Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածաշրջանային անվտանգության շուրջ ձևավորված նոր հռետորաբանության պայմաններում, երբ պաշտոնական մակարդակով հաճախ է հնչում խաղաղության հաստատման մասին թեզը, փաստացի գործընթացները ստիպում են ավելի զգուշավոր ու սթափ գնահատականներ տալ։ Չնայած պաշտոնական պնդումներին, թե 2025 թվականից տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն, Ադրբեջանի ֆինանսական և արտաքին քաղաքական քայլերը ցույց են տալիս, որ ռազմական գործոնը շարունակում է մնալ Բաքվի ռազմավարության առանցքում, իսկ բանակցային օրակարգին զուգահեռ կուտակվում են նոր ճնշման լծակներ։
Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը հստակ ազդակ է տալիս ռազմականացման շարունակականության մասին։ Պաշտպանական ուղղությամբ նախատեսված միջոցները կազմում են ամբողջ բյուջեի մոտ 21%-ը, ինչը, ըստ վերլուծական գնահատականների, ռազմական ծախսերի պատմական առավելագույն մակարդակն է։ Թեև նախորդ տարվա պլանի համեմատ աճի տեմպը համեմատաբար չափավոր է (1,1%), իսկ 2025 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ կազմում է 9,3%, առավել ուշագրավ է ծախսերի կառուցվածքը։ Այս փուլում շեշտը դրվում է ոչ միայն ընթացիկ կարիքների՝ աշխատավարձերի ու պարենի ապահովման վրա, այլև երկարաժամկետ կարողությունների ձևավորման։ Ռազմական բյուջեի մոտ 60 %-ն ուղղվում է նոր զինատեսակների ձեռքբերմանն ու բանակի արդիականացմանը։ Նման կառուցվածքը վկայում է, որ Բաքուն ձգտում է պահպանել և խորացնել ռազմատեխնիկական առավելությունը՝ միաժամանակ հաշվի առնելով թե՛ Հայաստանի ուղղությամբ ուժային ճնշման հնարավորությունը, թե՛ Իրանի շուրջ զարգացող լարվածության և հնարավոր ռազմական սրացումների սցենարները։
Ռազմական պատրաստությանը զուգահեռ՝ ադրբեջանական ղեկավարության հռետորաբանության մեջ պահպանվում են թե՛ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, թե՛ խաղաղության գործընթացը ձգձգելու վերաբերյալ մեղադրանքները։ Դրանց կողքին առավել ակտիվորեն է շահարկվում անհետ կորածների և 2020–2023 թվականների ականապատ դաշտերի քարտեզների հարցը։
Այս թեմայի շուրջ հնչող թվերն ու շեշտադրումները վերջին տարիներին պարբերաբար թարմացվել են՝ սկսած 2023 թվականի օգոստոսյան ու սեպտեմբերյան հայտարարություններից, երբ Հիքմեթ Հաջիևը հումանիտար տվյալները կապում էր հետպատերազմյան կարգավորման հետ և մեղադրանքներ հնչեցնում գերեզմանների վայրերը թաքցնելու վերաբերյալ, իսկ Ալիևը խոսում էր 3890 անհետ կորածի մասին, մինչև 2025-ի հոկտեմբերին Բաքվում կայացած համաժողովում նշված շուրջ 4000 անհետ կորածի ու 29 զանգվածային գերեզմանի ցուցանիշները։ Այնուհետև 2026 թվականի հունիսին Հիքմեթ Հաջիևը հրապարակեց արդեն նոր տվյալներ՝ ներկայացնելով 4009 անհետ կորածի և 32 զանգվածային գերեզմանի մասին տեղեկություններ, ինչպես նաև հայտնելով 889 մասունքի հայտնաբերման և 313 անձի ինքնության պարզման մասին։ Այժմ արդեն պահանջներ են հնչում ևս ավելի քան 200 ենթադրյալ գերեզմանների վերաբերյալ տվյալների տրամադրման ուղղությամբ։ Թեև այս պահանջները դեռևս պաշտոնապես չեն ձևակերպվել որպես պայմանագրի ստորագրման ուղղակի նախապայման՝ ի տարբերություն սահմանադրական փոփոխության հարցի, դրանց պարբերական արծարծումը՝ ներառյալ Հիքմեթ Հաջիևի ակտիվ հրապարակային դիրքորոշումները միջազգային հարթակներում, ունի հստակ նպատակ։ Հումանիտար թեմաները գործնականում ծառայում են որպես ճկուն քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Բաքվին ցանկացած պահի ուժեղացնել ճնշումը Երևանի վրա և միջազգային հանրության առջև ձևավորել խոչընդոտող կողմի կերպար։
Այս պատկերն առավել սուր է ընդգծվում այն իրողության ֆոնին, երբ Հայաստանն արդեն երեկ հրապարակել է նոր Սահմանադրության նախագծի տեքստը, ինչն, ըստ էության, տեղավորվում է Ալիևի բարձրաձայնած պահանջների տրամաբանության մեջ, սակայն դա ամենևին չի հանգեցնում Ադրբեջանի կողմից խաղաղության օրակարգի սպասարկման։ Ընդհակառակը, ինչպես ցույց են տալիս ռազմաբյուջետային թվերը, պաշտպանական ծախսերի ռեկորդային բաժինը բյուջեում և դրանց շուրջ 60 %-ի ուղղումը սպառազինության ու արդիականացման վրա, Բաքուն շարունակում է ուժային կուտակումը, իսկ դրան զուգահեռ առաջ է մղում նորանոր պահանջներ՝ ընդհուպ մինչև Հաագայի հետ կապված հնչեցված հարցադրումները, ինչը հստակ ցույց է տալիս, որ առկա պահանջների բավարարումը չի փակում ճնշման շղթան, այլ բացում է հաջորդի ճանապարհը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան
Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համ...
Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «...
Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆ...
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան