Վաշինգտոնյան հուշագիրը. անորոշ ճանապարհ դեպի վտանգավոր ճակատագիր
Վաշինգտոնում ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկման խոշոր նախաձեռնություն, իրականում ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Հայկական կողմը փաստաթղթում օգտագործում է «Թրամփի ուղի» ձևակերպումը, մինչդեռ Ադրբեջանը նույն բանն անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Այս անվանումների հակասությունը միայն տեխնիկական հարց չէ․ դա հուշում է, որ կողմերը փաստաթուղթը մեկնաբանում են միմյանցից ամբողջովին տարբեր ձևով։ Իսկ եթե համաձայնություն չի կարող կայանալ նույնիսկ անվան շուրջ, ապա ինչպե՞ս է իրականացվելու այդ ճանապարհի գործնական կառուցումը։
Հուշագրի այս անորոշությունը վտանգավոր է՝ հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի քաղաքական դաշտում խորանում են ճնշումները, իսկ միջազգային գործընկերները՝ հատկապես արևմտյան կառույցները, գրեթե բաց տեքստով հայտարարում են ժողովրդավարական հետընթացի մասին։ Վերջին ամիսներին ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, բռնի ձերբակալությունները, անարդար դատարանները և ոստիկանության սաստկացած գործողությունները դարձել են միջազգային ուշադրության կենտրոնը։
Արևմտյան դիվանագետների այցերը Հայաստան այլևս ոչ թե պարզապես քաղաքական հետաքրքրություն են, այլ անհրաժեշտ միջամտություն՝ հասկանալու, թե ուր է շարժվում երկիրը և ինչու է կառավարությունը վտանգում ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը։ Եվ այստեղ առաջանում է անմիջական կապ․ եթե Հայաստանի կառավարությունը միաժամանակ ստորագրում է անորոշ ու միակողմանի ընթերցման ենթակա փաստաթղթեր, իսկ ներսում ճնշում է սեփական քաղաքացիների ազատությունը, ապա դա ոչ միայն թուլացնում է երկրի միջազգային դիրքերը, այլ ուղղակիորեն նվազեցնում է նրա կարողությունը՝ արտաքին վտանգներին դիմակայելու։
Հայ Առաքելական եկեղեցու դեմ ընթացող արշավն էլ ավելի է ծանրացնում իրավիճակը։ Երբ պետությունը փորձում է խլել իր հարյուրամյակներով գոյություն ունեցող ինքնության հիմքերից մեկը, երբ եկեղեցու հոգևորականների դեմ քրեական գործեր են հարուցվում, իսկ կաթողիկոսի դեմ կազմակերպվում է բաց քաղաքական հարված, դա ոչ միայն ներքին լարվածություն է ստեղծում, այլ դառնում է լուրջ միջազգային խնդիր։ Արևմտյան կառույցները խոսքի, դավանանքի և ինքնության ազատության դեմ ուղղված քայլերը դիտում են որպես հետընթաց մարդու իրավունքների ոլորտում, ինչն արդեն ազդեցություն է ունենում ծրագրերի ֆինանսավորման և համագործակցության մակարդակի վրա։
Այս միջազգային ֆոնի վրա մտահոգիչ է նաև Հայաստանի՝ սեփական պաշտպանունակությունը թուլացնելու անընդհատ հնչող գաղափարը։ Պաշտպանության նախարարը առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության տևողությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միայն մեծացնում է իր ռազմական բյուջեն, զարգացնում բանակը և կառուցում միջազգային ռազմական համագործակցության նոր ուղղություններ։ Եթե Հայաստանը գնում է սեփական ինքնապաշտպանական մեխանիզմները խեղդելու ճանապարհով, ապա դա չի կարող դիտարկվել որպես բարեփոխում։ Ավելի շուտ՝ դա ենթադրում է մի պայման, որն առաջ է քաշվել Բաքվի կողմից և որը կառավարությունը պատրաստ է կատարել։
Սրան գումարվում է սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որը ներկայացվում է որպես ազգային ինքնության «արդիականացում»։ Սակայն իրականում փոփոխությունների առանցքում Ադրբեջանի պահանջն է՝ Հայաստանի Սահմանադրությունից դուրս բերել Լեռնային Ղարաբաղին վերաբերվող դրույթները։ Սա ոչ թե տեխնիկական փոփոխություն է, այլ Հայաստանի պետական ինքնության վերափոխման փորձ։ Եթե իշխանությունը համաձայնում է կատարել այս փոփոխությունը, ապա այդ քայլը կդառնա Հայաստանի կողմից վերջին տարիների ամենամեծ քաղաքական զիջումը։
Այս ամենը միասին ձևավորում է այնպիսի իրավիճակ, որտեղ Վաշինգտոնյան հուշագիրը այլևս պարզապես տարածաշրջանային ճանապարհի նախագծի մասին փաստաթուղթ չէ։ Այն դառնում է լայն գործընթացի մաս, որտեղ Հայաստանի կառավարությունը, ներքին և արտաքին ճնշումների խաչմերուկում, գնալով կորցնում է սեփական նախաձեռնողականությունը և ավելի հաճախ իրականացնում է ոչ թե ազգային շահերից բխող, այլ արտաքին պարտադրանքով ձևավորված որոշումներ։
Հայաստանի առջև կանգնած է ընտրություն․
շարունակել անորոշության և վտանգավոր համաձայնությունների միջոցով առաջ շարժվել դեպի ապակայունացում, թե վերանայել այս գործընթացների տրամաբանությունը՝ վերականգնելով ինքնիշխանության, ժողովրդավարության և պաշտպանության առանցքային հիմքերը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...