունների, ծնողներս էլ, ինչպես դե ընդունված է, գալիս էին ինձ հետ: Ես միշտ ամենավերջինն էի մտնում, բայց ամենաբարձր միավորներով ընդունվեցի ինստիտուտ, ու այդպես սկսեցին հասկանալ ու հավատալ իմ որոշմանը:
Մտքի ուժին հավատո՞ւմ եք: Ինչպես նշեցիք՝ փոքր տարիքում երազել եք հաղորդավար դառնալու մասին ու դարձել եք: Չնայած ընտանիքը դեմ էր՝ դարձաք նաեւ դերասան…
Միշտ… Իրականում ես երբեմն վախենում եմ մտածել շատ բաների մասին, քանի որ իմ կյանքում ստացվել է այնպես, որ իմ ցանկությունները միշտ իրականություն են դարձել: Երեւի շատ եմ երազում, շատ եմ մտածում ու միշտ ներքուստ հավատում եմ… Ու հիմա վախենում եմ շատ բաների մասին մտածել, որոնք կարող են դառնալ իրականություն (ծիծաղում է):
Թելման, Ձեր հարցազրույցներում նշել եք, որ նախկինում էլ եղել են հեռուստասերիալում նկարահանվելու հնարավորություններ, սակայն միշտ մերժել եք: Բայց այսօր նկարահանվում եք «Անհասցե ծնվածները» սերիալում: Ինչպե՞ս ստացվեց, որ ընդունեցիք այդ առաջարկը:
(Ժպտում է): Գիտե՞ք, երբ սովորում ես Թատերական ինստիտուտում, քեզ անընդհատ ասում են, որ պետք չէ նկարահանվել հեռուստասերիալներում, պետք է սպասել ավելի մեծ, ավելի լավ առաջարկների, որոնք անպայման լինելու են, բայց որոշ ժամանակ է անցնում, եւ հասկանում ես, որ ոչինչ էլ միանգամից չի լինում՝ առաջարկները, հաջողությունը եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է նախկինում սերիալներում նկարահանվելու առաջարկները մերժելուն՝ դա կապված է եղել հիմնականում սցենարի, կերպարի, նաեւ ֆինանսական կողմի հետ: Ինձ համար նաեւ շատ կարեւոր են մարդկային հարաբերությունները: Իսկ Դիանա Գրիգորյանի հետ աշխատելիս զգացել եմ թե մարդկային որակները, թե պրոֆեսիոնալ վերաբեմունքն այն ամենին, ինչ անում է: Ես մոտ մեկ ժամ քասթինգ եմ անցել: Մենք բացի այն, որ սկսեցինք տեքստն ուսումնասիրել եւ նկարահանվել, մինչ այդ շատ երկար զրուցել ենք: 6 անգամ գնացել եմ քասթինգի, փորձել եմ տարբեր կերպարներ: Տարբեր փոփոխություններ են արել արտաքինի հետ կապված: Առհասարակ, սկզբում այլ կերպարի համար էի փորձում: Քննարկում եղել է Բեկի կամ Լեոյի կերպարների համար, ու այդպես ես սկսեցի մարմնավորել Լեոյին: Այդ ամբողջ գործընթացի մեջ եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ ինձ առաջնահերթ գրավել է Դիանա Գրիգորյանի պրոֆեսիոնալիզմն ու մոտեցումն այդ գործին:
Ի դեպ, Դիանան հարցազրույցներից մեկում նշել էր, որ գլխավոր կերպարներին ընտրելիս հաշվի է առել նաեւ նրանց արտաքին նմանությունները: Կարեն Ասլանյանի հետ ինքներդ արտաքին նմանություն տեսնո՞ւմ եք:
Անկեղծ՝ շատ-շատերն են ասում, թեեւ ես չեմ նմանեցնում, հատկապես դեմքով, ֆիզիոլոգիայով: Երեւի հասակով ենք ավելի շատ նման:
Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Ձեր էկրանային եղբոր հետ:
Շատ լավ: Ես իմ բոլոր գործընկերներին սիրում եմ ու հարգում նրանց աշխատանքը: Հենց առաջին օրվանից շատ համերաշխ, ընկերական մթնոլորտ է եղել: Ես ու Կարենը հաճախ միասին նստում եւ քննարկում ենք սերիաները, փորձում հասկանալ՝ որ տեսարանում ինչ շտկելու բաներ կան: Բացի նկարահանումներից՝ շփում ունենք նաեւ կյանքում:
Լեոն Ձեզ նման է նրանով, որ ինքն էլ է մասնագիտությամբ դերասան: Ուրիշ ընդհանրություններ ունե՞ք Ձեր կերպարի հետ:
Լեոն չափից դուրս շատ բարի է, զուսպ, լռակյաց, իր ներաշխարհում է շատ բաներ պահում, բայց Թելմանն այդքան լռող, հանգիստ ու համբերատար չէ: Կան հատկանիշներ, որոնցով նման ենք՝ ճիշտ ապրելը, ճիշտ քայլերի գնալն ու մարդկանց սխալներից հետ պահելը:
Լեոյի հետ նույնացումներ լինո՞ւմ են:
Այո, հաճախ փողոցում տեսնում են ու հարցնում՝ ինչո՞ւ ես դու այդքան խեղճ (ծիծաղում է): Իհարկե, չի կարող չլինել այդ նույնացումը: Թելմանին մարդիկ չեն ճանաչում, ավելի շատ Լեոյին են տեսնում իրենց էկրաններին: Հավատացեք, եթե ես չխաղայի այդ խեղճությունը, Լեոն չէր լինի այդպիսին, իսկ կերպարից հենց դա էր պահանջվում: Ի վերջո, հերոսերն ունեն ընտանեկան, դաստիարակության տարբերություններ, որոնք պետք է ընդգծել:
Մտավախություն չկա՞, որ ռեժիսորներն էլ այսուհետ Ձեզ միայն այդպիսի կերպարներում կտեսնեն:
Չէ, չկա նման մտավախություն: Ի վերջո, դու գնում ես քասթինգի, քեզ փորձում են, հետո տալիս այս կամ այն կերպարը: Վստահ եմ, որ եթե ինձ վաղը առաջարկեն բացասական կերպար, Լեոյին տեսնելով այդ առաջարկը չեն անելու: Բնականաբար գնալու եմ քասթինգի, որեւիցե փորձերի, ռեժիսորը հասկանալու է՝ համապատասխանում եմ, թե ոչ, նոր տալու է դերը: Ես գիտեմ՝ ինչի եմ ընդունակ, գիտեմ՝ ինչ կարող եմ անել, ինչ՝ ոչ: Այդ առումով մտավախություն չունեմ: Անկեղծ ասած՝ շատ կուզեմ, որ հաջորդ դերս արդեն շատ տարբերվի Լեոյից: Դա ինձ համար էլ հետաքրքիր կլինի: Միշտ պետք են նոր բաներ, որովհետեւ դերասանի գործը բացահայտման մեջ է նաեւ:
Սերիալում նկարագրված է մանկատան երեխաների կյանքը, եւ ըստ այդմ՝ «Անհասցե ծնվածները» ինչ-որ տեղ, կարծես, քննադատում է նաեւ երեխաներին մանկատներ հանձնելը: Ձեր կերպարը եւս մեծացել է մանկատանը: Ինչպե՞ս եք փորձել մտնել այդ դերի մեջ:
Իրականում ցավ եմ ապրում, երբ մտածում եմ՝ միգուցե այդ երեխաներից ինչ-որ մեկը ֆիլմը դիտի ու այդ ցավն ինքն էլ վերապրի: Վերջերս մի դեպք եղավ. ինձ մոտեցավ մանկատան մի սան, ու… այդ հանդիպումը շատ զգացնմունքային էր: Չգիտեի՝ ինչ խոսեմ հետը, ուղղակի գրկել եմ… Չգիտեի՝ ինչ ասեի: Երբ կերպարն ամբողջությամբ հասկանում ես ու ինչ-որ տեղ մտնում դրա մեջ, հասկանում ես, թե ինչքան դժվար է, ինչքան բաների միջով են ստիպված լինում անցնել նրանք: Հուսով եմ՝ այն իրականությունը, որը ներկայացված է հեռուստասերիալում, այդպիսին չէ իրականում ու այնտեղ ամեն ինչ շատ ավելի լավ է, երեխաներն էլ՝ ավելի երջանիկ:
Ինչպիսի՞ն է եղել Ձեր վերաբերմունքը երեխաներին մանկատուն հանձնելու վերաբերյալ, ու արդյոք նկարահանման ընթացքում այն փոխվե՞լ է:
Չեմ ուզում ինչ-որ մարդկանց մեղադրել իրենց արարքների մեջ, որովհետեւ չես կարող իմանալ, թե ով ինչ ինչի համար է անում: Մինչեւ չապրես տվյալ մարդու կյանքով, չես կարող հասկանալ նրա արարքները: Իհարկե, կարծում եմ՝ սխալ է դա, բայց դատապարտել էլ չեմ ուզում: Ուղղակի պետք է պատասխանատու լինել եւ երեխա ունենալուց առաջ շատ երկար մտածել ու հասկանալ, որ երեխան խաղալիք չէ: Ի վերջո, պետք չէ ունենալ շատ երեխաներ ու չկարողանալ պահել նրանցից ոչ մեկին: Ավելի լավ է մեկ կամ երկու երեխա ունենալ, բայց պահել արժանավայել ու պատվով:
Անդրադառնալով դերասանական կազմին՝ պետք է նշեմ, որ բավականին հայտնի խաղընկերներ ունեք, հատկապես առանձանցնեմ Աշոտ Ղազարյանին, որովհետեւ հենց նրա հետ են Ձեր հիմնական տեսարանները: Ինչպե՞ս են անցնում համատեղ նկարահանումները:
Պարոն Ղազարյանն անիրական կերպով մեզ միշտ լավ տրամադրություն է հաղորդում, թեկուզ ամենալուրջ տեսարանի ժամանակ: Մի պահ կտրվում ենք ու ծիծաղում, որովհետեւ նրա կողքին չծիծաղել, ուղղակի, չի ստացվում: Սովորելու առումով էլ կարծում եմ՝ կապ չունի՝ ինչքան ժամանակ կանցնի՝ ես առաջին օրն էլ եմ սովորել, այսօր էլ եմ սովորում ու վատահ եմ՝ վաղն էլ եմ նրանից ինչ-որ բան սովորելու:
Սերիալում ներկայացված էր նաեւ սիրային եռանկյունի՝ Ժաննա Բուտուլյանի եւ Եվա Բաղդասարյանի կերպարների հետ: Աղջիկներից ո՞ւմ հետ է ավելի հեշտ աշխատելը:
Չեմ առանձնացի, որովհետեւ երկուսին էլ շատ սիրում եմ ու հարգում: Ոչ թե ամոթից դրդված եմ ասում, որովհետեւ վաղն իրենց կրկին տեսնելու եմ նկարահանման հրապարակում, այլ իսկապես այդպես է: Եթե խնդիր լիներ, ես այնպիսի տեսակ եմ, որ հավատացեք՝ կբարձրաձայնեի: Չկա նման բան, որ ասեմ մեկի հետ մի տեսարանում է հեշտ, մյուսի հետ՝ այլ: Չէ, մեր հարաբերություններն այնպիսին են, ու ամեն ինչ այնքան լավ մթնոլորտում է անցնում, որ մենք, ուղղակի, ուրախանում ենք, որ միասին նկարահանվում ենք ինչ-որ տեսարանում: Դրանք ժամեր են, որոնց ընթացքում մենք ոչ միայն նկարահանվում ենք, այլեւ ծիծաղում ենք, շփվում, խոսում ֆիլմերից, գրքերից, թեկուզ՝ Instagram-ի լուսանկարներից: Երկուսի հետ էլ շատ հետաքրքիր է աշխատելը: Սկզբում կերպարային գիծս ավելի շատ Եվայի հետ էր, նույնիսկ, չգիտեի, որ Ժաննայի հետ էլ է ինչ-որ կապ լինելու, որովհետեւ մենք սցենարը ստանում ենք նկարահանումից մի քանի օր առաջ: Երբ իմացա, շատ հաճելի էր, որովհետեւ Ժաննան շատ դրական է ու նրա հետ էլ միշտ կարելի է ծիծաղել, բայց երեւի Եվայի հետ սերը գնալով կպակասի, իսկ Ժաննայի հետ գիծը կպահպանվի, իսկ թե ինչ կլինի հետո, ես էլ չգիտեմ (ծիծաղում է):
Նկատեցի, որ սոցիալական ցանցի շփումն այնքան էլ չեք սիրում: Որքա՞ն ժամանակ եք հատկացնում համացանցին:
Դե, կստեմ, եթե ասեմ՝ բացարձակ չեմ սիրում համացանցում ժամանակ անցկացնել: Բայց մաքսիմալ քիչ եմ փորձում օգտագործել այդ ամեն ինչը: Գիտե՞ք՝ համացանցում էլ ես շատ քիչ մարդկանց եմ հետեւում, որովհետեւ, երբ ես մտնում եմ, օրինակ, Instagram ու ցանկանում տեսնել իմ ընկերների հրապարակումները, նյարդայնանում եմ, երբ անծանոթ մարդիկ օրվա ընթացքում այնքան լուսանկարներ են տեղադրում, որ թերթում ես ու միայն նրանց ես տեսնում: Ես, ուղղակի, սկսում եմ նրանց չհետեւել ու դա երեւի իմ բնավորության ամենավատ կողմերից է: Շատերը դրա պատճառով ինձանից նեղանում են, բայց սա աստղային հիվանդության հետ կապ չունի: Վստահ կարող եմ ասել, որ իմ «աստղայինը չի տարել»: Անկեղծ՝ ուղղակի ի վիկճակի չեմ տեսնել այդքան լուսանկար, նույնիսկ, ընկերներիս եմ ասում՝ մաքսիմալ քիչ լուսանկարներ տեղադրեք, որ ես չնյարդայնանամ (ծիծաղում է):
Առհասարակ, ո՞րն է Ձեր նախընտրած ժամանցի ձեւը:
Ամենամտերիմ ընկերների հետ՝ որեւէ հանգիստ վայրում: Սիրում ենք բացօթյա վայրում նստել ու մինչեւ գիշերվա ժամը 3-ը զրուցել: Քաղաքից դուրս ենք գնում, որ կտրվենք քաղաքի աղմուկից: Ես այդպես եմ հանգստանում: Հաճախ նրանք ինձ հետ հավասար սպասում են նկարահանման կողքի սենյակում, թե երբ եմ ավարտելու, որ միասին մի տեղ գնանք:
Որպես հաղորդավար՝ վերադառնալու ցանկություն կա՞:
Իրականում, մինչ այս նախագծի աշխատանքները սկսելը, մենք արդեն նոր հաղորդման մտահաղացում ունեինք: Բայց քանի որ եղավ հեռուստասերիալը, կարծում եմ՝ նախագիծը կվերսկսենք սերիալի ավարտից հետո: Բայց, թե ինչ ֆորմատի նախագիծ է լինելու, կպատմեմ, երբ արդեն ամեն ինչ հստակ լինի:
Երբ հայտնի ես դառնում, այդ շրջանում առաջարկների պակաս էլ հաստատ չի լինում: Այս ընթացքում նոր դերերի առաջարկներ ստացե՞լ եք:
Ես չեմ սիրում լինել մի քանի տեղ միաժամանակ: Գովազդներում, տեսահոլովակներում, իհարկե, այս ընթացքում նկարահանվում եմ, բայց ընդունում եմ միայն լավագույն առաջարկները:
Ի՞նչ նոր նպատակներ եք դրել Ձեր առաջ:
Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել: Իհարկե, ճիշտ է, երբ պլանավորում ես քո ապագան, բայց ծանր է լինում, երբ այդ նպատակները չեն իրականանում, դրա համար համոզված եմ՝ ժամանակն ամեն ինչ կդասավորի: Հիմա վայելում եմ պահն ու աշխատանքս: