Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի վերջին հայտարարությունները բացահայտ քաղաքական ազդակներ են՝ ուղղված Հայաստանի ներքաղաքական դաշտին։
Նրա խոսքը «Զանգեզուրի միջանցքի», «Միջին միջանցքի» և «Թրամփի ուղու» (TRIPP) շուրջ, ինչպես նաև Հայաստանի առաջիկա ընտրություններին վերաբերող գնահատականները դուրս են գալիս արտաքին քաղաքական չեզոքության սահմաններից։
Ֆիդանը ոչ միայն հաստատում է, որ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուսումնասիրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև քննարկված նախաձեռնությունը, այլև այն բացահայտորեն նույնականացնում է իրենց կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի հետ։
Ավելին, նա փաստում է, որ այդ թեման մանրամասն քննարկվել է Ադրբեջանի հետ, զեկուցվել է Թուրքիայի նախագահին, և գործընթացը դիտարկվում է որպես տարածաշրջանային ռազմավարական նախագծի մաս։
Սակայն առավել խնդրահարույցը Ֆիդանի հայտարարությունների այն հատվածն է, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Թուրքիայի արտգործնախարարը ոչ միայն անդրադառնում է 2026 թվականի ընտրություններին, այլև, հղում անելով սոցիոլոգիական հարցումներին, արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանը «առաջատար է» և արժանանում է աջակցության՝ իր «կառուցողական» քաղաքականության համար։ Սա այլևս ոչ թե արտաքին չեզոք դիտարկում է, այլ հստակ քաղաքական դիրքավորում՝ նախընտրելի սուբյեկտի բացահայտ մատնանշմամբ։
Այս համատեքստում «կառուցողականություն» եզրույթը ունի հստակ բովանդակություն։ Այն չի վերաբերում խաղաղությանը որպես արժեքի, այլ Փաշինյանի կոնկրետ քաղաքական վարքագծի՝ ենթակառուցվածքային և հաղորդակցային նախագծերի այնպիսի ձևաչափով առաջմղմանը, որը լիովին համընկնում է թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի հետ։ Հենց այդ համընկնումն էլ, ըստ էության, պայմանավորում է Անկարայի աջակցությունը։
Հատկանշական է նաև իշխանությունների հավանական արձագանքի երկակի ստանդարտը։
Երբ ռուսաստանյան պրոպագանդիստների հայտարարությունները որակվում են որպես միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը, ձևավորվում է «արտաքին սպառնալիքի» օրակարգ։ Բայց երբ Թուրքիայի արտգործնախարարը բացահայտորեն խոսում է Հայաստանի ընտրություններից, գնահատում գործող իշխանության վարկանիշն ու ակնարկում քաղաքական գծի շարունակականության անհրաժեշտությունը, այդ միջամտությունը ոչ միայն չի դատապարտվում, այլ կարող է վերածվել ներքաղաքական քարոզչական գործիքի։
Արդյունքում ձևավորվում է վտանգավոր տրամաբանություն, ըստ որի՝ արտաքին աջակցությունը լեգիտիմ է այնքան ժամանակ, քանի դեռ այն սպասարկում է գործող իշխանության քաղաքական շահերը։ Ավելին, Ֆիդանի հայտարարությունները կարող են օգտագործվել իշխանության կողմից՝ հասարակությանը ներշնչելու համար, թե իշխանության փոփոխությունը կհանգեցնի տարածաշրջանային գործընթացների փլուզման և պատերազմի վտանգի աճի։ Սա արդեն ոչ թե դիվանագիտական դիրքորոշում է, այլ ընտրական վախի տեխնոլոգիա։
Փաշինյանի թիմի կողմից Հայաստանի ինքնիշխանությունը ընկալվում է ընտրովի՝ կախված նրանից, թե որ կենտրոնից է գալիս միջամտությունը և ում է այն ձեռնտու։ Իսկ ընտրությունների շեմին նման արտաքին ազդակների լռությամբ ընդունումը կամ ներքաղաքական նպատակներով շահարկումը ստեղծում է վտանգավոր նախադեպ՝ թե՛ պետական ինստիտուտների, թե՛ հանրային վստահության համար»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»