Արևմուտքի թղթե երաշխիքները. ի՞նչ «արժեն» փողերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անվտանգությունը շարունակում է մնալ խարխուլ վիճակում։ Յուրաքանչյուր պահի բացառված չէ, որ Ադրբեջանը կարող է վերսկսել ռազմական գործողությունները։ Նախ՝ նման տպավորության համար նախապատրաստական հիմք է ստեղծում Բաքվից հնչող հռետորաբանությունը, իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել։ Մամուլում բազմաթիվ են այն չվերթների մասին հրապարակումները, որոնցով Ադրբեջանը Իսրայելից, Թուրքիայից ու անգամ եվրոպական երկրներից սպատռազինություններ է ներկրում։ Պարզ է, որ այս փուլում ահռելի չափով սպառազինությունների ներկրումը չի կարող լինել հենց այնպես։ Գումարած՝ ադրբեջանական բանակում շարունակվում են պարբերական դարձած զորավարժությունները։

Բայց Ադրբեջանն իրեն այդքան ագրեսիվ չէր պահի, եթե չլիներ Թուրքիայի աջակցությունը։ Հատկանշական է, որ օգնելով ու սպառազինություններ մատակարարելով Ադրբեջանին՝ Թուրքիան մեծ արագությամբ իր ազդեցությունն է տարածում այդ երկրի վրա։ Ավելին՝ ադրբեջանական բանակը թուրք մասնագետների օգնությամբ համապատասխանեցվում է թուրքական բանակի ՆԱՏՕ-ական չափանիշներին։ Այս ամենի ֆոնին Հարավային Կովկասում սկսում է ակտիվանալ նաև Արևմուտքը։ Այն, որ Արևմուտքը լուրջ ազդեցության գործիքներ ունի տարբեր տարածաշրջաններում, խոսք չկա, բայց հարցն այն է, թե իրականում ինչ նպատակներ է իր առաջ դրել արևմտյան բլոկը։

Ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու Էնթոնի Բլինքենի հանդիպումը ինչ-որ չափով պարզ դարձրեց նաև Արևմուտքի գործելակերպը։ Հանդիպումից առաջ այնպիսի սպասումներ էին ստեղծվել, թե Արևմուտքը փորձելու է ահռելի գումարներ ներդնել Հայաստանում ու որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծել։ Բայց հանդիպման արդյունքում խոսվեց ընդամենը մի քանի տասնակ միլիոն դոլարի աջակցության մասին, իսկ Հայաստանի համար անվտանգության երաշխիքների մասին ոչինչ չնշվեց։ Ավելին, հանդիպումից որոշ ժամանակ անց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն հայտարարեց՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն՝ ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն, ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։

Փաստացի, ԵՄ-ն համաձայնում է թողնել միջնորդի իր դերակատարությունը, որը մի ժամանակ կատարում էր՝ կազմակերպելով Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումները։ Իսկ այն, որ ԵՄ-ն դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միայնակ մնան, նշանակում է նոր ռազմական գործողությունների մեծ հավանականություն։ Այլ կերպ ասած՝ որևէ կաշկանդող հանգամանք չկա, որ Ադրբեջանը նոր սադրանքների դիմի։ Դրա համար էլ վերջին օրերին Ադրբեջանը ինտենսիվ կերպով խախտում է հրադադարը և փորձում է ավելի մեծ լարվածություն հրահրել։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտքի ու հատկապես Ֆրանսիայի ակտիվացումը Հայաստանում առանձնահատուկ գրգռում է Թուրքիային։ Եվ հետաքրքրական է, որ այն նույն օրը, երբ Բրյուսելում Փաշինյանը հանդիպում էր իր արևմտյան գործընկերների հետ, Ադրբեջան էր ժամանել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Վերջինս ևս մեկ անգամ Թուրքիայի անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին, ապա նաև հայտարարեց, որ եթե «Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա»։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար Արևմուտքը Հայաստանին օգնություն ցուցաբերելու հետ մեկտեղ պետք է զսպի Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը, բայց այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Եվրոպական կառույցները, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկներ, որևէ կերպ չեն ցանկանում անհարմարություն պատճառել Ալիևին։ Ադրբեջանը 4 տարվա ընթացքում հասցրել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններ կատարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ, սակայն ոչ միայն դրա մասին չի խոսվում Եվրոպայում, այլև կասկածի տակ չի դրվում Ալիևի բռնապետական իշխանության լեգիտիմությունը։ Այնպես որ, դրամաշնորհները, խոստումներն ու մեր թևատակերին դրվող «ձմերուկները» որևէ արժեք չունեն, եթե Արևմուտքը աչքերը փակում է Ադրբեջանի հանցագործությունների, ագրեսիվ կեցվածքի ու նրա դաշնակից Թուրքիայի «դրդումների» վրա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
website by Sargssyan