Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում աստիճանաբար ձևավորվել է մի պատկերացում, ըստ որի, հայրենիքը, պետությունը և ինքնությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն։ Այս մոտեցումը ներկայացվում է ոչ թե որպես քննարկման ենթակա քաղաքական թեզ, այլ որպես ժամանակի և պատմության կողմից թելադրված անխուսափելի անհրաժեշտություն։ Այն հիմնվում է այն տրամաբանության վրա, որ ժամանակակից աշխարհում ինքնությունները գործում են պետությունների միջոցով, իսկ պետականության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է ինքնության քայքայման։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է թվալ իրատեսական և նույնիսկ պաշտպանողական, սակայն ավելի խորքային դիտարկումը բացահայտում է դրա ներքին հակասությունները և ազգային ինքնության ամբողջական ընկալման համար վտանգավոր կողմերը։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում, անշուշտ, պետությունն է հանդիսանում իրավական հիմնական սուբյեկտը։ Քաղաքացիական իրավունքները, անվտանգությունը, սոցիալական պաշտպանությունն ու քաղաքական ներկայացվածությունը իրականություն են դառնում պետական ինստիտուտների միջոցով։ Այս իմաստով պետությունն իսկապես առանցքային գործոն է ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում։ Պատմությունն էլ բազմիցս ցույց է տվել, որ պետականության բացակայությունը ժողովուրդներին թողնում է խոցելի դիրքում, զրկում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից և հաճախ հանգեցնում է քաղաքական ու մշակութային ճնշումների։

Սակայն այս իրողությունից բխեցնել, թե հայրենիքն ամբողջությամբ նույնանում է պետության հետ, արդեն իսկ խնդրահարույց է։ Հայ ժողովրդի պատմական փորձը խոսում է հակառակի մասին։ Հայկական ինքնությունը ձևավորվել է պետականության պայմաններում, սակայն պահպանվել է նաև դրա բացակայության ընթացքում։ Դարեր շարունակ, երբ հայկական պետականություն գոյություն չի ունեցել, հայրենիքի գաղափարը չի վերացել։ Այն ապրել է լեզվի, հավատքի, պատմական հիշողության, մշակութային ավանդույթի և հոգևոր ինքնագիտակցության միջոցով։ Եթե հայրենիքը ամբողջությամբ նույնացվեր պետության հետ, ապա միջնադարյան և նոր ժամանակների հայությունը պետք է համարվեր առանց հայրենիքի գոյություն ունեցող հանրույթ, ինչը ակնհայտորեն հակասում է պատմական իրականությանը։

Պետականությունն, անկասկած, կարևոր դեր է խաղացել ինստիտուցիոնալ հիշողության, քաղաքական մտածողության և ինքնիշխանության գաղափարի ձևավորման գործում։ Հին և միջնադարյան հայկական թագավորությունները ստեղծել են այն արժեքային և իրավական հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվել է ազգային ինքնագիտակցությունը։ Սակայն նույն պատմությունը նաև ապացուցում է, որ պետության կորստից հետո այդ գործառույթների մեծ մասը փոխանցվել է ոչ պետական ինստիտուտներին։ Եկեղեցին, կրթական ավանդույթը, գրավոր լեզուն և մշակութային ինքնակազմակերպումը դարեր շարունակ ապահովել են ինքնության շարունակականությունը՝ անկախ պետական իշխանության առկայությունից։

Այս համատեքստում ինքնության սահմանափակումը միայն գործող պետական կազմակերպա-իրավական ձևով հանգեցնում է գաղափարական աղճատման։ Հայրենասիրությունը սկսում է մեկնաբանվել որպես վարչարարական պարտականությունների կատարում, օրինապահություն և հարկային պարտավորությունների իրականացում։ Այդ մոտեցման մեջ ազգային ինքնությունը վերածվում է քաղաքացիական վարքագծի կանոնների համադրության, մինչդեռ դրա մշակութային, պատմական և քաղաքակրթական շերտերը մղվում են երկրորդ պլան կամ ներկայացվում են որպես անցյալին պատկանող, այլևս գործառույթ չունեցող երևույթներ։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Հայրենիքը պետությունն է. եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետությունն է.վճարի՛ր հարկերդ». այս կրկնվող կառուցվածքը հայրենասիրությունը վերածում է վարչարարական վարքագծի, իսկ ինքնությունը՝ քաղաքացիական պարտականությունների հավաքածուի, որի մեջ այլևս տեղ չի մնում պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հոգևոր չափման համար։

Սակայն հայ մշակութային մտածողության մեջ հայրենիքը երբեք չի սահմանափակվել հրահանգներով։ Հովհաննես Շիրազը վաղուց էր ձևակերպել այս միտքը ոչ որպես քաղաքական պահանջ, այլ որպես ներքին ճանաչում. «Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա»։ Այս տողերում հայրենիքը ապրում է ոչ թե արտասանության, այլ ներսից կրելու, ցավի և անձնական պատկանելության մեջ։ Նույն ներքին աշխարհընկալումն է ձևակերպում նաև Պարույր Սևակը, երբ գրում է, որ հայրենիքի անունը արտասանելիս ձեռքը դրվում է սրտի վրա՝ ոչ թե երդման ձևի համար, այլ որպեսզի այն «հանկարծակի չպայթի դողից»։ Այստեղ հայրենիքը գաղափար չէ, այլ ծանրություն, որը մարդը կրում է իր ներսում։ Իսկ երբ Սևակն արձանագրում է, թե Սուրբ Գրքերը «յուղոտ բերանով են ծամում», նա նախազգուշացնում է այն վտանգի մասին, երբ ամենասրբազանը վերածվում է շահարկման և սպառման նյութի։ Ինչպես ինքն է ընդգծում մեկ այլ տեղ, «մեզ մեր հայրենիքում սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»։

Հատկապես խնդրահարույց է այն պնդումը, ըստ որի, գործող պետական տարածքը պետք է ընկալվի ոչ թե որպես պատմական կորուստների հետևանք, այլ որպես ամբողջական և ավարտուն հայրենիք, իսկ պատմական փորձը՝ որպես միայն նախազգուշացում՝ այլևս չկրկնելու այդ ճանապարհը։ Այս մոտեցումը ենթադրում է, որ պատմական հիշողությունը պետք է կատարի սահմանափակող դեր և չդառնա ինքնության կենսունակ բաղադրիչ։ Մինչդեռ պատմությունը ինքնություն ձևավորող ոչ միայն սխալների հիշեցում է, այլ նաև շարունակականության և ինքնագիտակցության աղբյուր։

Այս հանգամանքի անտեսումը ստեղծում է վտանգ ազգային ամբողջականության ընկալման համար։ Սփյուռքը, որը դարեր շարունակ եղել է հայ ինքնության պահպանման և վերարտադրության առանցքային միջավայրերից մեկը, այս տրամաբանության մեջ հայտնվում է գաղափարական դաշտից դուրս։ Եթե ինքնությունը ամբողջությամբ նույնացվում է գործող պետության հետ, ապա պետական սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր հայեր փաստացի զրկվում են լիարժեք հայրենիք ունենալու զգացումից, ինչը խորացնում է ազգային ներքին պառակտումը։

Պետությունը պատասխանատվություն է, ինչպես պատասխանատվություն է նաև ազատությունը։ Սակայն պատասխանատվությունը չի կարող հիմնվել ինքնության նեղացման և պատմական ամբողջության մերժման վրա։ Ազգային ինքնության ուժը միշտ եղել է դրա բազմաշերտ լինելու մեջ՝ քաղաքական, մշակութային, հոգևոր և պատմական բաղադրիչների համադրության մեջ։ Պետությունը կարող է և պետք է լինի այդ ինքնության քաղաքական արտահայտությունը, բայց այն չի կարող փոխարինել ամբողջական հայրենիքի գաղափարին։

Այսպիսով, պետության կարևորության ընդգծումն ինքնին խնդրահարույց չէ, սակայն այն վտանգավոր է դառնում այն պահին, երբ վերածվում է բացարձակացման։ Հայկական պատմական փորձը հուշում է, որ ինքնության կենսունակությունը պայմանավորված է եղել ոչ միայն պետականությամբ, այլ նաև այն արժեքներով ու ինստիտուտներով, որոնք գործել են պետականությունից անկախ։ Հետևաբար, ազգային մտածողության առողջ զարգացման համար անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը քաղաքական իրատեսության և պատմական-քաղաքակրթական ամբողջականության միջև՝ չնեղացնելով հայրենիքը միայն պետական սահմանների շրջանակում։

Պետությունն անհրաժեշտ է հայրենիքի համար, սակայն երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը։ Այդ պահին ինքնությունը դադարում է ապրել որպես հիշողություն, մշակույթ և հոգի, և սկսում է գործել միայն որպես պարտականություն։ Ըստ էության, ինքնությունը չի կորսվում այն օրը, երբ պետությունը թուլանում է, այլ այն օրը, երբ հայրենիքը սկսում են բացատրել միայն պետության լեզվով։ Պետությունը կարող է սահմաններ ունենալ, բայց հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ ինքնությունը դեռ չի սովորել խոսել միայն հրահանգների լեզվով: Երբ հայրենիքը վերածվում է պարտականության, ինքնությունը դադարում է լինել ընտրություն:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում