Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային ԵԽ պատգամավորը ողջունել է ՀՀ կառավարության՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ որոշումը Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Կարևոր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ Վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Քանի՞ ադրբեջանցի ընտանիք է ստացել փոխհատուցում ՀՀ կողմից․ Միրզոյանը փակագծեր բացեց Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ Գործարար Կարեն Հակոբյանը` միակ կալանավորվածը
«Էլ կլասիկո»-ի սպասումով. Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչումԿանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածԳեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըԱվելի լավն են, քան տանիքային վահանակները. բացահայտվել են ֆասադային արևային մարտկոցների անսպասելի առավելություններըՊալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Տագնապալի 2025 թվական. Հրայր Կամենդատյան Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում
Ժամանց

Չհղիանալու 14 մեթոդ, կամ կյանքն առանց աբորտի

Երբ երկրորդ հղիությունս էի գրանցում հիվանդանոցում, բժիշկը, պարզելով, որ առաջին հղիությունից անցել է 10 տարի, մեխանիկորեն հարցրեց՝ իսկ քանի՞ աբորտ եք արել 10 տարում: Ապշած ասացի՝ ոչ մի: Հարցի ձեւակերպումն էր հատկանշական ու թիրախային. ոչ թե` «արել եք, թե ոչ», այլ՝ «քանի անգամ եք արել»: Սա շատ բան է հուշում հայկական իրականության մասին: Աբորտների քանակով Հայաստանն աշխարհում առաջատար դիրքերում է: Խնդիրներից մեկը հղիությունից պաշտպանվելու մեթոդների մասին տեղեկացվածության ցածր մակարդակն է: Այս առումով վիճակը ծանր է հատկապես մարզերում:

 

 

Վերջին տարիներին ամերիկյան տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից հետազոտություններ կատարվեցին Հայաստանի մարզերում, որոնց նպատակն էր պարզել, թե ինչպես է ազդում միգրացիան վերարտադրողական տարիքի (18-45 տ.) կանանց առողջության վրա: Մի շարք այլ արդյունքներից բացի, գրանցվեցին կարեւոր եզրակացություններ եւ բազմաթիվ ցավալի օրինաչափություններ: Այդ թվում.

*Ըստ հետազոտության՝ չհղիանալու ամենաարդյունավետ մեթոդը կանայք համարում են ընդհատված սեռական ակտը: (Իրականում այս տարբերակի արդյունավետությունն ամենացածրերից է):

*Կանանց մի որոշ մաս հղիանալուց հետո միջամտությունը (դեղահաբի ընդունում, աբորտ) համարում է հղիությունից պաշտպանվելու մեթոդ: Անգամ կա մշակույթ, երբ հղիանում ու աբորտ են անում 3 ամսական ժամկետում, որ այդ ընթացքում «ապահով» սեքս ունենան:

*Մարզերում սեքսի թեման տաբուավորված է, չնայած, որ սեքսի քանակը քիչ չէ, հատկապես ձմռան ամիսներին, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքից հետ են գալիս եւ կենցաղում ազատ են:

*Չնայած, որ կան մարզերում իրազեկման ծրագրեր անցկացնող ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ, իրական տեղեկացվածության մակարդակը շարունակում է ցածր մնալ չմասնակցելու, հրաժարվելու պատճառով: Կանանց կողմից հնչող «ես տենց բաներ չեմ կարդում, ամոթ ա», «տենց թեմաներով չեմ հետաքրքրվում» արտահայտությունները տարածված բնույթ են կրում մարզերում:

*Լինում են դեպքեր, երբ 40-ամյա կնոջ կյանքում արված աբորտների թիվը սկսվում է տասից եւ գերազանցում 40-ը:

Տեղին է մի քանի փաստ նշել աբորտի մասին.

 

Ըստ վիճակագրության՝ ամեն 5-րդ կնոջ մոտ աբորտը հանգեցնում է անպտղության: Նույնիսկ եթե աբորտը ոչ շատ վտանգավոր (այսինքն՝ ոչ գործիքային) մեթոդով է արվում, հնարավոր չէ բացառել հորմոնալ մեծ վնասը: Իսկ գործիքայինի դեպքում հնարավոր է արգանդի պերֆորացիա (թափածակում): Երբեմն արնահոսությունն այնքան ուժգին է, որ անհնար է վնասվածքը վերացնել, ու ստիպված արգանդն է հեռացվում:

Հաճախակի աբորտները էստրոգեն-կախյալ ուռուցքների պատճառ են (արգանդի միոմա, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլն) մինչեւ 40-45 տ. կանանց մոտ:

 

Առաջին պտղի աբորտն էլ ավելի վտանգավոր է: Օրգանիզմում առաջին անգամ կարեւոր հորմոնալ վերադասավորություն է կատարվում, որը շատ կտրուկ ընդհատվում է, եւ կարող են հորմոնալ շատ լուրջ, դժվար բուժվող հիվանդություններ առաջանալ: Բացի այդ, առաջին հղիության ժամանակ արգանդը պարուրող լորձաթաղանթը շատ բարակ է, աբորտի դեպքում այն հեշտ է վնասել, ինչի պատճառով անհնար է երկրորդ հղիությունը: Եվ սա դեռ ամենը չէ:

Հարց՝ ինչու՞ հասնել աբորտի, եթե բժշկագիտությունը հղիությունից պաշտպանվելու ահռելի մեծ հնարավորություններ է տալիս մեզ: Պարզապես պետք է սեքսի ու հաճույքի ալիքներում չանջատել ուղեղն ու բարձր պահել սեփական օրգանիզմի նկատմամբ հարգանքը: Նախապես ընտրել ու հետեւողականորեն կիրառել որեւէ մեթոդ, ցանկալի է՝ գինեկոլոգի հետ քննարկելուց հետո. ահա սա է միակ ընդունելի ճանապարհը:

 

Ի դեպ, իգական սեռի 500 օգտատեր-ընկերներիս շրջանում հարցում անցկացրի հետեւյալ ձեւակերպմամբ. «Կարո՞ղ եք առանց «գուգլելու» նշել, թե որն է հղիությունից պաշտպանվելու ամենաարդյունավետ մեթոդը»: Առաջին հորիզոնականում բացարձակ առաջատար էր պահպանակը: Երկրորդ տեղում՝ ներարգանդային պարույրն ու հաբերը: Երրորդ՝ ամենահաճախ հնչող կեսկատակ, բայց շատ հայեցի պատասխանը «սեքսով չզբաղվել»-ն էր:

Տեսնենք՝ ըստ արդյունավետության տոկոսների որքանով են այս պատասխանները մոտ իրականությանը: Health-ua.org բժշկական պորտալն առաջարկում է հետեւյալ մեթոդները:

1.Ընդհատված սեռական ակտ. արդյունավետությունը՝ 80-85%

Այս մեթոդի ճիշտ տեխնիկան հետեւյալն է. տղամարդը պետք է իր սեռանդամը կնոջ հեշտոցից հանի սերմնաժայթքումից անմիջապես առաջ: Սերմնաժայթքումը պետք է տեղի ունենա որտեղ ասես, բացի հեշտոցից: Այս մեթոդն, ինչ խոսք, հարմար է. չի նվազեցնում սեռօրգանների զգայունությունը, ֆինանսական ծախսեր չի պահանջում: Բայց այն բավական անհուսալի է: Սեքսի ընթացքում տղամարդու մոտ քսուքատիպ (նախասերմնային) հեղուկ է արտադրվում, որը պարունակում է 10-20 միլիոն սպերմատոզոիդ: Իսկ դա ավելի քան բավարար է հղիանալու համար: Եթե նույնիսկ վստահ եք ձեր տղամարդու կողմից սերմնաժայթքման կառավարման վրա, ապա քսուքատիպ հեղուկի արտադրությունն անկառավարելի է: Սա՝ հաստատ:

 

Սրան ավելացնենք նաեւ հոգեբանական վնասակարությունը, քանի որ ընդհատված սեքսը բնական երեւույթ չէ: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է, որ այս մեթոդի տեւական կիրառումը կարող է սեքսուալ սառնություն առաջացնել կնոջ մոտ, էրեկտիլ խնդիրներ՝ տղամարդու մոտ, եւ սեքսուալ ցանկության նվազում՝ երկուսի մոտ:

Ի վերջո, այս մեթոդը խիստ անցանկալի է պատահական սեքսի դեպքում, քանզի չի պաշտպանում սեռավարակներից:

 

2. Օրացույցային կամ «ապահով օրերի» մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Այս մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ կինն ունակ է հղիանալու միայն ձվազատումից հետո մի քանի օրվա ընթացքում (օվուլյացիա): Տեսականորեն օվուլյացիան տեղի է ունենում մենստրուալ ցիկլի 11-15-րդ օրերին: Հենց այս օրերն են հղիանալու համար առավել բարենպաստ համարվում, իսկ այլ օրերին կինը չի կարող հղիանալ: Բայց սա միայն տեսությունն է: Իրականում հստակ 28-օրանոց մենստրուալ ցիկլ՝ իր հստակ օվուլյացիայով, հանդիպում է կանանց միայն 30%-ի մոտ: Հաշվի առնենք նաեւ, որ սպերմատոզոիդը հեշտոցում կարող է կենսունակ մնալ մինչեւ 9 օր: Եթե օվուլյացիան լինի հենց այդ օրերին, բեղմնավորում կարող է գրանցվել: Մեթոդի 80-90% արդյունավետությունն ապահովվում է միայն մշտական օվուլյացիոն օրացույց պահելու դեպքում, որն, ինչ խոսք, շատ աշխատատար է:

3. Բազալ ջերմության չափման մեթոդ. արդյունավետությունը՝ 80-90%

Մեթոդի հիմքում ընկած է այն փաստը, որ օվուլյացիայից առաջ բազալ ջերմությունը ցածր մակարդակի վրա է էստրոգեն հորմոնի ազդեցության տակ, իսկ օվուլյացիայից հետո պրոգեստերոն հորմոնը բարձրացնում է ջերմությունը: Ջերմաստիճանի աճը նշանակում է, որ օվուլյացիան կայացել է: Միայն թե բազալ ջերմությունը չափելու կանոններ կան.

 

-ջերմությունը չափել պետք է ամեն առավոտ՝ միեւնույն ժամին, առանց անկողնուց վեր կենալու,

-ջերմությունը պետք է չափել ողջ ցիկլի ընթացքում,

-չափելու տեւողությունը միշտ նույնը պետք է լինի, օրինակ՝ 5 րոպե,

-ողջ ցիկլի ընթացքում պետք է օգտագործել միեւնույն ջերմաչափը:

Երկու փուլերի ջերմաստիճանների տարբերությունը պետք է նվազագույնը 0,4-0,5 աստիճան լինի: Այս մեթոդն ավելի արդյունավետ է նախորդի հետ զուգակցման դեպքում: Ու կրկին՝ շատ աշխատատար:

4.Հեշտոցի ներլվացում. արդյունավետությունը՝ 10-15%

Ըստ այս մեթոդի՝ փորձ է արվում արդեն իսկ հեշտոցում գտնվող սպերմատոզոիդները սպանել տարբեր քիմիական նյութերով: Իրականում դրանք չեն կարող պաշտպանել հղիությունից, քանի որ սպերմատոզոիդներն աննախադեպ արագաշարժ են, չափազանց շատ են եւ կարողանում են թաքնվել արգանդի վզիկի լորձաթաղանթի ծալքերում՝ անհասանելի դառնալով քիմիական նյութերի համար: Այս անհուսալիությանն ավելանում է նաեւ հեշտոցի վրա այդ նյութերի բացասական ազդեցությունը՝ միկրոֆլորայի բալանսի խախտում, սնկային հիվանդություններ եւ այլն: Եզրակացությունները, կարծում եմ, պարզ են:

5.Պահպանակ. արդյունավետությունը՝ 90-95%

Պահպանակի օգտագործումը մեխանիկորեն խոչընդոտում է սերմնանյութի ներթափանցումը հեշտոց: Այս մեթոդն արդյունավետ չէ միայն պահպանակի վնասվելու դեպքում: Ընդ որում, այդ վնասվածքը կարող է այնքան փոքր լինել, որ բառացիորեն աննկատ մնա: Վնասվելու ռիսկը փոքրացնելու համար պետք է կանոններին հետեւել.

-չի կարելի ոլորել-բացել պահպանակը մինչեւ սեռօրգանին հագցնելը,

-չի կարելի որեւէ կերպ ստուգել դրա ամբողջականությունը, օրինակ՝ մեջը ջուր լցնելով կամ այն փչելով, քանզի դա մեծացնում է վնասվելու հավանականությունը,

 

-չի կարելի պահպանակի հետ յուղային հիմքով քսուքներ օգտագործել, քանզի դրանք նվազեցնում են լատեքսի ամրությունը,

-անհրաժեշտ է հստակ հետեւել պահպանակի օգտագործման ցուցումներին:

Եվ ամենակարեւորը՝ պետք է ստուգել պահպանման ժամկետը:

6. Հեշտոցային թաղանթ. արդյունավետությունը՝ 90-95%

Սա պահպանակի իգական տարբերակն է: Այն նույնպես լատեքսային է: Օգտագործումից առաջ պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ արդյունավետությունն ուղղակիորեն կախված է հեշտոցին ու արգանդի վզիկին համապատասխան ընտրված ճիշտ չափսից: Թաղանթը պահպանակի պես մեխանիկական խոչընդոտ է սպերմատոզոիդների համար, բայց չի պաշտպանում սեռավարակներից: Թերություններից է նաեւ տեղադրման բարդությունը:

 

7. Ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-92%

Մեթոդը հետեւյալն է. պարույրի ոտիկը պարունակում է պղինձ, որն արգանդում ստեղծում է միջավայր, որտեղ սպերմատոզոիդն ու ձվաբջիջը չեն կարող գոյատեւել: Նշենք դրական կողմերը.

-պարույրը սկսում է գործել տեղադրելուց անմիջապես հետո, չի պահանջում պաշտպանության լրացուցիչ մեթոդներ,

-այն ենթադրում է երկարաժամկետ կիրառում՝ մինչեւ 6 տարի,

-բեղմնավորման հնարավորությունը վերականգնվում է պարույրը հեռացնելուց անմիջապես հետո:

Բացասական կողմերն ավելի շատ են.

-արգանդում օտար մարմնի առկայությունը բաց դարպաս է վարակների համար,

-այս մեթոդի դեպքում անհրաժեշտ են պարբերաբար(նվազագույնը կես տարին մեկ) ստուգումներ գինեկոլոգի մոտ,

-պարույրի առկայությունը կարող է ավելի առատ դարձնել մենստրուալ արտադրությունը ու ցավոտ դարձնել ցիկլը,

-չի պաշտպանում սեռավարակներից,

-ցանկալի չէ չծննդաբերած կանանց համար,

-կան հակացուցումներ, օրինակ՝ կամայական սեռական ինֆեկցիայի առկայությունը,

-բարձր է արտարգանդային հղիության հավանականությունը պարույրը հեռացնելուց հետո:

 

8. Հորմոնալ ներարգանդային պարույր. արդյունավետությունը՝ 90-97%

Սա նախորդից տարբերվում է լեւոնորգեստրել հորմոնի պարունակությամբ, որը բարձրացնում է արդյունավետությունը՝ համեմատած սովորական պարույրի հետ: Բացասական ու դրական կողմերը նույնն են: Միայն թե հորմոնալ պարույրի հեռացումից հետո հղիանալու ունակությունը վերականգնվում է ոչ թե անմիջապես, այլ կեսից մեկ տարվա ընթացքում:

9. Հորմոնալ հաբեր (օրալ հակաբեղմնավորիչներ). արդյունավետությունը՝ 96,5-97%

Այս մեթոդը բավական երիտասարդ է, բայց հեղափոխական նշանակություն ունի հղիությունից պաշտպանվելու խնդրում: Մեթոդի էությունը օվուլյացիայի կանխարգելումն է, այսինքն հաբերը թույլ չեն տալիս ձվաբջջին դուրս գալ ձվարանից: Իսկ եթե սպերմատոզոիդների տեսադաշտում չկա ձվաբջիջ, ուրեմն չկա նաեւ բեղմնավորում: Ճիշտ ընտրության դեպքում հորմոնալ հաբերի արդյունավետությունը մոտենում է 100%-ի՝ իհարկե, չպաշտպանելով սեռավարակներից: Չմոռանանք հիմնական կանոնները.

-օրալ հակաբեղմնավորիչ հաբերն ընտրել է պետք գինեկոլոգի խորհրդատվությամբ,

-հաբերը պետք է ընդունել հստակ ըստ ցուցումների, միշտ օրվա միեւնույն ժամին,

-առաջին ամսում ընթանում է հաբերի նկատմամբ ադապտացիան, եւ հակաբեղմնավորումը լիարժեք չէ, հետեւաբար, լրացուցիչ պաշտպանություն է պետք,

 

-որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ ցավազրկողներ, հակաբիոտիկներ, կարող են նվազեցնել հորմոնալ հաբերի արդյունավետությունը, կրկին լրացուցիչ պաշտպանություն է պետք:

10. Հորմոնալ ներարկումներ. արդյունավետությունը՝ 96,5-97%

Մեթոդը հետեւյալ կերպ է կիրառվում. օրգանիզմ է ներարկվում լեւոնորգեստրել հորմոնը, որը պահպանվում է արյան մեջ 2-3 ամիս շարունակ՝ խոչընդոտելով հղիությանը: Առաջին ներարկումից հետո 20-30 օր ազդեցությունը լիակատար չէ, լրացուցիչ պաշտպանություն է պետք: Բացասական կողմն այն է, որ ներարկումները խաթարում են ձվարանների ֆունկցիոնալությունը, ցուցված են միայն ծննդաբերած կանանց: Մեթոդն ընտրելիս պետք է խորհրդակցել գինեկոլոգի հետ:

11. Հորմոնալ իմպլանտներ. արդյունավետությունը՝ 99-99,8%

Սա որոշակիորեն նման է ներարկումներին: Օրգանիզմ է ներմուծվում իմպլանտային պարկուճը, որն արյան մեջ ապահովում է հակաբեղմնավորիչ հորմոնի առկայությունը 5 տարի շարունակ: Ցուցված է միայն ծննդաբերած կանանց, քանզի ձվարանների վրա խաթարիչ ազդեցությունը բավականին ինտենսիվ է: Որոշ երիտասարդ աղջիկների մոտ բեղունությունը կարող է չվերականգնվել: Իմպլանտը տեղադրվում է մաշկի տակ՝ ուսի, ազդրի ներսի կամ որովայնի ստորին հատվածի շրջանում՝ ըստ ցանկության:

12. Հակաբեղմնավորիչ հորմոնալ սպեղանի Evra. արդյունավետությունը 99,4%

Սա էլ ավելի երկարաժամկետ մեթոդ է: Սպեղանին (пластырь) փակցվում է մաշկին, ուղիղ շաբաթը մեկ այն պետք է փոխել: Այս մեթոդը նույնպես արյան մեջ հակաբեղմնավորիչ հորմոնի անհրաժեշտ չափաբաժին է ապահովում՝ կանխարգելելով օվուլյացիան: Սպեղանին օգտագործման համար շատ հարմար է. այն ամուր փակցվում է հետույքի, որովայնի, թիակի կամ ուսի մաշկին, չի պոկվում ջրից, չի վնասվում արեւի շողերից: Սակայն այն ունի մի շարք հակացուցումներ, որոնք պետք է քննարկել գինեկոլոգի հետ:

13. Բժշկական ստերիլիզացիա. արդյունավետությունը՝ 99,8-99,9%

Սա հակաբեղմնավորման ծայրահեղ մեթոդ է, թույլատրելի միայն այն կանանց, ովքեր 100%-ով վստահ են, որ էլ երբեք չեն ուզում երեխա ունենալ: Ըստ մեթոդի՝ հատվում են արգանդի երկու փողերը, որն անհնար է դարձնում ձվաբջջի ու սպերմատոզոիդի հանդիպումը: Այս գործողությունից հետո բեղմնավորման ֆունկցիան անհնար է վերականգնել: Ստերիլիզացիայի մի քանի տարբերակ կա.

-սովորական վիրաբուժական վիրահատություն՝ որովայնի հատմամբ, հազվադեպ է կիրառվում, քանզի հետվիրահատական շրջանը երկարատեւ է,

-լապարոսկոպիկ վիրահատություն՝ առանց հատման, որովայնի դիմային հատվածում արված անցքի ու օպտիկական սարքերի միջոցով, սա շատ ավելի անվնաս է,

-կուլդոսկոպիկ վիրահատություն՝ հեշտոցի հետին պատին արվող անցքի միջոցով, որը շատ առաջադեմ մեթոդ է, բարդությունները՝ նվազագույն, սպիեր առհասարակ չեն մնում:

Ստերիլիզացիայից կարող են օգտվել նաեւ տղամարդիկ: Տեղային անզգայացման տակ վիրահատական միջամտությամբ կապվում են սերմնատար անոթները, ինչի արդյունքում սպերմատոզոիդները ամորձիներից չեն կարողանում դուրս գալ:

14. Հրատապ հակաբեղմնավորում սեռական ակտից հետո. արդյունավետությունն ապահովվում է միայն կանոնավոր մենստրուալ ցիկլի դեպքում

 

Սա կոչվում է նաեւ հետկոիտալ կամ վթարային հակաբեղմնավորում: Կիրառվում է սեռական ակտից անմիջապես հետո՝ 1-3 օրվա ընթացքում: Այս մեթոդով դանդաղեցվում է օվուլյացիան, խախտվում է ձվազատման ընթացքը եւ(կամ) փոփոխվում արգանդի լորձաթաղանթի կառուցվածքը: Ամենատարածված ու ապահով տարբերակը ներկայում այնպիսի պրեպարատի մեկանգամյա ընդունումն է, որը 1,5 մգ լեւոնորգեստրել է պարունակում: Այս մեթոդին կարելի է դիմել անպաշտպան սեռական ակտի (այդ թվում՝ բռնաբարության), պահպանակի վնասվելու, հորմոնալ հաբերի ընդունումը բաց թողնելու, ներարգանդային պարույրի դուրս ընկնելու եւ այլ պատահական իրավիճակների դեպքում, որոնք կարող են անցանկալի հղիության բերել: Պետք է հիշել, որ այս մեթոդը կանխարգելում է բեղմնավորումը, չի կարող ազդել արդեն հաստատված հղիության վրա եւ ոչ թե պլանային, այլ հրատապ մեթոդ է: Հաճախակի կիրառման դեպքում կարող է մենստրուալ ցիկլի խանգարման բերել:

Այսքանից կամայական մեկն ընտրելու իրավունքը ձերն է: Սրանցից յուրաքանչյուրն էլ աբորտից շատ ավելի լավ ելք է: Զբաղվե՛ք սեքսով, եղե՛ք տեղեկացված: