Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»
Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԻսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYPԱդրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրոԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքովԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ Ակոպյան«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածելՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքըԻ՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են. ReutersՈւկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. ԶելենսկիԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանԻրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե
Մամուլի տեսություն

Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքային զարգացման պատկերը, որը բացահայտվում է վերջին հարկային վիճակագրության լույսի ներքո, արտացոլում է խոր և բարդ խնդիրների ամբողջություն։ Իսկ այն վերաբերում է ոչ միայն տնտեսական ռեսուրսների բաշխմանը, այլև երկրի ժողովրդագրական, սոցիալական և զարգացման ապագային։ Այն փաստը, որ երկրի 1000 խոշոր հարկատուներից 827-ը, այսինքն՝ 82,7 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, իսկ այդ ընկերությունների կողմից մուծված հարկերը կազմում են ընդհանուր հարկային մուծումների 84,26 տոկոսը, վկայում է տնտեսական գերկենտրոնացման մասին։ Այս թվերը՝ որպես վիճակագրական ցուցանիշներ, արտացոլում են այն համակարգային անհավասարակշռությունը, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, և որը շարունակում է խորանալ՝ ստեղծելով ամբողջ մի շղթա երկարաժամկետ խնդիրների։

Տնտեսական գերկենտրոնացումը Հայաստանում ունի բազմաշերտ պատմական արմատներ, որոնք սկսվում են դեռևս խորհրդային տարիներից, երբ Երևանը ձևավորվեց որպես արդյունաբերական և վարչական կենտրոն՝ կենտրոնացնելով իր շուրջը գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները, կրթական և գիտական հաստատությունները, մշակութային կյանքը։ Անկախության տարիներին, երբ տեղի ունեցավ տնտեսության տրանսֆորմացիա և անցում շուկայական հարաբերություններին, այս կենտրոնացումը ոչ միայն չնվազեց, այլև զգալիորեն խորացավ, քանի որ նոր ձևավորվող բիզնես կառույցները, ներդրողները, ֆինանսական ինստիտուտները, բնականաբար, հակված էին տեղակայվել այնտեղ, որտեղ արդեն իսկ կար զարգացած ենթակառուցվածք, որակյալ աշխատուժի առկայություն, շուկաներ և վարչական ռեսուրսներ։

Երբ խոսում ենք 84,26 տոկոս հարկային մուծումների կենտրոնացման մասին մայրաքաղաքում, պետք է հասկանանք, որ սա վկայում է ոչ միայն բիզնեսի կենտրոնացման, այլև ամբողջ տնտեսական էկոհամակարգի խեղաթյուրման մասին։ Այս թվի հետևում կանգնած է իրականությունը, որ մարզերը զրկված են լինում հենց այն ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են զարգացման համար՝ ներդրումներ, բարձր որակավորում ունեցող աշխատուժ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ֆինանսական հասանելիություն, ենթակառուցվածքային զարգացում։ Ստեղծվում է ինքնաուժեղացնող ցիկլ, երբ բիզնեսը հակված է գնալ Երևան՝ ռեսուրսների և հնարավորությունների համար, իսկ դա իր հերթին ավելի է ամրապնդում մայրաքաղաքի տնտեսական դոմինանտությունը և ավելի է նվազեցնում մարզերի հնարավորությունները զարգանալու համար։

Համեմատական տվյալները ևս ավելի են ընդգծում իրավիճակի սրությունը, երբ տեսնում ենք, որ 2024 թվականի համեմատ Երևանում գրանցված ընկերությունների թիվն աճել է երկուսով, իսկ նրանց կողմից մուծված հարկերը ավելացել են 189,4 միլիարդ դրամով կամ 13,06 տոկոսով, մինչդեռ մարզերում գրանցված ընկերությունների հարկային մուծումները նվազել են 15,9 միլիարդ դրամով կամ 4,93 տոկոսով։ Այս դինամիկան ցույց է տալիս, որ խնդիրը ոչ միայն հաստատուն է, այլև խորանում է, երբ տնտեսական գործունեության աճի դինամիկան կենտրոնացած է հատուկ մայրաքաղաքում, իսկ մարզերը ոչ միայն հետ են մնում այդ աճից, այլև արձանագրում են նվազում։ Սա հատկապես անհանգստացնող է, քանի որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հենց տարածքային զարգացման հավասարակշռությունն է երաշխավորում երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը։

Տնտեսական գերկենտրոնացման այս մակարդակը ունի խոր սոցիալական հետևանքներ, որոնք արտահայտվում են բազմաթիվ ոլորտներում։ Նախ և առաջ՝ սա առաջացնում է զանգվածային միգրացիա մարզերից դեպի Երևան, երբ մարդիկ, հատկապես երիտասարդները ստիպված են լքել իրենց ծննդավայրերը՝ որոնելով աշխատանքային հնարավորություններ, որակյալ կրթություն, առողջապահական սպասարկում, մշակութային և սոցիալական ծառայություններ։ Այս միգրացիան հանգեցնում է մարզերում ակտիվ, կրթված, նախաձեռնող բնակչության կորստի, ինչն իր հերթին ավելի է նվազեցնում այդ տարածքների զարգացման ներուժը։

Երևանը, մյուս կողմից, բախվում է գերբնակեցվածության խնդրի, ենթակառուցվածքային գերծանրաբեռնվածության, բնապահպանական խնդիրների, երբ քաղաքը պարզապես չի հասցնում զարգանալ այն տեմպերով, որով մարդիկ հոսում են դեպի այն։ Մարզերն, իհարկե, ունեն իրենց հատուկ ներուժը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, վերամշակող արդյունաբերություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, բայց այս ներուժը մնում է չօգտագործված կամ թերօգտագործված հենց այն պատճառով, որ չկան համապատասխան ներդրումներ, ենթակառուցվածքներ և չի վարվում համապատասխան պետական քաղաքականություն։

Ֆինանսական և ներդրումային հոսքերի կենտրոնացումը Երևանում ստեղծում է նաև լուրջ խնդիրներ տեղական տնտեսությունների զարգացման համար։ Բանկերը, ներդրումային ֆոնդերը, ֆինանսական ինստիտուտները սովորաբար հակված են ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ տեսնում են արդեն իսկ ձևավորված շուկաներ, զարգացած ենթակառուցվածք, բարձր վերադարձի ու շահութաբերության հնարավորություններ։ Մարզերը, ունենալով սահմանափակ տեղական ռեսուրսներ, չեն կարողանում ստեղծել այն մեծ պլատֆորմը, որը կարող է գրավել լուրջ ներդրումներ։ Սա հանգեցնում է այն իրավիճակին, որ նույնիսկ այն պարագայում, երբ մարզերում առկա են հեռանկարային նախագծեր և բիզնես գաղափարներ, դրանք չեն կարող իրացվել ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով։

Պետական քաղաքականության և վարչարարության առումով տնտեսական գերկենտրոնացումը նաև ստեղծում է մարտահրավերներ։ Երբ տնտեսական ակտիվության և հարկային մուծումների ճնշող մեծամասնությունը գալիս է մայրաքաղաքից, կառավարությունն ակամա իր ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացնում է այդ տարածքում, իսկ մարզերը մնում են երկրորդական կարևորության մեջ։ Սա արտացոլվում է ենթակառուցվածքային նախագծերի բաշխման, բյուջետային հատկացումների, զարգացման ծրագրերի առաջնահերթությունների մեջ։ Թեև պաշտոնական մակարդակով միշտ կարող են հնչել հայտարարություններ մարզերի զարգացման մասին, իրականում տնտեսական տրամաբանությունը թելադրում է, որ ռեսուրսները հոսեն այնտեղ, որտեղ արդեն իսկ կա ակտիվ տնտեսական գործունեություն։

Ու կարևոր է, որ մարզերում լոգիստիկ ու ենթակառուցվածքային նախագծերի մեջ ոչ միայն պետությունը ներդրումներ իրականացնի, այլև արտոնյալ պայմաններ ստեղծի, որպեսզի բիզնեսը քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Բայց, միևնույն ժամանակ, կարևոր է, որ տարբեր ընկերություններ ևս փորձեն «ընդլայնվել» դեպի մարզեր, իսկ ավելի ստույգ՝ «Երևանից դուրս»: Բարեբախտաբար, արդեն իսկ կան ընկերություններ, որ քայլեր են ձեռնարկում այս առումով, թեպետ նրանց թիվը դեռ բավական փոքր է, կարելի է ասել՝ հատուկենտ։ Օրինակ՝ մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերությունը տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրն է կառուցել Կոտայքի մարզում՝ բավական մեծ թվով աշխատատեղերով։ Սա կարևոր փաստ է, որը կարող է ընդօրինակելի դառնալ այլ կազմակերպությունների համար։ Ի վերջո, խոսքը նոր ստեղծվող կազմակերպության մասին չէ, այլ տասնյակ տարիների պատմություն ունեցող, որը Երևանում արդեն իսկ ունի հագեցած ու զարգացած գործարան:

Կրթական և մարդկային կապիտալի առումով ևս իրավիճակը նույնպես անհանգստացնող է։ Երևանում կենտրոնացած են գրեթե բոլոր խոշոր համալսարանները, հետազոտական կենտրոնները, բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Մարզերի երիտասարդները, գալով սովորելու մայրաքաղաքում, հազվադեպ են վերադառնում իրենց տարածաշրջաններ, քանի որ այնտեղ չկան համապատասխան աշխատանքային հնարավորություններ իրենց որակավորման համար։ Սա ստեղծում է մարդկային կապիտալի միակողմանի հոսք, երբ մարզերը ծախսում են ռեսուրսներ երիտասարդների դաստիարակության վրա, բայց արդյունքում այդ ներուժը օգտագործվում է Երևանի տնտեսության մեջ։

Շուկաների մատչելիության հարցը նույնպես կարևոր դեր է խաղում։ Երևանը, լինելով երկրի ամենախոշոր քաղաքը և կենտրոնացնելով բնակչության զգալի մասը, իր մեջ ներառում է հիմնական սպառողական շուկան։ Ավելին՝ Երևանից ավելի հեշտ է մուտք գործել արտահանման շուկաներ՝ միջազգային օդանավակայանի, միջազգային տրանսպորտային կապերի, մաքսային ծառայությունների կենտրոնացման շնորհիվ։ Մարզերի ընկերություններն ունեն լրացուցիչ տրանսպորտային և լոգիստիկ ծախսեր, ինչը նվազեցնում է նրանց մրցակցայնությունը։ Թեև տեխնոլոգիական առաջընթացի և թվայնացման դարաշրջանում ակնկալվում էր, որ աշխարհագրական հեռավորությունները պետք է կորցնեն իրենց նախկին նշանակությունը, սակայն Հայաստանի փորձը փաստում է, որ այս գործընթացները դեռևս դանդաղ են ընթանում։

Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա զգալի ձեռքբերումներին և հեռավար աշխատանքի լայն հնարավորություններին՝ մարզերում ՏՏ ընկերությունների ու մասնագետների կենտրոնացվածությունը շարունակում է մնալ ցածր՝ զգալիորեն զիջելով մայրաքաղաքին։ Այս անհամաչափությունը պայմանավորված է ոչ միայն ենթակառուցվածքային խնդիրներով, մասնավորապես՝ ինտերնետ կապի որակով, այլև մարզերում կրթական հնարավորությունների սահմանափակությամբ, մասնագիտական համայնքի թույլ ներկայությամբ և ձևավորված նորարարական էկոհամակարգի բացակայությամբ։

Բնականաբար, տարածքային դիվերսիֆիկացված տնտեսությունը ավելի կայուն է նաև արտաքին ցնցումների նկատմամբ, քանի որ տարբեր տարածքների տնտեսությունները կարող են իրար լրացնել և փոխհատուցել։ Համեմատելով այլ երկրների հետ՝ տեսնում ենք, որ նույնիսկ փոքր երկրներում ձգտում են ապահովել ավելի հավասարակշռված տարածքային զարգացում։ Օրինակ՝ Վրաստանը. Թբիլիսին թեև կարևոր դեր ունի, բայց Բաթումին, Քութայիսին և այլ քաղաքներ նույնպես զգալի ներդրում են ունենում տնտեսության մեջ։ Եվրոպական երկրներում տարածքային քաղաքականությունն ընդհանրապես առաջնահերթություններից մեկն է, և զգալի ռեսուրսներ են ուղղվում նվազ զարգացած տարածաշրջանների զարգացմանը։

Պատճառները, որոնք հանգեցրել են այսպիսի գերկենտրոնացման, բազմաթիվ են և փոխկապակցված։ Դրանք ներառում են տարածքային զարգացման խրախուսման հարցում պետական նպատակաուղղված քաղաքականության բացակայությունը, մարզերում բիզնես միջավայրի թուլությունը, վարչական և կանոնակարգային բարդությունները, մարզերում կոռուպցիայի բարձր ռիսկերը, տեղական ինքնակառավարման ցածր մակարդակը, ֆինանսական և մարդկային ռեսուրսների սակավությունը։

Այս խնդրին լուծում տալու նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել համապարփակ տարածքային զարգացման ռազմավարություն, որը կկենտրոնանա մարզերում զարգացման կենտրոնների ստեղծման, ենթակառուցվածքի զարգացման, մարդկային կապիտալի ներուժի մեծացման, ներդրումային կլիմայի բարելավման, տեղական տնտեսությունների մասնագիտացման և դիվերսիֆիկացման վրա։ Անհրաժեշտ են նաև հարկաբյուջետային խթաններ բիզնեսի համար մարզերում տեղաբաշխվելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացում, մարզերում կրթական և առողջապահական ծառայությունների որակի բարձրացում, տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների արդիականացում։

Մարզերում հատուկ տնտեսական գոտիների ստեղծումը, արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության խրախուսումը, զբոսաշրջության զարգացումը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկությունների ստեղծումը, էներգետիկայի և վերականգնվող էներգիայի նախագծերը կարող են դառնալ այն առանցքները, որոնց շուրջ կարելի է կառուցել տեղական տնտեսությունների զարգացումը։

Այդուհանդերձ, պետք է ընդունել, որ սա երկարատև գործընթաց է, որը պահանջում է հետևողական քաղաքականություն, զգալի ներդրումներ և համակարգված ջանքեր բոլոր մակարդակներում՝ պետական, մասնավոր հատվածի և քաղաքացիական ոլորտներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում