Շարունակում ենք առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը․ Արարատ Միրզոյան
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ԵՄ կողմից կազմակերպված «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» թեմայով նախարարական հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նաև մասնակցել է Միջտարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի առաջմղման թեմայով քննարկման։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Այս ձևաչափով քննարկմանը, որն անցկացվում է առաջին անգամ, մասնակցել են ԵՄ անդամ պետությունները, Սևծովյան լայն տարածաշրջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրները:
Լյուքսեմբուրգում կայացած երկու քննարկումների ժամանակ մասնակից պետությունները և ԵՄ պաշտոնյաներն իրենց ելույթներում ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը՝ ընդգծելով դրա կարևորությունը հաղորդակցությունների ընդլայնման և միջտարածաշրջանային համագործակցության խթանման համար, այդ թվում՝ TRIPP ուղու կայնքի կոչման միջոցով:
Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.
«Ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն այս ընդլայնված ձևաչափով՝ Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների մասնակցությամբ։ Մենք համոզված ենք, որ ԵՄ, Թուրքիայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև դիմակայուն և դիվերսիֆիկասցված կապուղիների զարգացումը տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու և երկարաժամկետ բարեկեցությունն ապահովելու բանալին է։
Հարգելի՛ գործընկերներ, բավական է միայն քարտեզին մի հայացք նետել հասկանալու համար, թե ինչու է Հայաստանը խորապես շահագրգռված առևտրի, տրանսպորտի, թվային և էներգետիկ ոլորտներում ավելի լայն փոխկապակցվածության խթանմամբ։ Սա ռազմավարական առաջնահերթություն է իմ երկրի համար։ Մենք տարածաշրջանային փոխկապակցվածությունը դիտում ենք ոչ միայն որպես տնտեսական աճի շարժիչ ուժ, այլև որպես կենսական գործիք՝ դիմակայունության ամրապնդման, սոցիալական զարգացման խթանման և մեր տարածաշրջանում հարատև խաղաղության ու կայունության ապահովման համար։
Մենք խորապես համոզված ենք, որ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության սկզբունքների վրա կառուցված ներառական և հավասար փոխկապակցվածությունն անփոխարինելի է տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման համար: Այս համատեքստում մենք շարունակում ենք առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանային և գլոբալ առևտրի զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և, իհարկե, մարդկանց ազատ տեղաշարժի համար։
Շատ ոգեշնչող է, որ այս տեսլականը սկսում է իրականություն դառնալ: Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հուրընկալմամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատմական հանդիպումը բացել է իսկական հնարավորություն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համար։ Համատեղ հռչակագրի և TRIPP հաղորդակցությունների ծրագրի՝ TRIPP ուղու լիարժեք իրականացումը կարող է Հարավային Կովկասը վերածել արդյունավետ և անվտանգ տարանցիկ ու լոգիստիկ հանգույցի։ Այս համատեքստում ցանկանում եմ արտահայտել իմ երախտագիտությունն առ այն, որ մեր նախորդ քննարկման ընթացքում ձեզանից շատերը մեծ կարևորություն տվեցին և հույս հայտնեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդման և ինստիտուցիոնալացման հարցում։
Այս համատեքստում Հայաստանի և Թուրքիայի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը ևս առանցքային բաղադրիչ է։ Հայաստանի և Թուրքիայի միջև Գյումրի-Կարս երկաթուղու վերաբացումը չի պահանջում խոշոր ներդրումներ, և կարճ ժամանակահատվածում կարող ենք ունենալ գործող երկաթուղի, որը, Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին, կարող է դառնալ «Միջին միջանցք» նախագծի բաղադրիչ։ Ավելին, այն անմիջապես կստեղծի միաասնական երկաթուղային ցանց Պարսից ծոցի, Սև և Կասպից ծովերի միջև։
Փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտով։ Մենք նույնքան հանձնառու ենք կառուցելու նաև ապագայի թվային և էներգետիկ կապերը։
Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թվայնացմանը՝ այն դիտարկելով որպես առևտրի, կառավարման և նորարարության հիմնական խթանող ուժ։ Թվային առևտրային միջանցքների ամրապնդումը, սահմանային տվյալների հոսքերի կատարելագործումը և թվային համակարգերի փոխգործունակության ընդլայնումը կարևոր նշանակություն ունեն դիմակայուն մատակարարման շղթաներ ձևավորելու և ավելի սահուն լոգիստիկա ապահովելու համար։
Կայուն զարգացման ապահովման տեսլականի ներառումը փոխկապակցվածության պլանավորման գործընթացում նպատակ ունի նպաստել ավելի կանաչ, անվտանգ և ներառական ապագայի ձևավորմանը։ Հետևաբար, տարածաշրջանային հաղորդակցության կապերը բարելավող ենթակառուցվածքային ծրագրերը պետք է համադրվեն էներգետիկ համակարգերի դեկարբոնիզացիայի և վերականգնվող աղբյուրների խթանման ջանքերի հետ։ Հայաստանը բարձր է գնահատում մաքուր էներգիային անցումը խթանելու, էներգաարդյունավետությունը բարձրացնելու և կլիմայական պայմաններին դիմացկուն ենթակառուցվածքներ զարգացնելու համատեղ ջանքերը» ։
Եզրափակելով՝ Հայաստանը վճռական է ցամաքով սահմանափակված երկրից վերածվել ցամաքի միջոցով փոխկապակցված երկրի՝ խաղաղության, փոխկապակցվածության և բարգավաճման խաչմերուկի։ Եվ այս առումով մենք պատրաստ ենք լինել օգտակար մեր գործընկերների և հարևանների համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց