«Տանը մնացի՞»․ 33-ամյա Թամարա Պետրոսյանը՝ «տանը մնալու», այդ թեմային հումորով նայելու և իր նոր մոնոներկայացման մասին
«Տանը մնացի՞»՝ նոր մոնոներկայացում դերասանուհի Թամարա Պետրոսյանի մասնակցությամբ։ Դերասանուհին իրեն հատուկ հումորային պրիզմայով կանցկացնի հետաքրքիր, երբեմն նյարդայինացնող, բայց միշտ արդի՝ տանը մնալու թեման իր բոլոր նրբերանգներով։
Թամարան պատրաստվող ներկայացման առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին։ Դերասանուհու և ներկայացման ռեժիսորի՝ Սեդրակ Գոջամանյանի հետ զրուցել ենք «Տանը մնացի՞» ներկայացման բովանդակության, թեմաների ընտրության մասին, իսկ Տոմայից հետաքրքրվել ենք, թե իրեն որքանո՞վ է նյարդայինացնում այն թեման, որի մասին պատրաստվում է բեմից խոսել։
33-ամյա դերասանուհին ծիծաղելով արձագանքեց մեր հարցին՝ իրականում էլ է՞ ինքն այդ թեմային նայում հումորի տեսանկյունից․ «Ուրիշ ճար չունեմ՝ ո՞նց նայեմ։ Հումորով չնայես՝ կարող է գժվես։ Ավելի մեծ սերնդի մարդիկ սկսում են քեզ խղճահարությամբ նայել, որովհետև իրենց համար դու պետք է արդեն դպրոցական տարիքի երեխաներ ունենայիր․ իմ բոլոր դասարանցիները, կուրսեցիները արդեն ընտանիքներով մարդիկ են։ Եթե այդ դիտակետից ես նայում՝ այո՛, մտավախություն ունենում ես, բայց մյուս կողմից, որ դիտակետից ինքս եմ նայում, նոր սերնդի ներկայցուցիչներն են նայում՝ ամբողջությամբ հանգիստ վիճակ է լինում։ Իրականում ինձ մոտ շատ հանգիստ վիճակ է, չնայած երբեմն, ինչ խոսք, անհանգստություններ ունենում եմ։ Բայց այդ անհանգստությունն էլ այնքան շատ չէ, որ ես դրանից ընկճախտի մեջ ընկնեմ»։
Թամարայի խոսքով, դա բավականին ակտուալ խնդիր է՝ տանն ես մնացել, թե՞ ոչ։ Ըստ դերասանուհու այդ հարցն ուղղակիորեն առնչվում է նաև իր հետ․ «Տատիկները, մամաներն ու պապաները կարող են ինձ դասել տանը մնացածների շարքին, բայց մյուս կողմից էլ, հաշվի առնելով աշխարհում ներկայիս միտումները, այն թե ինչպիսի կարգ ու կանոն է տիրում, դեռ ամուսնանալու ժամանակ ունեմ։ Սա բավականին տարածված հարց է մեր օրերում, որը ցանկացանք բարձրացնել։ Ինչ հարց տալիս է վերնագիրը՝ «Տանը մնացի՞», այդ ուղղությամբ էլ գնալու է ներկայացման բովանդակությունը, որը բաղկացած է տարբեր պատմություններից»։
Դերասանուհին ասաց՝ ի սկզբանե գաղափարը եղել է նման ձևաչափով ներկայացում անելը, ապա նոր որոշել են թեման։
«Իմ լավ ընկերը՝ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանը, մի քանի ամիս պարբերաբար ասում էր, որ այս ձևաչափով ներկայացում անենք։ Իհարկե ես ցանկություն ունեի, սակայն ռիսկս չէր հերիքում, մտածում էի, որ պատրաստ չեմ, բայց համոզեցին և որոշեցինք, որ, ամեն դեպքում, անելու ենք։ «Բոհեմ» թատրոնի դերասան, սցենարիստ, իմ լավ ընկեր Թելման Առաքելյանին դիմեցինք և երբ քննարկում էինք թեմաները, որոշվեց, որ այս ուղղությամբ ենք գնալու։ Տղաները որոշեցին, որ թեման պետք է լինի տանը մնալը ու երևի իրենց համար սա իսկապես հետաքրքիր թեմա է և գուցե իրենք ավելի լավ են տեսնում՝ քան ես»,- ասաց դերասանուհին։
Հայակական իրականության մեջ մոնոներկայացումներն այնքան էլ շատ չեն, հատկապես դերասանուհիների մասնակցությամբ։
«Այստեղ կան «սթենդ ափ» հիշեցնող որոշ դրվագներ, բայց այն մոնոներկայացում է։ Կան «սթենդ ափ»-ային թեթև երանգներ,- ասաց դերասանուհին ու շարունակեց,- այն պատմությունները, որոնք հանդիսատեսը կլսի՝ իրական են, որոնք ուղղակի ունեն գեղարվեստական երանգավորում։ Կենսագրական նոտաներ կան, որովհետև պատմությունները, որոնք պատմում եմ՝ ինձ հետ են կատարվել։ Բայց, որ ասեմ ամբողջությամբ իմ կյանքն է կամ կենսագրական է՝ ոչ»։
«Տանը մնացի՞» ներկայացումը ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի և Թամարա Պետրոսյանի երրորդ համագործակցությունն է։ Ռեժիսորը, խոսելով ներկայացման մասին, ասաց․ «Ավելի շատ ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, թե կա մի տարիք, որից հետո կարելի է խոսել տանը մնալ-չմնալու մասին։ Մեր հասարակությունը, անգամ 21-րդ դարում, դեռ շարունակում է քննարկել այդ թեման։ Այս դարում սա իսկպես այն թեման չէ, որի մասին պետք է բարձրաձայնել։ Շատ հետաքրքիր պատմություններից բաղկացած մի ընդհանուր պատմություն է, երբ 21-րդ դարի կինը նայում է այսօրվա իրականությանը։ Սա խորքային մելոդրամա է, որտեղ կատակերգությունն արտաքուստ ավելի շատ է երևում»։
«Տանը մնացի՞» ներկայացման պրեմիերան կլինի սեպտեմբերի 15-ին` «Բոհեմ» թատրոնում, որտեղ դերասանուհին առաջարկում է ևս մեկ անգամ հումորային պրիզմայով անցկացնել մեր կարգավիճակը։)






















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
«Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու...
Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյա...