Արևմուտքում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների «ակունքներն» ու միտումները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԵՄ 27 երկրից ավելի քան 400 մլն եվրոպացի քվեարկեց միության օրենսդիր մարմնի՝ եվրախորհրդարանի 720 տեղերի համար։ Նախքան ընտրությունների անցկացումը Եվրոպական երկրներում տիրող ընդհանուր տրամադրությունները վկայում էին, որ փոփոխություններ են սպասվում։ Նույնիսկ կանխատեսումներ ու վերլուծություններ էին արվում, որ պահպանողական և աջ ուժերն ուղղակի մեծ հաղթանակ են տանելու և վերաձևելու են ԵՄ-ի կողմից տարվող քաղաքականությունը։ Վերջին շրջանի հարցումները վկայում էին այն մասին, որ աջակենտրոն ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցությունները մեծ հեղինակություն են վայելում եվրոպական երկրների հատկապես երիտասարդության շրջանում։
Ճիշտ է, Եվրամիության երկրներում քվեարկության արդյունքների հստակեցման ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աջակցող քաղաքական խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, փոքր-ինչ նվազեցրեց իր ներկայությունը Եվրախորհրդարանում, սակայն մնաց առաջատարը։ Այդուհանդերձ, ընտրությունները ցույց տվեցին, որ պահպանողական և աջ ուժերը մեծ առաջընթաց գրանցեցին։ Այս քաղաքական միավորները արդյունքներ գրանցեցին հատկապես Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում։ Այս ընտրությունները ԵՄ մի շարք երկրների համար նոր ներքաղաքական իրավիճակ են ստեղծում։ Ներքաղաքական դաշտում հատկապես ամրապնդվում են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի դիրքերը, քանի որ նրա գլխավորած քաղաքական ուժն ավելի քան կրկնապատկել է տեղերը Եվրախորհրդարանում:
Իրավիճակն այլ է Ֆրանսիայում։ Մարին Լե Պենի հիմնադրած ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ֆրանսիացի ընտրողների քվեների 31 տոկոսը՝ Մակրոնի կուսակցությունից կրկնակի ավելին։ Արդյունքում Մակրոնը որոշեց լուծարել խորհրդարանը և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Իսկ եթե սպասվող ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա Մակրոնը, չնայած որ կպահպանի նախագահի իր կարգավիճակը, սակայն ստիպված է լինելու վարչապետ նշանակել ընդդիմության թեկնածուին։ Միաժամանակ Ֆրանսիայի ներքաղաքական օրակարգում կթուլանան Մակրոնի դիրքերը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն ընդդիմադիր քրիստոնյա դեմոկրատներին։
Այսպիսի արդյունքները բնորոշվում են որպես ներկայում Գերմանիայում Օլաֆ Շոլցի գլխավորած կոալիցիայի պարտություն։ Այնուամենայնիվ, Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայում տրամադրությունների որոշակի փոփոխություններ են նկատվում, որոնց խորանալու պարագայում լիովին այլ քաղաքական պատկեր կարող է ձևավորվել։ Ընդհանուր առմամբ, դժգոհություններն առաջին հերթին պայմանավորված են տարվող միգրացիոն քաղաքականությամբ, երբ հազարավոր միգրանտներ հեղեղել են Եվրոպան, ինչի արդյունքում որոշակիորեն փոխվել է բնակչության կազմը, և մահմեդականներն առանձին հատված են կազմում։ Ահռելի գումարներ են ծախսվում միգրանտների կարիքները հոգալու նպատակով։
Մյուս կողմից էլ՝ նեոլիբերալ քաղաքականության պատճառով ազգային արժեքների ու ինքնության դեգրադացիա է տեղի ունեցել, ինչն էլ իր հերթին հակառակ ռեակցիայի առաջացման պատճառ է դարձել։ Պատահական չէ, որ աջ ուժերի մեջ առանցքային տեղ են զբաղեցնում եվրոսկեպտիկները, որոնք կողմնակից են, որ ԵՄ միջամտությունն ու կարգավորումներն իրենց երկրների ներքին հարցերում ավելի քիչ լինեն։ Եվ ԵՄ-ի ավելի քիչ միջամտությունը ենթադրելու է ԵՄ անդամների ինքնիշխանության շեշտադրում։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում էլ եվրոպական տնտեսությունները մեծ վնասներ են կրում։
Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերական տնտեսությունը լճացման առաջ է կանգնել։ Ուստի, եվրոպական աջ ուժերը դեմ են, որ Ռուսաստանի հետ ԵՄ-ի հակասություններն ավելի խորանան, ու կողմ են Ուկրաինային ավելի քիչ աջակցություն տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ երկրներում ապրանքների ու ծառայությունների զգալի թանկացումներ են նկատվում։ Քաղաքացիները դժգոհում են ինֆլ յացիայից ու գների աճից։ Այդ է պատճառը, որ ԵՄ երկրներում պարբերական են դարձել գործադուլները։ Քաղաքացիների շրջանում տրամադրությունների փոփոխությունն, ի վերջո, իր արդյունքներն է ունենալու Արևմուտքի համար նաև երկարաժամկետ իմաստով։
ԱՄՆ-ում նույնպես կանխատեսումները հուշում են այն մասին, որ առավել հավանական է Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը հանդես է գալիս գլոբալիստների օրակարգի դեմ ու նշում է, որ կանգնեցնելու է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այսպիսի իրավիճակն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ուստի, արտաքին քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնել նաև Արևմուտքում տեղի ունեցող փոփոխությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան