Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Ծառուկյանի սթափեցնող ուղերձը. Սուրեն Սուրենյանց «Ստեղծում են տեսանելի և կանխատեսելի ռիսկեր՝ չունենալով երաշխավորված արդյունք». «Փաստ» Ջուրը չտեսած բոբիկանում են՝ ստեղծելով տնտեսական, քաղաքական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ. «Փաստ» Ի՞նչ «մեսիջ» են փոխանցում. «Փաստ» «Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով՝ վարչախումբը հետապնդում է մեկ նպատակ՝ անձնական իշխանության պահպանումը». «Փաստ» Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, և թուրքական ուղղվածության սոուսը ձևակերպում են ԵՄ-ի անդամակցությամբ․ Նաիրի Սարգսյան Իրանում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Հայաստանն ու հայ ժողովուրդը մեկն են՝ անցյալով, ներկայով ու ապագայով. ՀայաՔվե Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը վնասել է ծառայողներին Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են մոտ 56 մլն դրամ Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում«Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանՄեծ Սարիար գյուղում տնակ է այրվել Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով Նարե Գևորգյանը համերգի ժամանակ ընկել է բեմում (տեսանյութ) Պատվերով սպանություն կատարելու փորձի համար մեղադրվող անձը հանձնվել է Միացյալ Թագավորությանը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն Ջերմուկում փետրվարի 1-ից 7-ը Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են 100-ամյա համագործակցության համաձայնագիր Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձը ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. ԶախարովաՊապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը Բիզնեսն արդեն զգում է վտանգը. ԵԱՏՄ-ից հեռացումն աղետ է դառնալու Ջալալ Հարությունյանը՝ քավության նոխազ Հակառուսականության նոր ալիք Հայաստանում Շրջանառվում է այն թեզը, թե Երևան համայնքը պատրաստվում է արգելել միջմարզային ուղևորափոխադրողներին մտնել Երևան քաղաք․ Սուրեն ԳրիգորյանԶՊՄԿ-ն հաղթել է Հայկական բնապահպանական ճակատին զրպարտության գործով
Հասարակություն

Մենք գնացել էինք գրոհելու 60-70 հոգով, բայց հանդիպեցինք 4 000-7 000 հոգանոց զորքի

25-ամյա Արամը, թվում է, աշխարհում եղած ամբողջ դրականն ու լավատեսությունը խտացրել է իր մեջ: Կատակում է. «Էրեխեքը երբ փողոցում տարօրինակ նայում են ոտքերիս, ասում եմ՝ էրեխե՛ք ջան, ռոբոտների մասին մուլտիկներ տեսե՞լ եք, ըհը, հիմա ես էդ ռոբոտի ոտքերն առել եմ, բայց վերեւի կեսն առնելու համար փողս չհերիքեց»:


44-օրյա պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, Արամն Իջեւանից (ծառայել է այստեղ՝ որպես պայմանագրային զինծառայող) տեղափոխվում է Արցախ: Սկզբում Իշխանաձորից Ջաբրայիլ ընկած հատվածում էին՝ Դավթոմասում, որտեղից, մեծ կորուստներ տալուց հետո, հետ են քաշվում Կոռնիձորից Լաչինի միջանցք ընկած հատվածը: Հենց այդտեղ էլ Արամը ծանր վիրավորում է ստանում եւ կորցնում երկու ոտքը: 

Ավետիսյան Արամ՝ ծնված 1997 թվականին, Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում

Ասում է՝ իր պատկերացումներն ու գիտելիքները պատերազմի մասին խիստ տարբեր էին 44-օրյայի ժամանակ իր տեսածից: «Ապրիլյան քառօրյան ու 44-օրյան բացարձակ տարբեր էին թե՛ իրենց բնույթով, թե՛ ծավալներով: Պատերազմի առաջին օրերին, երբ դեռ Իջեւանում էինք, մտածում էինք, որ մեր գնալն Արցախ որոշիչ է լինելու, հենց գնացինք, վերջ՝ հաղթած ենք, բայց երբ մտանք Դավթոմասի տարածք՝ մեր շատ փոքրաթիվ զինվորներով, բախվեցինք իրականությանը,- խորը շունչ է քաշում ու ափսոսանքով շարունակում է խոսքը,- ես երբեք չէի տեսել՝ ինչ է անօդաչու թռչող սարքը, ու անկեղծ ասեմ՝ ես երբեք չէի էլ պատկերացնի, թե մարդն ինչի է վերածվում, երբ անօդաչուի հարվածի տակ է ընկնում: Որպեսզի լավ պատկերացնեք, էսպես ասեմ՝ ոնց որ երկնքից կարկուտի փոխարեն արկեր թափվեն»: Արամի խոսքով, գիշերը 2-ի կողմերը արկերի քանակը երկնքում անհնար էր հաշվելը: Արամն ու զինակիցները զբաղեցրել էին մի բնագիծ, որտեղ չկար ոչ մի խրամատ:

Պատմում է. «Բաց երկնքի տակ, առանց խրամատավորվելու, մենք պիտի մարտ վարեինք, քանի որ այլ տարբերակ ուղղակի չկար, քանի որ մենք արդեն այնպիսի բնագիծ էինք զբաղեցրել, որը բնակավայրերին շատ մոտ էր: Մեզնից առաջ միայն թուրքերն էին արդեն, իսկ մեզնից հետո՝ բնակավայրերը: Հաշված զորք ունեինք, որոնք նահանջում էին, մենք իրենց նահանջն էինք ապահովում: Կրակը վերցրինք մեզ վրա, իրենք նահանջեցին, ու հետո, ցավոք, մեզ հետ քաշող չեղավ: Այսինքն՝ մենք չունեինք հրետանային ոչ մի աջակցություն: Եթե չեմ սխալվում, ընդամենը 4-5 արկ գնաց մեր կողմից, իսկ իրենց մոտից 100-ավորներն էին գալիս: Մենք որպես հետեւակ էինք գնացել, արկ չենք ունեցել, հրետանային առակցության միջոցներ չենք ունեցել, այդ 4-5 արկը նույնիսկ չգիտեմ, թե որտեղից գնաց: Մենք գնացել էինք գրոհելու 60-70 հոգով, բայց հանդիպեցինք 4 000-7 000 հոգանոց զորքի: Դա ես Ձեզ պաշտոնական թվեր եմ ասում»: 

- Երկնքից թափվող անհաշվելի արկեր, մի քանի հազար անգամ գերազանցող հակառակորդի զորք, լուրջ սպառազինության բացակայություն. ի՞նչ է մտածում զինվորն այդ պահին, Արա՛մ:

- Չես մտածում, ուղղակի էմոցիաներին ես տրվում, դու էդ ժամանակ չես կարող գիտակցել, որ, ախր, դուք 60-70 հոգի եք, իսկ իրենք 4 000-7 000 հոգով տանկերով են վրադ գալիս… Ցավալին էն էր, որ մենք գիշերը 2-7-ը ունեցանք շատ զոհեր: Մի գիշերվա մեջ զոհվեցին վարորդները, երրորդ գումարտակի հրամանատարը, զոհվեցին հետախուզական վաշտը՝ իր հրամանատարով: Մինչեւ 7:30-ը ես էդտեղ էի՝ առանց խրամատ, բաց ցորենի դաշտերի մեջ: Պառկել էի, որ սնարյադը, Աստծո հույսով, գոնե չկպնի: Ու հենց էդ ժամին հրամանատարը սկսեց գոռալ՝ վիրավորներ ունենք: Բայց սատկոյի վարորդը զոհվել էր արդեն, ասեցի՝ ես կքշեմ: 6 վիրավոր զինծառայող դրեցինք սատկոյի մեջ, հենց մի քիչ քշեցի, սատկոյի հետեւին խփեցին, բորտերը լրիվ բացվեցին: Մի քանի մետր անց դիմացին խփեցին, բարեբախտաբար, մեքենային չկպավ, բայց դիմացի մասը լրիվ ցանց էր դարձել: Երբ վիրավորներին Խնձորեսկի մոտ հանձնեցի ուրիշ մեքենայի, հրամանատարս զանգեց. «Սաղ մնացի՞ր, թե՞ խփին»: 

Առանց համալրման

Այն տարածքում, որտեղ Արամն ու զինակիցներն են կռվել, որեւէ համալրում չի արվել, թեեւ զոհերը շատ-շատ են եղել: «Ուժերի անհավասար պայքարի ժամանակ Իշխանաձորի կամուրջը տրաքացրինք, որ էլ առաջ չգան դեպի Խնձորեսկ: Ուղղակի անհնար էր մեր փոքրաքանակ զորքով, առանց հրետանային միջոցների, բնագիծ պահելը,- Արամը պատմում է ու փորձում մանրակրկիտ բացատրել։- Պատկերացրեք՝ իրենք հեռվից սնարյադով քո վրա կրակում են, դու էլ չես կարող առանց լուրջ սպառազինության պայքարել իրենց դեմ: Ու էդ ժամանակ հոգեբանական ծանր վիճակում էինք, քանի որ ունեինք լիքը զոհված ընկերներ, զոհվել էր հրամանատարը: Էդ պահին անզորություն ու վրեժ էի զգում: Ես մտածում էի, եթե մեռնել, ապա պատվով մեռնել»:
Արամենք զբաղեցնում են երկրորդ բնագիծ՝ Կոռնիձորից դեպի Լաչին ընկած հատվածում. «Եղբայրս հետս էր, հետո հայրս որպես կամավոր միացավ մեզ: Դժվար է, երբ հարազատներդ հետդ են, բայց քանի որ փոքրը ես եմ, իրենք էին ինձ ասում, որ ե՛ս պիտի էդտեղ չլինեմ: Դե, երկու եղբայրներից մեկը պիտի չգնա ռազմաճակատ, բայց ես ու եղբայրս նախքան Արցախ հասնելն արդեն հասցրել էինք կռվել էդ թեմայով, ու երկուսս էլ չզիջեցինք, իրար չթողեցինք մենակ»: 

Արամը կորցնում է երկու ոտքը

Այս երկրորդ բնագծում Արամենք սկսում են խրամաբջիջներ փորել, որի ընթացքում եղբայրն ու հայրը վիրավորվում են: Եղբայրը վիրակապված վերադառնում է մարտադաշտ: Հոկտեմբերի 30-ին ականանետի արկից վիրավորվում է Արամը՝ ծնկից վերեւ կորցնելով երկու ոտքը:

«Առավոտյան սուրճ էինք խմում, ես էլ՝ թե տղե՛րք, պատերազմը հաղթենք, աշխատավարձի քարտերը մոտներս ա, գնանք Գորիս, մազերներս կտրենք, շոր-մոր առնենք, կարգին գնանք տներով: Տղերքից մեկը՝ գնանք՝ գառ մորթեմ, մյուսը՝ մի ուրիշ բան կանեմ: Մեկ էլ առաջին սնարյադն էկավ, ու էդ ժամանակ բոլորս մի փոսի մոտ էինք, որտեղ որ եղբայրս էր: Արա՛, բա որ մեզ մի բան լինի, սաղս մի փոսի մեջ ենք,  ու ես ու ընկերս մինչեւ երկրորդ սնարյադի ընկնելն անցանք մյուս փոսի մեջ, որտեղ եւ երկրորդ սնարյադն ընկավ: Մի պահ ինձ թվաց՝ փորիս են խփել, բայց ձեռք տվեցի՝ փորս ձիգ էր, հետո ուզեցի կանգնել, չկարողացա: Դե, տաք էի, հլը չէի զգում: Ախպերս վազելով եկավ, ձեռքն էլ՝ գիպսի մեջ կապած, մի ձեռով փորձեց քաշի ինձ, հանի, ասի՝ ապեր, կեսս ա գալի: 6 կմ իջեցրին դեպի մեքենան, ու էդ ընթացքում սնարյադն անընդհատ խփում էր: Երբ բերեցին Խնձորեսկ, պապաս էնտեղ պառկած էր հոսպիտալում, եկավ, որ օգնի՝ վիրավորին հանեն, չգիտեր, որ ես եմ, քաշեց պատգարակը, տեսավ ես եմ ու թողեց… Ոտքերս միայն մաշկն էր պահում, ոսկոր չկար, մի ոտքս երեք տեղից էր կտրել, մյուսը՝ երկու: Ծունկս կիսատ էր, ոսկորը վառվել էր: Հետո տեղափոխեցին Գորիս, որտեղից էլ՝ ուղղաթիռով «Էրեբունի»: 

Հավատում էի…

Մինչեւ Արցախ գնալը ես էլ բոլորի պես հավատում էի, որ հաղթելու ենք: Բայց էն, ինչը ես տեսա Դավթոմասում, ապացուցեց, որ մենք սուտ էինք լսում ամբողջ ընթացքում: Դաշտային գոտիներում մենք ունեցել ենք պարտություն, բայց ոչ թե մեր զինվորն ա պարտվել, այլ իրեն նորմալ աջակցություն չի տրվել: Կոնկրետ Ջաբրայիլում ու Հադրութում օդը բաց ա եղել, իսկ երբ որ դաշտային պայմաններում քո վրա գալիս ա սնարյադը, անօդաչուն, դու ընդամենը ժամանակի խնդիր ես լուծում, ուրիշ ոչ մի բան: Էնտեղ, որտեղ ես էի, մենք չենք ունեցել հրետանի, մենք ո՛չ մի բան չենք ունեցել: Մենք ունեցել ենք մի հատ ֆագոտ, որով հասցրել ենք 2 հատ տեխնիկա խփել: 
Ռազմաճակատ գալու առաջին օրը Արամենց հրահանգավորել են. «Գնում եք Ջաբրայիլ, տղերքին պերեսմենկա եք անում, դիրքերը կահավորում եք, իրանք իջնում են, հանգստանում են, հետո իրանք 15 օր հետո գալիս են, ձեզ են փոխարինում: Բայց էդ ժամանակ Ջաբրայիլն արդեն մեր ձեռը չէր: Մենք գնացել, հասել ենք Դավթոմաս, մեզ թուրքն ա ռաստ եկել արդեն: Իսկ մենք իբր թե գնում էինք հարձակման, բայց հանդիպեցինք թուրքերի տանկերին: Հետեւակին ուղարկել առանց հրետանու ու առանց տանկի, դուրս ա գալիս, որ ուղարկում են, որ դու ցելով մեռնես: Որովհետեւ պատերազմն ունի իր կանոնները. ավիացիան աշխատում ա, հրետանին աշխատում ա, զրահատեխնիկան աշխատում ա, հետո նոր հետեւակն ա գնում: Իսկ էս դեպքում առաջինն էր գնացել հետեւակը»: 

- Շա՞տ ընկեր կորցրիք, Արա՛մ:

- Ես կորցրել եմ 5 հազար եւ ավելի ընկեր, բոլորն են իմ ընկերները, հանուն գաղափարի են բոլորը կռվել: 

Արամը ցավով է ասում. «Մենք Կոռնիձորի հատվածը պահեցինք, բայց ամսի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով հանձնեցին: Ես ո՛չ իշխանական եմ, ո՛չ ընդդիմադիր եմ, բայց եթե տալու էին, կոպիտ եմ ասում, սեպտեմբերի 28-ին ստորագրեին, ասեին՝ ժողովո՛ւրդ, պարտվում ենք, չենք կարում, էս 5 հազար ընկերը ես չկորցնեի: Գիտե՞ք ինչ՝ հողերը տարիների ընթացքում կարող ենք հետ բերել, բայց մարդկային կյանքը երբեք հետ չի գալու»:

Լավատեսը

««Էրեբունի» հիվանդանոցում, երբ աչքերս բացեցի, ձեռք տվեցի ոտքերիս ու զգացի, որ կարճ են շատ: Բուժքրոջը հարցրի.
- Ծնկից վերե՞ւ ա, թե՞ ներքեւ:
- Վերե՛ւ,-պատասխանեց:
Ու ես ծիծաղեցի:
- Գժվե՞լ ես:
- Չէ՛, ուրախ եմ, որ ողջ եմ: 

Հետո ընկերուհիս երբ եկավ այցելության ինձ, կատակում էի՝ դե, լավ ա, էլի, ոտքս տրորեն, չի ցավա, սեղանի եզրերին խփելուց ծունկս չի ցավա: 

Որ ողջ ես մնում, կյանքդ արժեւորում ես, քանի որ կարող էր ավելի վատ լինել, որովհետեւ դու տեսել ես էդ վատը»,- Արամն իր լավատեսությամբ վարակում է ինձ, իր ընտանիքին, ընկերուհուն, բոլորին, ում հետ շփվում է: 

Արամը ոտքերի պրոթեզավորումն արել է Չեխիայում՝ Սոնա Վարդանյանի նախաձեռնած ծրագրի շրջանակներում: 

«Հայաստանում եղած պրոթեզը երբ տեսա, մտածում էի՝ լավ, հանուն հայրենիքի կռվեմ, ու հայրենիքը սա՞ ինձ տրամադրի: Հետո բժիշկը զանգեց, ասեց Սոնայի մասին, գնացի, ծանոթացանք, որից հետո արդեն գնացի Չեխիա, որտեղ եւ պրոթեզավորվեցի,- Արամը խոսում է բազմաթիվ խնդիրներից, որոնց բախվում է ամեն օր, եւ որոնք թեւաթափ են հաճախ անում։- Օրինակ՝ մեքենա եմ վարում, եւ Երեւանում, բնականաբար, հաշմանդամային կայանատեղիներ չկան, լիքը ակտեր ունեմ, արդեն 200 հազարի ակտ եմ մուծել: Բայց ես էս մարդկանց ո՞նց բացատրեմ, որ գիտե՞ս ինչ, ընկեր, ես 2 ոտք չունեմ, ես պրոթեզով չեմ կարող մի կիլոմետր հեռու կանգնել ու քայլելով հասնել ինձ անհրաժեշտ տեղը:

Չեխիայում պրոթեզավորվելուց հետո եկա, ասեցի՝ տեսնեմ պետությո՞ւնն ինչ կառաջարկի: Դե, պրոթեզը կոշիկի նման է, մաշվում է, ոտքդ նիհարում է կամ մեծանում է: Եկա մի պրոթեզարան, ասեցի՝ ի՞նչ կառաջարկեք, ես պետության կողմից ոչինչ չեմ ստացել, իրենք ինձ 88 թվի պրոթեզ առաջարկեցին: Դե, չվերցրի, բնականաբար»: 
Հիմա Արամը տան շինարարությունն է կազմակերպում, որից հետո պատրաստվում է ամուսնանալ, մտածում է նոր մասնագիտություն ձեռք բերելու մասին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/25d5e1a822d2bbc58db58a6bfc08734b

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»