«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՏԻՄ-երը պետության առանցքն են, պետության բջիջը, որտեղ ցանկացած իշխանություն փորձում է պահել իր, այսպես ասած, ազդեցության գոտիները, իր ճյուղավորված բջիջները, որպեսզի հետագայում իր քաղաքականությունը, կենսագործունեությունը հեշտությամբ կյանքի կոչի։ ՏԻՄ ընտրությունները միգուցե ոչ առաջնային են եղել իշխանությունների համար, սակայն նրանք փորձել են, համապատասխան գործիքակազմ կիրառելով, տեղում ներկայացված լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք կիրակի օրը Հայաստանի տարբեր համայնքներում տեղի ունեցած ընտրություններին։ Ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պետք է լայն թափով մասնակցեն ընտրություններին բոլոր համայնքներում։ «Իմ կարծիքով, ՏԻՄ-երն ամենաառանցքային հատվածներից են, դրանք պետք է չանտեսվեն։ Քաղաքական ուժերը պետք է անպայման մասնակցեն այդ ընտրություններին։ Շատ դեպքերում խոսքն անգամ հաղթանակի մասին չէ, բայց համայնքում ներկայացվածություն ունենալու, տեղական խնդիրներն օրակարգ բերելու, հանրայնացնելու հարցերը պետք է լուծի ավագանին։ Ոչ ոք չի խոսում այս կամ այն համայնքում ջախջախիչ հաղթանակ գրանցելու մասին, բայց պետք է ունենալ ավագանու իքս թվով անդամ, որպեսզի հետագայում տեղացի մարդը իմանա, որ դու կաս, իր դարդ ու ցավով ապրում ես։ Ճիշտ պահին էլ այդ մարդուն կասես՝ քո հարցերը ժամանակին բարձրաձայնել ենք եւ լուծել։ ՏԻՄ-ը քաղաքական թիմի համար հետագայում լինելու է պլացդարմ աշխատելու համար։ Հիմա մեր ընդդիմադիր շրջանակները կտորներով էին աշխատում տարբեր տեղերում՝ չնայած դա էլ ունի իր հիմնավոր պատճառները։ Մարդիկ չեն ուզում մասնակցել ընտրությունների։ Ստեփանավանի և Մարտունու դեպքերն էլ՝ վառ օրինակ. մարդկանց ձերբակալեցին՝ ինչ-որ կլոունադաներ սարքելով, մեղադրանքներ ներկայացնելով։ Երկակի վիճակ է ստեղծվում, մարդիկ չեն մասնակցում, ստացվում է, որ անտարբեր են, մասնակցում են, ուղղակի բռնում, տանում են»։
Անդրադառնում է իշխող ուժի՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ունեցած ոգևորվածությանը։ «Այնպիսի տպավորություն է, որ մասնակցում ենք, ասենք, 1980-ական թվականների՝ բրեժնևյան ժամանակաշրջանի ընտրություններին, երբ լինում էր մի թեկնածու և ստանում էր 97 տոկոս ձայն։ Նրանց հրապարակած տոկոսներից ուղղակի ապշահար ես լինում։ Բայց սա լավ բանի մասին չի խոսում։ Սա վկայում է այն մասին, որ այս համակարգում լճացումներ կան, որոնք գնալով խորանում են։ Բրեժնևյան ժամանակաշրջանը ԽՍՀՄ-ի լճացման տարիներն էին, մարդիկ «ուրախ» ապրում էին, գողանում պետությունից, աջ ու ձախ տանում էին՝ ինչ կարողանում էին, վերջում համակարգը ներսից պայթեց, գլխի վրա շուռ եկավ, և ոչ ոք չկարողացավ այդ թափանիվը կանգնեցնել։ Տեսեք՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը 14 տարի կառավարում էր երկիրը, արթնացավ և պարզեց, որ էլ երկրի ղեկավար չէ։ Հավերժության մոլուցքը, որ մեր երկրի ղեկավարներն ունեն, մի տեղ կտրվում է։ Տեսնում ենք, որ տարբեր երկրներում ակցիաներ են տեղի ունենում։ Երբ փորձում ենք այդ ամենը պրոյեկտել մեր իրականության հետ, տեսնում ենք, որ գործընթացներ կարող են լինել մեկ կայծից, գուցե նաև ապաքաղաքական կայծից։ Ընդ որում՝ սա ցավալի փաստ է։ Չարիքների շղթա ենք տեսել՝ պատմական հայրենիքի կորուստ, մեր եղբայրների ու քույրերի տեղահանում, անվտանգային խորքային ճգնաժամեր և այլն։ Բայց չեմ բացառում, որ սոցիալական սովորական խնդրից անպատմելի պատկեր ունենանք։ Դա կանգնեցնելու զրոյական շանս է լինելու, ո՛չ մի պոպուլիզմ, ո՛չ մի դեմագոգիա չի կարողանալու դրա դեմն առնել։ Չեն կարողանալու մարդկանց համոզել, ինչ-որ բլեֆներ անել։ Դրա ռիսկերը կան։ Ընդդիմադիր շրջանակներն էլ պետք է ճիշտ մեխանիզմով աշխատեն, բայց, ցավոք, տարբեր տեղերում կա՛մ ճիշտ չեն «կրակում», կա՛մ ճիշտ չեն աշխատում»,-նկատում է մեր զրուցակիցը։
Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հրապարակ նետեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին դիսկուրսը՝ նշելով, որ եթե ընդդիմությանը չկարողանան համոզել կողմ արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը, ապա հնարավոր է՝ Հայաստանում կրկին ընտրություններ լինեն։ Քաղաքագետը նշում է՝ զգացողություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվելու է արտահերթ ընտրությունների, ինքն ունեցել է մոտավորապես մեկուկես ամիս առաջ։ «Այս մարդն իր խնդիրը չի լուծել։ Նա ունի լեգիտիմ կառավարման խնդիր, խոսքը ԱԺ-ում սահմանադրական մեծամասնության ապահովման մասին է։ Նա ասում էր՝ ժողովուրդ ջան, ինձ տվեք 65 տոկոս ձայն, միայն հաղթանակն ինձ բավարար չէ, ինձ պետք է, որ ունենամ 65 տոկոսանոց մանդատ, որ կարողանամ իմ անելիքներն անել։ Նա դա անթաքույց ասում էր։ Այս մարդը բարդույթավորված չի, լեզվի տակ ոսկոր չկա, կաղապար ու կապանք չունի։ Ինչ ուզում, պարզ տեքստով ասում է։ Արտահերթ ընտրության գաղափարն իր համար այսօր օրակարգային է։ Նա հոգու խորքում վստահ է լինելու, որ ստանալու է նախատեսվածից շատ ձայներ, մեկին կբռնի, մյուսին բաց կթողնի, մեկի վրա մի բան կսարքի, մարդկանց մոտ ապատիկ տրամադրություններ կստեղծի։ Մարդիկ հոգնում են այս ամենից, ձանձրանում։ Մարդուն տեղամաս տանելը շատ պրոբլեմատիկ հարց է։ Քարոզչություն, գովազդ, պաստառ, այս ամենը մարդու մոտ հակակրանք է առաջացնում ամբողջ գործընթացի նկատմամբ, բայց դա պետք է Նիկոլ Փաշինյանին։ Որքան քիչ մարդ գնա ընտրատեղամաս, այնքան նա կուժեղանա։ Նա վստահ է, որ քիչ մասնակցություն է լինելու։ Ասենք՝ լինելու է 42 տոկոս մասնակցություն։ Այս պարագայում նա կապահովի իր 65-70 տոկոսը, ընդդիմությունից յուրաքանչյուրը կարող է 5-7 տոկոս ձայն ունենալ և այլն, մի խոսքով՝ իր երազած ԱԺ-ն կկազմավորի»,-ասում է նա։
Հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ կա հանձնաժողով, որն ունի իրեն տրված մանդատը, ըստ դրա, կազմակերպում և իրականացնում է ընտրությունը, այսինքն՝ տեղում գործիքներ չունես ինչ-որ բան անելու, ընդամենը կարող ես վերահսկում իրականացնել։ «Բայց տեղամասում վերահսկում իրականացնելը հարցի շատ քիչ տոկոսն է։ Տեղում կան վստահված անձինք, դիտորդներ, վերջիններս կարգին աշխատանք են կատարում, օրվա մեջ շրջում են, հասկանում իրավիճակը, արձանագրում են խախտումները և այլն։ Տեղամասում այդ վերահսկողությունը, որպես կանոն, իրականացվում է բարձր մակարդակով։ Հարցի այլ կողմն է տեղամասից դուրս՝ մինչև տեղամաս հասնելու պրոցեսը։ Ընդդիմադիր բազմաթիվ մարդկանց, բառի բուն իմաստով, ձեռքերը ոլորում, տանում են, ասում՝ կաշառակեր ես, իսկ իրենք կազմակերպված, մեքենաներով մարդիկ են բերում ու տանում։ Տեղամասում գտնվելով՝ մարդը լիազորություն չունի որևէ բան անելու, երկրորդն էլ՝ ուղղակի ֆիզիկապես չեն կարող հասցնել բոլոր տեղերում լինել։ Ընդդիմադիր ուժերն ամեն ինչ պետք է կազմակերպեն հստակ, մեկ գծով, ամենակարևորը՝ դա պետք է լինի համակարգված։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ են անելու, իմանան, թե որ սցենարի դեպքում ինչպես են գործելու։ Դերաբաշխվածություն պետք է լինի, ամեն մեկը պետք է հստակ իմանա իր անելիքը։ Դրա համար էլ ընդդիմադիր թևի գործիչներն իրար չպետք է թիրախավորեն, չտիրաժավորեն անհիմն թեզեր, չսկսեն իրար հակադարձել։ Այսօր այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք։ Ունենք հստակ իրավիճակ, որից պետք է դուրս գալ, դրանից հետո կհասկանանք՝ ով է ում բարեկամը, ով՝ ում թշնամին։ Այսօրվա մեր պրոբլեմը մի անուն- ազգանուն ունի։ Մի հավելում էլ։ Չի բացառվում, որ ինչ-որ հրաշքով Փաշինյանի սպասելիքները բնավ չարդարանան։ Արտահերթ ընտրություններ կազմակերպի, բայց այդ ընթացքում նաև աշխարհաքաղաքական ինչոր փոփոխություններ կատարվեն, մարդկանց մոտ տեղի ունեցածի վերագնահատման իրավիճակ ստեղծվի։ Մարդը հասկանա, որ ամեն դեպքում այս մարդուն ձայն տալը սխալ էր, նա անում է լրիվ այլ բաներ։ Չգիտեմ, թե ինչերի միջով կանցնենք առաջիկա ձմռանը, տեսնենք՝ ինչ նոր արհավիրք ու փորձություն է նա մեզ համար նախապատրաստել»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութ
«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վր...
Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտ...
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գ...
ՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան
ԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգ
Վայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում