Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Ռուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան
Մամուլի տեսություն

Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային արենայում տեղի ունեցող տեկտոնիկ տեղաշարժերը վկայում են այն մասին, որ մենք ականատեսն ենք հիմնարար փոփոխությունների, որոնք վերաձևավորում են միջազգային համակարգի ողջ կառուցվածքը և փոխարինում են ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հաստատված կարգերը նոր, անորոշ և բազմաբևեռ իրականությամբ։ Այն, ինչ արդեն նշմարվում է տարվա մեկնարկին, ոչ այլ ինչ է, եթե ոչ ապագլոբալիզացիայի և առևտրային պատերազմների ինտենսիվացման գործընթաց, որն ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորմանը զուգահեռ։ Եվ այս երկու միտումները փոխկապակցված են այնպես, որ մեկի ընկալումն առանց մյուսի գրեթե անհնար է դառնում։

Գլոբալիզացիան, որը վերջին երեք տասնամյակի ընթացքում ներկայացվում էր որպես համաշխարհային մակարդակով նկատվող երևույթ, որը պետք է բերի բոլոր երկրների միավորում, տնտեսական բարգավաճում և մշակութային փոխանակություն, այժմ ենթարկվում է լուրջ վերագնահատման, և դա տեղի է ունենում միջազգային քաղաքականության և տնտեսության ամենակարևոր հարթակներում, որտեղ որոշումներ են ընդունվում, որոնք ազդում են միլիարդավոր մարդկանց կյանքի վրա։

Այս փոփոխությունների էպիկենտրոնում գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից վարվող քաղաքականությունը, որը ներկայացնում է հիմնարար շեղում այն ռազմավարությունից, որին հավատարիմ էր մնացել Վաշինգտոնը միաբևեռ աշխարհակարգի ձևավորումից սկսած։ Նախկին մոտեցումը հիմնված էր գլոբալ առաջնորդության և համաշխարհային պատասխանատվության վրա, երբ Ամերիկան իր պարտքն ու միաժամանակ իր ռազմավարական շահն էր համարում ապահովել անվտանգություն և կարգ ամբողջ աշխարհում, ստեղծել միջազգային ինստիտուտներ և պահպանել ազատ առևտրի համակարգը։ Սակայն այս մոտեցումը կրել է արմատական փոփոխություն, և այժմ Ամերիկայի նոր ռազմավարությունը կենտրոնացած է ԱՄՆ-ի մեկուսացման, ամերիկյան ներուժի ավելացման և առաջին հերթին Ամերիկյան աշխարհամասում, այսինքն՝ Արևմտյան կիսագնդում գերակայության հաստատման վրա։

Այս փոփոխությունը ոչ միայն պաշտոնյայի կողմից հնչող հռետորաբանության հարց է, այլ արտահայտվում է կոնկրետ քաղաքականության մեջ՝ պաշտպանական ծախսերի վերաբաշխում, առևտրային բանակցությունների նոր մոտեցում, դաշնակիցների նկատմամբ պահանջների ուժեղացում և ողջ միջազգային քաղաքականության վերաֆորմատավորում։ Եթե նախկինում ԱՄՆ-ն իր պատասխանատվության գոտի էր համարում ողջ մոլորակը և պատրաստ էր միջամտել ցանկացած տարածաշրջանում, որտեղ կարծում էր, որ միջազգային կարգին սպառնացող վտանգ կա, ապա այժմ այս իրավիճակը փոխվել է հիմնովին։ Ամերիկյան վարչակազմը բացահայտորեն հայտարարում է, որ տեղական դերակատարները պետք է ապահովեն իրենց սեփական անվտանգությունը, և Վաշինգտոնը չի պատրաստվում անսահմանափակ ռեսուրսներ ծախսել այլ երկրների պաշտպանության համար, եթե այդ երկրները ինքնուրույն չեն ներդնում բավարար միջոցներ իրենց պաշտպանության մեջ։

Այս մոտեցումը հատկապես ակնհայտորեն դրսևորվում է Եվրոպայի հետ հարաբերություններում, որտեղ տասնամյակներ շարունակ եվրոպական երկրները գտնվել են ամերիկյան անվտանգային հովանոցի ներքո, վայելել են ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության երաշխիքները և հնարավորություն են ունեցել ծախսել իրենց բյուջեների համեմատաբար փոքր տոկոսը պաշտպանության վրա, մինչդեռ Ամերիկան կրում էր պաշտպանական ծախսերի հիմնական բեռը։ Վաշինգտոնի նոր պահանջներով ՆԱՏՕ-ի երկրները պարտավոր են էականորեն ավելացնել իրենց ռազմական ծախսերը, հասցնել դրանք մինչև իրենց համախառն ներքին արդյունքի հինգ տոկոսին, ինչը նշանակում է տասնյակ միլիարդ դոլարների լրացուցիչ ծախսեր, որոնք կարող էին ուղղվել կրթության, առողջապահության կամ ենթակառուցվածքների զարգացմանը։

Եվրոպան իր հերթին սկսում է հասկանալ այս նոր իրականությունը, և եվրոպական ղեկավարները գիտակցում են, որ Ամերիկան այլևս չի դիտարկում Եվրոպան որպես առաջնահերթություն, այլ կենտրոնացած է հենց իր՝ ներամերիկյան թեմաների և առաջին հերթին սեփական տնտեսական շահերի վրա։ Ամերիկյան վարչակազմի համար կարևոր է դարձել ոչ թե գլոբալ կառավարման համակարգի պահպանումը կամ ազատ առևտրի իդեալների խթանումը, այլ կոնկրետ և չափելի արդյունքները՝ ամերիկյան բիզնեսի զարգացում, աշխատատեղերի ստեղծում Ամերիկայի տարածքում, արտադրական ներուժի վերադարձ հայրենիք, առևտրային հավասարակշռության բարելավում և ամերիկյան ընկերությունների մրցունակության բարձրացում։

Այս նոր մոտեցման առանցքում գտնվում է մաքսատուրքերի թեման, որը պարբերաբար բարձրանում է Վաշինգտոնի օրակարգում և ստեղծում է անհանգստություն ինչպես դաշնակիցների, այնպես էլ մրցակիցների շրջանում։ Մաքսատուրքերը, որոնք տասնամյակներ շարունակ դիտվում էին որպես անցյալի մնացորդ և գլոբալիզացված աշխարհում անտեղի գործիք, այժմ վերադառնում են որպես տնտեսական քաղաքականության հիմնական գործիք։ Բայց Վաշինգտոնը պատրաստ է կիրառել դրանք ոչ միայն մրցակիցների, այլև պարբերաբար նույնիսկ դաշնակիցների նկատմամբ՝ ելնելով այն ելակետից, որ առևտրային հարաբերությունները անարդար են ամերիկյան արտադրողների համար։ Պատահական չէ, որ եվրոպական երկրների ղեկավարները նույնիսկ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում, որը երկար տարիներ եղել է գլոբալիզացիայի և ազատ շուկայի գաղափարախոսության հավաքատեղի, բացեիբաց խոստովանում էին, որ նոր աշխարհակարգ է ձևավորվում, որը էապես տարբերվելու է նախկինում գործող կարգերից, և Եվրոպան պետք է հարմարվի այս նոր իրականությանը։

Այս ընկալումը ցավոտ է եվրոպական քաղաքական էլիտայի համար, որը տասնամյակներ շարունակ դավանել է ինտեգրացիայի, բազմակողմության և միջազգային հաստատություններում համագործակցության կարևորությունը։ Բայց իրականությունը պարտադրում է վերագնահատել այս մոտեցումները, և Եվրոպան սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել սեփական ռազմավարական ինքնիշխանության հաստատմանը, պաշտպանական արդյունաբերության զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում առաջնության ձեռքբերմանը և էներգետիկ անկախությանը։

Կարևոր է արձանագրել, որ Ամերիկայի համար պրոտեկցիոնիստական քաղաքականության շրջանակներում ամենամեծ կարևորությունը ստացել է Չինաստանի զսպումը առաջին հերթին հենց տնտեսական հողի վրա, քանի որ Չինաստանը աստիճանաբար հող է նախապատրաստում աշխարհի առաջատար տնտեսությունը դառնալու ճանապարհին։ Նկատի ունենանք, որ վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացները ստեղծել են պարադոքսալ իրավիճակ, երբ արևմտյան կապիտալը, արևմտյան տեխնոլոգիաները և արևմտյան արտադրական հզորությունները հոսել են դեպի Չինաստան և օգնել են այդ երկրին դառնալ աշխարհի գործարան։ Իսկ արևմտյան ներդրումների անընդհատ հոսքը դեպի Չինաստան պայմանավորված է եղել էժան աշխատուժի, թույլ էկոլոգիական ստանդարտների, հարկային արտոնությունների և հսկայական շուկայի խոստումների հանգամանքներով։ Ձևավորվել է ազատ առևտրի համակարգ, որտեղ արտադրությունը, էժան և արդյունավետ լինելու շնորհիվ, կենտրոնացել է հենց Չինաստանում, մինչդեռ արևմտյան երկրները կենտրոնացել են ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ծառայությունների, ֆինանսական գործիքների և ինովացիաների վրա։

Սակայն այս մոդելը, որը նախատեսված էր երկկողմանի օգուտ բերելու, իրականում ստեղծեց ասիմետրիկ արդյունքներ։ Չինական կողմը ժամանակի ընթացքում խելացիորեն օգտագործեց արևմտյան ներդրումները, տեխնոլոգիաները և փորձառությունը ոչ միայն պարզապես արտադրանք ստեղծելու, այլև սեփական տնտեսությունը հիմնովին վերափոխելու, տեխնոլոգիական նշանակալի առաջընթաց ապահովելու, գիտական և հետազոտական հզոր բազա ստեղծելու համար և վերջապես դուրս գալու արևմտյան տեխնոլոգիական կախվածությունից՝ ստեղծելով սեփական նորարարական էկոհամակարգը։

Մինչդեռ ԱՄՆ-ում այս նույն ժամանակահատվածում գործարանները փակվում էին մեկը մյուսի հետևից, արտադրական աշխատատեղերը կրճատվում էին միլիոններով, ամբողջ տարածաշրջաններ դառնում էին դեինդուստրիալիզացված, իսկ ամերիկյան տնտեսությունը ավելի ու ավելի հենվում էր ծառայությունների ոլորտի, ֆինանսական հարթակների և պետական պարտքի ավելացման վրա։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ն, արտադրելով ավելի ու ավելի քիչ ապրանքներ, ավելի ու ավելի կախված էր դառնում ներմուծումից, մինչդեռ Չինաստանը դարձավ աշխարհի առաջին արտահանողը և կուտակեց հսկայական ֆինանսական կապիտալ։ Այժմ ԱՄՆ-ը փորձում է հետ պտտել այս միտումը և փոքրացնել իր տնտեսական կախվածությունը Չինաստանից՝ օգտագործելով մաքսատուրքերի և սանկցիաների մեխանիզմները, փորձելով խթանել արտադրությունը երկրի ներսում, և վերականգնել արտադրական բազան, որը կորսվել էր վերջին քառասուն տարվա ընթացքում։

Սակայն այս ճանապարհին առկա են բազմաթիվ դժվարություններ։ Առաջին հերթին՝ ամերիկյան աշխատուժը շատ ավելի թանկ է, քան չինականը, և թեև այս տարբերությունը նվազել է վերջին տարիներին, այն դեռևս էական է մնում։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է ամբողջական մատակարարման շղթաներին, որոնց կառուցման համար տասնամյակներ պահանջվեցին. դրանք կենտրոնացած են Չինաստանում և Արևել յան Ասիայում, իսկ դրանց վերաբաշխումը պահանջում է տարիներ և հսկայական ներդրումներ։ Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ամերիկյան արդյունաբերությունը կորցրել է հմտությունները, տեխնոլոգիաները և հատուկ գիտելիքները, որոնք անհրաժեշտ են որոշակի արտադրանքի համար, և դրանց վերականգնումը պարզ գործ չէ։ Մյուս կողմից էլ՝ ամերիկյան սպառողները սովորել են էժան չինական ապրանքներին, և ներքին արտադրության անցումը կնշանակի գների զգալի բարձրացում։

Մինչդեռ չինական արտադրությունը շարունակում է իր էքսպանսիան աշխարհով մեկ՝ անկախ ամերիկյան պրոտեկցիոնիզմից, և միայն անցած տարի Չինաստանի արտաքին առևտրի արտահանման ոլորտում մեկ տրիլիոն դոլարի ավելցուկ է գրանցվել, ինչը վկայում է չինական տնտեսության հսկայական մրցունակության մասին։ Չինաստանն ակտիվորեն փնտրում է նոր շուկաներ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Հարավարևել յան Ասիայում և նույնիսկ Եվրոպայում և շատ դեպքերում հաջողությամբ փոխարինում է արևմտյան արտադրողներին։

Բացի այդ, Չինաստանը կատարում է մեծ ներդրումներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ ծախսելով տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ հետազոտության և զարգացման վրա, և արդեն որոշ ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, քվանտային համակարգիչները, 5G տեխնոլոգիաները և վերականգնվող էներգիան, Չինաստանը կա՛մ առաջատար է, կա՛մ մրցում է ԱՄՆ-ի հետ։

Պատահական չէ, որ ներկայիս ձևավորվող աշխարհակարգի պայմաններում հիմնական մրցակցությունն ընթանում է Ամերիկայի և Չինաստանի միջև՝ ներառելով բազմաթիվ ոլորտներ՝ տնտեսություն, տեխնոլոգիա, ռազմական ուժ, գիտություն, դիվանագիտություն և նույնիսկ փափուկ ուժ։ Սա ոչ միայն երկու պետությունների մրցակցություն է, այլ երկու համակարգերի, երկու մոդելների և երկու տեսլականների բախում. մեկը՝ հիմնված ազատ շուկայի, ժողովրդավարության և անհատականության վրա, մյուսը՝ հիմնված պետական կապիտալիզմի, ավտորիտար կառավարման և կոլեկտիվիզմի վրա։ Այս մրցակցության արդյունքը կորոշի ոչ միայն աշխարհում ուժերի հավասարակշռությունը, այլև նոր աշխարհակարգի բնույթը, միջազգային հարաբերությունների կանոնները, գլոբալ տնտեսության կառուցվածքը և նույնիսկ արժեքային համակարգերը, որոնք կգերակշռեն առաջիկա տասնամյակների ընթացքում։

Բայց այս մրցակցության շրջանակներում կարևորագույն նշանակություն ունի նաև Ռուսաստանի դիրքորոշումը և դերը, քանի որ Ռուսաստանը, չնայած իր համեմատաբար փոքր տնտեսությանը համաշխարհային չափանիշներով, մնում է աշխարհագրորեն ամենամեծ պետությունը և տիրապետում է աշխարհի ամենամեծ քանակությամբ բնական ռեսուրսների՝ նավթ, բնական գազ, հազվագյուտ մետաղներ, ուրան, փայտ, ջուր և այլն։

Ռեսուրսների հանգամանքը, որը որոշակի ժամանակահատվածում թվում էր երկրորդական՝ գլոբալիզացված և ֆինանսականացված տնտեսության պայմաններում, այժմ վերադառնում է որպես ռազմավարական կարևորության գործոն, և ապագայում, երբ աշխարհը բախվելու է ռեսուրսների սղության, կլիմայական փոփոխությունների հետևանքների և էներգետիկ անցումների մարտահրավերներին, ռեսուրսների տիրապետումը վճռորոշ նշանակություն է ունենալու։

Ռուսաստանը նաև տիրապետում է նշանակալի միջուկային զենքի արսենալի, ունի հսկայական տարածք, որը ստեղծում է ռազմավարական խորություն և պահպանում է ազդեցություն հետխորհրդային տարածքում և որոշ չափով Եվրասիայի այլ մասերում։

Ուստի, ամենևին պատահական չէ, որ ամերիկյան վարչակազմը ցանկանում է ոչ միայն վերջ դնել Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, որը դարձել է ծանր ֆինանսական և քաղաքական բեռ արևմտյան դաշինքի համար՝ առանց հստակ ռազմավարական հեռանկարների, այլև կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և փորձել Մոսկվային ձգել իր կողմն ու թույլ չտալ Մոսկվա-Պեկին առանցքի ձևավորումը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում