Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Մամուլի տեսություն

Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայում գտնվում է պարադոքսալ իրավիճակում։ Մի կողմից՝ պաշտոնական հայտարարություններ են հնչում ձեռքբերումների, ռեկորդային հոսքերի և «զբոսաշրջության գերազանցության կենտրոն» դառնալու հավակնությունների մասին, մյուս կողմից՝ պարզ են դառնում զբոսաշրջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք տեղ են գտնում անգամ միջազգային զեկույցներում։

Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի» 2026 թվականի զեկույցը, որի շուրջ «Լույս» հիմնադրամն օրերս մանրամասն վերլուծություն է ներկայացրել, բոլորովին նոր լույս է սփռում առկա իրավիճակի վրա։ 110 երկրի շարքում Հայաստանը 3,81 միավորով զբաղեցնում է 72րդ հորիզոնականը, մինչդեռ 2019 թվականին երկիրը 64-րդն էր։ Ութ հորիզոնականով նահանջը նշանակում է, որ ժամանակին մեզանից հետ մնացող բազմաթիվ երկրներ վերջին տարիներին առաջ են անցել՝ ավելի հետևողականորեն ներդրումներ անելով իրենց ենթակառուցվածքներում, մարքեթինգում և միջազգային վստահության կառուցման մեջ։ Հայաստանի ինդեքսը 6,4 տոկոսով ցածր է համաշխարհային միջին 4,07 միավորից և 13,2 տոկոսով զիջում է «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին 4,39 միավորին, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը միայն համաշխարհային մրցակցության բարձր չափանիշները չեն, այլ նաև մեր անմիջական տարածաշրջանում ձևավորված մրցակցային ֆոնին համընթաց չզարգանալը։

Այս պատկերն առավել ցայտուն է դառնում, երբ այն դիտարկում ենք զբոսաշրջիկների թվաքանակի աճի հետ մեկտեղ։ Վերջին տարիներին Հայաստան այցելողների թիվն իսկապես աճել է, սակայն այդ աճի բնույթը, մեծ հաշվով, զբոսաշրջության ոլորտի հետ կապ չունի։ Ռուս-ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունների և տարածաշրջանային այլ ցնցումների հետևանքով Հայաստան են եկել կամ այստեղ հաստատվել ու ժամանակավորապես ապրել զգալի թվով մարդիկ, որոնց ներհոսքը պայմանավորված է եղել առավելապես արտաքին, հաճախ ժամանակավոր հանգամանքներով։

Երբ երկրի ինդեքսը և վարկանիշը տարեցտարի վատանում են, իսկ զբոսաշրջիկների թիվը միաժամանակ աճում է, դա լավագույն ապացույցն է, որ աճը ոչ թե համակարգային քաղաքականության արդյունք է, այլ արտաքին բարենպաստ պայմանների հետևանք։ Պետության մոտեցումը կարելի է բնութագրել որպես «պասիվ կառավարում»՝ զուգորդված ինքնաբուխ աճի սպասմամբ՝ առանց այն կայուն մրցակցային առավելության վերածելու հստակ գործիքների։

Եթե ուշադիր դիտարկենք ինդեքսի կառուցվածքը, ապա առավել մտահոգիչ է այն, որ վատթարացումը գրանցվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնական ուղղությամբ։ «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը թե՛ գնահատականի, թե՛ դիրքի վատթարացում է գրանցել։ Այս ենթաինդեքսի շրջանակում առավել ահազանգող է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան անկումը՝ վարկանիշային դիրքի ութ հորիզոնականով նահանջով։ Այս ցուցանիշն, ըստ էության, արտացոլում է, թե ինչ չափով է պետությունը ոլորտը դիտարկում որպես առաջնահերթություն՝ ռազմավարություններով, բյուջետային ծախսերով, մարքեթինգային ջանքերով և քաղաքական կամքով։ Երբ հենց այս հիմնասյունն է զգալիորեն վատթարանում, ակնհայտ է դառնում, որ հայտարարությունների և իրական քաղաքականության միջև առկա է բաց, որը չի կարող լրացվել պաշտոնական հաղորդագրություններով։

Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան անկումն իր հերթին արտացոլում է մեկ այլ իրողություն. դրամի արժևորման և ներքին գնաճի համադրությունը Հայաստանին զրկել է մատչելի ուղղություն լինելու իր ավանդական առավելությունից։ Երբ երկիրը միաժամանակ չի առաջարկում ենթակառուցվածքային բարձր որակ, չի հաղթահարում անվտանգային ընկալումները և նաև սկսում է թանկանալ, մրցակցային դիրքը բնականաբար թուլանում է, քանի որ այցելուն համեմատում է ոչ թե Հայաստանն իր անցյալի հետ, այլ այն այլընտրանքային ուղղությունների հետ, որոնք նույն գումարով ավելի կանխատեսելի ծառայություններ և ավելի ամուր վստահություն են առաջարկում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո Հայաստան ժամանած բազմաթիվ ռուսաստանցիներ (նաև ուկրաինացիներ) որոշ ժամանակ անց ուղղակի հեռացան Հայաստանից միայն նրա համար, որ մեր երկրում գները էական թանկ էին այլ ուղղություններից։

Հատուկ ուշադրության է արժանի «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյունը, որով նույնպես գրանցվել է կտրուկ վատթարացում՝ ութ հորիզոնականով նահանջ։ Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե զբոսաշրջիկի առօրյա անվտանգության՝ հանցագործությունների կամ փողոցային վտանգների մասին է, այլ ավելի լայն համատեքստի, որը ձևավորում է միջազգային ընկալումը։ Զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայում Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները։ Այլ խոսքով՝ ցուցանիշը չափում է ոչ միայն օբյեկտիվ իրավիճակը, այլև այն, թե ինչպես է երկիրը տեսնում արտաքին աշխարհը՝ ճանապարհորդական խորհրդատվությունների, ապահովագրական ընկերությունների ռիսկային գնահատականների, միջազգային լրատվամիջոցների և տուրօպերատորների ընկալումների միջոցով։ Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ ընկալումը հաճախ ավելի ազդեցիկ է, քան իրականությունը։ Պոտենցիալ զբոսաշրջիկը, որը որոշում է ընդունում իր տանը՝ համակարգչի առջև, առաջնորդվում է ոչ թե երկրի իրական առօրյայով, այլ այն ինֆորմացիայով, որն ստանում է հասանելի աղբյուրներից։ Եթե այդ աղբյուրներում Հայաստանը ներկայացվում է հիմնականում որպես սահմանային լարվածության և աշխարհաքաղաքական ռիսկերի գոտի, ապա որոշումը կայացվում է հօգուտ այլ ուղղության, նույնիսկ եթե երկրի ներսում անվտանգության իրական զգացողությունը բարձր է։

Այս իրողությունից բխում է ամենակարևոր եզրակացությունը. պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական և ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները անընդհատ փորձում են հանրությանը հավաստիացնել, թե իբր խաղաղությունը վերջապես «ժամանել է»։ Սա նշանակում է, որ անվտանգության ընկալման կառավարումը չի դիտարկվել որպես զբոսաշրջության քաղաքականության ինքնուրույն ուղղություն։ Ընկալումը փոխելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք՝ միջազգային ճանապարհորդական խորհրդատվություններ հրապարակող պետական կառույցների հետ դիվանագիտական շփում, ապահովագրական և ճանապարհորդական հարթակների հետ տվյալների և ռիսկերի գնահատման հարցերով մշտական երկխոսություն, տուրօպերատորների և ճանապարհորդական լրագրողների համար ուսումնական այցերի կազմակերպում, ինչպես նաև թափանցիկ և հաճախակի թարմացվող տեղեկատվության տրամադրում երկրի իրական իրավիճակի մասին։

Բացի այդ, անվտանգության ընկալումը չի կարելի բաժանել երկրի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Որքան հաջողություն արձանագրվի տարածաշրջանային կայունության համատեքստում, այնքան այդ ընկալումը կարող է փոխվել, սակայն դա չի նշանակում, որ զբոսաշրջության ոլորտը կարող է սպասել՝ առանց սեփական ջանքերի։ Պետք է հիշել նաև, որ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ սահմանային լարվածությունը, ռազմական բախումները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները, միջազգային լրատվական դաշտում ձևավորել են այնպիսի պատկեր, որը չի կարող արագ փոխվել միայն գովազդային արշավներով, և հենց դրա համար է անհրաժեշտ երկարաժամկետ, հետևողական ռազմավարություն, այլ ոչ թե առանձին միջոցառումներ։

Ինդեքսի մեկ այլ անհանգստացնող արդյունք է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսը, որը Հայաստանի համար ամենաթույլ օղակն է։ Այս գնահատականով երկիրը գրեթե կրկնակի՝ 48,2 տոկոսով զիջում է համաշխարհային միջինին, վարկանիշային դիրքը վատթարացել է երեք հորիզոնականով, և 110 երկրի թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Առաջին հայացքից այս արդյունքը կարող է զարմանալի թվալ երկրի համար, որն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, եզակի բնական լանդշաֆտներ, հնագույն եկեղեցական համալիրներ, գինեգործության ավանդույթ և հյուրընկալության մշակույթ։ Սակայն Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ ըստ թվային տեսանելիության։ Այսինքն՝ չափվում է ոչ թե այն, թե ինչ ունենք, այլ այն, թե որքանով է այդ ամենը ճանաչելի և հետաքրքրություն առաջացնող համաշխարհային տեղեկատվական դաշտում։ Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը չնչին է, իսկ գլոբալ որոնողական համակարգերում ու հարթակներում հետաքրքրվածությունը չափազանց փոքր է։

Սա պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության ուղղակի հետևանք է, և այն վկայում է, որ երկիրը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության։ Հատկանշական է նաև, որ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկրները տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ ճանաչելիությունը պատահականություն չէ, այլ հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։

Ոչ պակաս ուշագրավ է «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսը, որի գնահատականը համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19,1 տոկոսով ցածր է։ Սա հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը։ Առավել մանրամասն դիտարկելիս պարզվում է, որ ենթակառուցվածքային այս բացն առավել ցայտուն է «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան դեպքում, որի գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25,4 տոկոսով։ Այս խնդրի հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է։ Երևանն ու նրա շրջակայքը համեմատաբար լավ են ապահովված ծառայություններով, սակայն մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ՝ որակյալ կացության հասանելիություն, հանրային և զբոսաշրջային տրանսպորտի կանոնակարգվածություն, սպասարկման մակարդակ, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն։ Այս ամենի հետևանքով զբոսաշրջիկը հաճախ սահմանափակվում է մայրաքաղաքով ու մի քանի հայտնի ուղղություններով, իսկ մարզերի հսկայական պոտենցիալը մնում է չօգտագործված։ Արդյունքում զբոսաշրջության տնտեսական օգուտը բաշխվում է անհավասար, մարզային համայնքները չեն ստանում այն եկամուտները, որոնք կարող էին նպաստել տեղական զբաղվածությանը, փոքր բիզնեսի զարգացմանը և արտագաղթի նվազմանը, իսկ մայրաքաղաքի վրա ճնշումը շարունակում է աճել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում