Արցախում ապրելու և Արցախն ապրեցնելու ջատագով Մանե Թանդիլյանը կվերադառնա Հայաստան. ո՞ւմ ցուցակը կգլխավորի նա
Դեռևս 8 ամիս առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ տևական ժամանակ ունեցած առողջական խնդիրները անհամատեղելի են իր քաղաքական գործունեության հետ, և ստիպված է վայր դնել պատգամավորական մանդատը։
Նախորդ տարի նոյեմբերի 23-ին 168.am-ը գրել էր, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանը Թանդիլյանին առաջարկել է գործուղվել Արցախ՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար նշանակվելու նպատակով։ Եվ թեպետ նույն օրն իսկ Մանե Թանդիլյանը հերքել էր իրեն Արցախում նախարարի պաշտոն առաջարկելու մասին մեր հրապարակումը՝ այն համարելով ֆանտազիայի ժանրից, հետագայում լուրը հաստատվեց, և Թանդիլյանն այդ նշանակումը բացատրեց Արցախում եղած լրջագույն մարտահրավերներով ու հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու և «ապրեցնելու Արցախը հայերեն»։
168.am-ի ունեցած տեղեկություններով, սակայն, առաջիկայում Թանդիլյանը վերադառնալու է Հայաստան՝ մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Թանդիլյանը, ինչպես նախորդ անգամ Արցախ գործուղվեց Փաշինյանի առաջարկով, այժմ ևս Հայաստան է գալիս՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին, բնականաբար, ընդդիմության ձայները մասնատելու նպատակով:
Փաշինյանի առաջարկով Թանդիլյանը գլխավորելու է «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայումս հանդիսանում է իշխող «Իմ Քայլը» դաշինքի անդամ։
Հիշեցնենք, որ «Առաքելություն» կուսակցության նախագահ է հանդիսանում Հայաստանի ներկայիս սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով մինչև նախարար նշանակվելը հանդիսացել է «Մոգո» վարկային կազմակերպության տնօրենը։ Ներկայումս դատական ակտերի datalex որոնողական համակարգում կարելի է գտնել հարյուրավոր դատական գործեր, որոնցով Առաքելյանի ղեկավարած կազմակերպությունը քաղաքացիներից պահանջում է վարկի գերբարձր տոկոսներով գոյացած գումարները:
Իհարկե, նման հակասոցիալական տոկոսներով վարկային կազմակերպության ղեկավարին ՀՀ սոցիալական հարցերի նախարար նշանակելը տեղավորվում է Փաշինյանի վարած քաղաքականության մեջ, և այստեղ զարմանալու ոչինչ չկա:
Նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ինչպես հիշում ենք, Փաշինյանին հաջողվեց «Լուսավոր Հայաստանից» անջատել Հայկ Կոնջորյանին՝ երաշխավորելով նրան անցողիկ տեղ խորհրդարանում: Հաջողված փորձն էլ ըստ էության նրան թույլ տվեց հնարքը կրկնել նաև Մանե Թանդիլյանի պարագայում:
Քանի որ իշխող ուժի ձայների ավելացումը դյուրին գործ չէ, Փաշինյանը որոշել է մասնատել ընդդիմության ձայները՝ այս անգամ նախարարական պորտֆել խոստանալով Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին, անկախ իրենց հավաքված ձայներից:
Հայաստանում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պաշտոնյաները փոխել են իրենց թիմերը և սկզբունքները՝ քաղաքական պատճառաբանություններ ներկայացնելով։ Թերևս, սա առաջին դեպքն է, երբ ճամբարափոխության համար Թանդիլյանը շահարկել է սեփական առողջությունը, ինչը, թերևս, բնորոշ է գործող իշխանության ներկայացուցիչներին և վերջիններիս արբանյակներին։
Ինչևէ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, իսկ թե ո՞վ է ֆինանսավորելու Մանե Թանֆիլյանի գլխավորած «Առաքելության» ընտրարշավը, կարծում ենք, դժվար չէ հասկանալ: Ամեն դեպքում առաջիկայում կհրապարակենք նաև այդ խոշոր գործարարի անունը:




















Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իս...