ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ
«Բրյուսելն անտեսել է զանգվածային ձերբակալությունները, Եկեղեցու դեմ հարձակումներն ու ընտրակեղծիքները՝ սատարելու համար ՀՀ վարչապետին
ՀՀ վարչապետին չի հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը՝ չնայած ԵՄ միջամտությանը
Եվրոպական միությունը կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցության համար. «Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերությունը պնդում է, որ Բրյուսելն օգնել է օրինականացնել մի կառավարություն, որը խարխլում է ժողովրդավարական ինստիտուտներն ու հիմնարար իրավունքները:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված նամակում ընկերությունը, որը հանդես է գալիս որպես ընդդիմադիր առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերի պաշտպան, պնդում է, որ ԵՄ-ն անվերապահ քաղաքական աջակցություն է ցուցաբերել պարոն Փաշինյանին՝ չնայած քաղաքական ընդդիմախոսների, կրոնական կառույցների և անկախ ձայների դեմ իրականացվող տևական արշավին:
Նամակում նշվում է, որ գործող կառավարության օրոք իրականացվել են հարյուրավոր քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններ, և որ ԵՄ-ն շարունակել է սատարել Փաշինյանին՝ քաջատեղյակ լինելով հանդերձ ընդդիմադիր գործիչների, հոգևորականների ու քաղաքացիական հասարակության քննադատների նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ խորացող մտահոգություններին:
Ընկերությունը փաստում է, որ ԵՄ-ն աչք է փակել երկրի կարևորագույն ազգային ինստիտուտներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կառավարության վարած արշավի վրա՝ միևնույն ժամանակ շարունակելով Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարական հաջողության պատմություն:
Բրյուսելը չի կատարել իր իսկ իրավական պարտավորություններն ու ժողովրդավարական չափանիշները՝ լեգիտիմացնելով մի ընտրություն, որի արդյունքները դեռևս վիճարկվում են Սահմանադրական դատարանում, և հրաժարվելով կիրառել նույնպիսի խիստ վերահսկողություն, ինչպիսին սովորաբար պահանջում է այլուր:
Սահմանադրական կարգով վիճարկումը գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ջանքերի մի մասն է՝ սպառելու ներպետական իրավական պաշտպանության բոլոր հնարավոր միջոցները: Այդուհանդերձ, Արամ Վարդևանյանը, ով ղեկավարում է տեղական դատարաններում պարոն Կարապետյանի իրավական գործընթացները, ընդգծել է, որ այդ վարույթների նախաձեռնումը չպետք է մեկնաբանվի որպես վստահություն դրանց վերաբերյալ որոշում կայացնող կառույցների անկախության նկատմամբ:
«Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ, անվախ և պահպանի քաղաքական չեզոքություն,- նշել է պարոն Վարդևանյանը՝ հավելելով,- Հիմնարար հարցն այն է, թե արդյոք այսօր Սահմանադրական դատարանը համապատասխանում է այդ չափանիշներին»:
Պարոն Վարդևանյանը նաև հայտարարել է, որ թեև «Ուժեղ Հայաստանը» հանձնառու է իրավական գործընթացն ամբողջությամբ անցնելուն, այնուամենայնիվ, խորապես մտահոգված է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով զբաղվող կառույցները չունեն Հայաստանի Սահմանադրությամբ պահանջվող անկախությունը:
Նամակում նաև պնդում է արվում, որ ԵՄ պաշտոնյաները գրեթե բացառապես փոխգործակցել են Հայաստանի կառավարության հետ՝ չհաստատելով բովանդակային երկխոսություն ընդդիմադիր կուսակցությունների և այլախոհ շրջանակների հետ, և այսպիսով՝ կանխորոշել են իրենց նախընտրելի քաղաքական ելքը դեռ նախքան ընտրությունների արդյունքների պատշաճ քննությունը:
Չնայած ԵՄ միջամտությանը և իշխանությունների կողմից թույլ տրված խախտումներին՝ պարոն Փաշինյանին չի հաջողվել ստանալ ընտրողների մեծամասնության աջակցությունը: Նույնիսկ լայնածավալ միջազգային աջակցության պարագայում կառավարությունը չի կարողացել ստանալ ձայների նույնիսկ կեսը, մինչդեռ ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել է ընդդիմությանը:
«Amsterdam & Partners LLP» փաստաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշում է.
«Եվրոպական միությունը չի գործել որպես չեզոք դիտորդ: Այն նախընտրել է դաշնակցել մի կառավարության հետ, որի օրոք տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, թիրախավորվել են քննադատները, հարձակումներ են գործադրվել Եկեղեցու դեմ և թուլացվել են ժողովրդավարական երաշխիքները:
«Բրյուսելը չի կարող հավակնել ժողովրդավարության պաշտպան լինելուն՝ միևնույն ժամանակ անտեսելով այս չարաշահումներն ու հրաժարվելով լրջորեն լսել ընդդիմության ձայնը: ԵՄ-ի գործողություններն օգնել են պաշտպանել այս կառավարությանը պատասխանատվությունից»:
Ռուսական միջամտությանը դիմակայելու պատրվակով տիկին ֆոն դեր Լայենը առաջնորդել է մի արշավ, որն ուղեկցվել է միջամտություններով, երկակի ստանդարտներով և վնաս է հասցրել իրավունքի գերակայությանը: Եվրոպական միության վարքագիծն արատավորում է այն բոլոր սկզբունքները, որոնց պաշտպանությամբ ինքը հանդես է գալիս, և վտանգի տակ է դնում Հայաստանի հենց գոյությունը»:
«Amsterdam & Partners LLP»-ն միջազգային փաստաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական իրավապաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»,-գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց