Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը
ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը իշխանությունը փորձում է մատուցել որպես մեծ դիվանագիտական հաջողություն, իրականում ստեղծում է նոր սպառնալիքներ և խորացնում Հայաստանի ներքին ու արտաքին խոցելիությունները։ Մինչ պաշտոնական ղեկավարությունը խոսում է «նոր հնարավորությունների» մասին, իրականությունն ամբողջովին հակառակն է․ պետությունն աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը, իսկ իշխանությունը՝ վերահսկողությունը քաղաքական ու հասարակական գործընթացների վրա։
Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ակտիվիստների նկատմամբ ճնշումները և քաղաքական հետապնդումները դարձել են միջազգային արձագանքի հիմնական պատճառներից։ Արևմտյան գործընկերները գնալով ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցության խորացման, այլ մտահոգությունների բարձացման նպատակով։ Հայաստանի իշխանության վարքագիծը հակասում է այն ժողովրդավարական չափորոշիչներին, որոնց վրա կառուցված են միջազգային հարաբերությունները։ Սա վտանգում է ոչ միայն համագործակցային ծրագրերը, այլև Հայաստանի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ հեղինակությունը։
Եկեղեցու դեմ իրականացվող արշավը նույնպես ստանում է լայն հրապարակային արձագանք Արևմուտքում։ Երբ իշխանությունը հարված է հասցնում ազգային ինքնության հիմք հանդիսացող ինստիտուտին՝ Հայ Առաքելական եկեղեցուն, դա դիտվում է ոչ միայն ներպետական ճնշման գործիք, այլև ժողովրդավարական արժեքների խաթարում։ Արդյունքում Հայաստանը պարզորոշ ներկայանում է որպես երկիր, որտեղ իշխանությունը քանդում է ինքնության, իրավունքի և հասարակական համերաշխության հենասյուները։
Անվտանգային ոլորտում զարգացումները մտահոգիչ են ոչ պակաս։ Ադրբեջանի հետ «խաղաղության» պատրանքի ներքո Հայաստանի պաշտպանության նախարարը առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ միայն չի թուլացնում իր ռազմական ներուժը, այլ ընդհակառակը՝ անընդհատ արդիականացնում է զինուժը և ընդլայնում զինանոցը։ Այս պայմաններում բանակի թուլացումը ոչ թե խաղաղությանը միտված քայլ է, այլ թուլացման վտանգավոր գործընթաց, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Չի բացառվում, որ այս որոշումը հանդիսանում է Ադրբեջանի անուղղակի պայմաններից ևս մեկը, որը Փաշինյանը հերթով կատարում է՝ փորձելով պահել իշխանությունը՝ պետության հաշվին։
Սահմանադրական փոփոխությունների գաղափարը ևս ներկայացվում է «ժամանակակից ինքնության» անվան տակ, մինչդեռ իրականում այն ունի հստակ արտաքին պատվիրատու։ Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանը հրաժարվի իր տարածքային նշումներից և ինքնիշխանության հիմնարար ձևակերպումներից, չի կարող իրականանալ առանց Սահմանադրության փոփոխության։ Այս գործընթացը արդեն իսկ ազդում է պետության ինքնության, պատմական իրավունքի և անվտանգային հավասարակշռության վրա։ Փաստացի, իշխանությունը որոշել է վերաձևել Հայաստանի պետական հիմքերը՝ համապատասխանեցնելով դրանք հարևան երկրի պահանջներին։
Այս իրավիճակում ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը դառնում է ոչ թե համագործակցության ամուր շրջանակ, այլ արտաքին լեգիտիմություն՝ ներքին վտանգավոր քայլերը իրականացնելու համար։ Երբ իշխանությունն իր գործողություններով քանդում է պետական ինստիտուտները, թուլացնում բանակը, բացում սահմանադրական դռներ արտաքին պահանջների առաջ և խաթարում հասարակական միասնականությունը, ոչ մի միջազգային փաստաթուղթ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը։
Հայաստանը պետք է հենվի ուժեղ պետության, կայուն ինստիտուտների և սեփական անվտանգության հաշվարկների վրա։ Իսկ եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվի, ապա հուշագրերը, համագործակցությունները և արտաքին հայտարարությունները չեն կարողանալու փոխարինել այն իրական հենասյուներին, որոնց վրա կանգնած է պետության գոյությունն ու անվտանգությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...