Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան

Պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված ռազմական գործողությունները առանձնանում են հատկապես տարածաշրջանային հակամարտության վերածվելու բնույթով։ Եվ այն, որպես համակարգային վերափոխումների արագացուցիչ, փոխում է ուժերի դասավորությունը, պատերազմի բնույթը, դաշինքների տրամաբանությունը և նույնիսկ ինքնիշխանության մասին դասական պատկերացումները։

Այս պատերազմը, անկախ նրանից՝ լիարժեք լայնածավալ ցամաքային ռազմական գործողությունների է վերածվում, թե ոչ, արդեն իսկ դրսևորվում է որպես նոր աշխարհակարգի ձևավորման «լաբորատորիա», որտեղ փորձարկվում են 21-րդ դարի ռազմաքաղաքական նոր մեխանիզմները։ Իսկ այս իրավիճակի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործ ունենք ոչ թե դասական «պետություն–պետություն» պատերազմական մոդելի, այլ բազմաշերտ ռազմավարական հակամարտության հետ, որտեղ ռազմական գործողությունները միայն մեկ բաղադրիչն են։

Իրանի դեմ գործողությունները ներառում են միաժամանակ ռազմական հարվածներ, տնտեսական ճնշումներ, տեխնոլոգիական սահմանափակումներ, կիբերհարձակումներ, տեղեկատվական պատերազմ և տարածաշրջանային պրոքսի ուժերի միջոցով ազդեցության մրցակցություն։ Իսկ գործողությունների դաշտը բավական ընդարձակ է, քանի որ ընդգրկում է գրեթե ողջ տարածաշրջանը՝ Իսրայելից մինչև Պարսից ծոցի երկրներ։ Այս հակամարտությունը ցույց է տալիս, որ 21-րդ դարի պատերազմները գնալով հեռանում են զանգվածային զորքերի բախումից և տեղափոխվում են ճշգրտության, տեխնոլոգիայի և վերահսկվող էսկալացիայի դաշտ։

Իսրայելի ռազմավարությունը հիմնված է կանխարգելիչ հարվածների դոկտրինի վրա, որը նպատակ ունի ոչ թե պարտության մատնել հակառակորդին դասական իմաստով, այլ կանխել նրա ռազմավարական կարողությունների հասունացումը։ Իրանի դեպքում հիմնական թիրախը միջուկային ծրագրի, հրթիռային ենթակառուցվածքների և տարածաշրջանային ազդեցության ցանցերի սահմանափակումն է։ ԱՄՆ-ի մասնակցությունն էլ ընդգծում է նոր երևույթ՝ «հեռավար գերիշխանություն», երբ գերտերությունը կարող է ուղղակիորեն չմտնել պատերազմ, բայց որոշիչ դեր ունենալ ռազմական, հետախուզական և տեխնոլոգիական աջակցության միջոցով։

Միջազգային հարաբերություններում ի հայտ եկող նոր երևույթներից մեկը դաշինքների ճկունությունն է։ Եթե սառը պատերազմի ժամանակ աշխարհը բաժանված էր հստակ բլոկների, ապա այժմ ձևավորվում են ժամանակավոր շահերի վրա հիմնված կոալիցիաներ։ Արաբական մի շարք պետություններ, որոնք պատմականորեն հակասություններ ունեին Իսրայելի հետ, այսօր Իրանի աճող ազդեցությունը դիտարկում են որպես ընդհանուր սպառնալիք, ինչը հանգեցրել է լուռ մերձեցումների։ Արաբական երկրները կոնկրետ վնասներ են կրում Իրանի հարվածների արդյունքում ու դրա հետ կապված ձևավորում են իրենց դիրքորոշումը։ Սա տարածաշրջանում ստեղծում է աննախադեպ իրավիճակ, որտեղ նախկին հակառակորդները համագործակցում են անվտանգության հարցերում՝ առանց պաշտոնական դաշինքների ձևավորման։

Այս պատերազմը նաև բացահայտում է «միջուկային շեմի քաղաքականության» նոր փուլը։ Իրանն այն պետություններից մեկն է, որը ձգտում է հասնել միջուկային կարողությունների սահմանագծին՝ առանց պաշտոնապես միջուկային զենք ունենալու։ Արդյունքում ձևավորվում է ռազմավարական անորոշություն, որը դառնում է զսպման գործիք։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են կանխել այդ շեմի հատումը՝ հասկանալով, որ միջուկային հավասարակշռության փոփոխությունը կվերաձևավորի ամբողջ Մերձավոր Արևելքը։ Սա ցույց է տալիս, որ ապագայի հակամարտությունները հաճախ լինելու են ոչ թե միջուկային զենքի օգտագործման, այլ դրա ձեռքբերման հնարավորության շուրջ։

Մեկ այլ կարևոր առանձնահատկություն է պատերազմի ապակենտրոնացումը։ Իրանը հազվադեպ է ուղիղ ռազմական բախման գնում, փոխարենն օգտագործում է տարածաշրջանային գործընկերների և զինված խմբավորումների ցանց՝ Լիբանանից մինչև Եմեն և Իրաք։ Այսպիսով, ստեղծվում է «ցանցային պատերազմ», որտեղ հակառակորդի վրա ճնշումը իրականացվում է միաժամանակ մի քանի ճակատներով։ ԱՄՆ-ն և Իսրայելը ստիպված են պայքարել ոչ թե մեկ բանակի, այլ ազդեցության ամբողջ համակարգի դեմ։

Սա միջազգային հարաբերություններում նոր իրողություն է, երբ պետության հզորությունը չափվում է ոչ միայն սեփական բանակով, այլ նրա ազդեցության ցանցի լայնությամբ։

Տեխնոլոգիական գործոնը ևս հիմնարար նորություն է։ Անօդաչու սարքերը, արհեստական բանականության վրա հիմնված հետախուզությունը, կիբերհարվածները և տեղեկատվական մանիպուլ յացիաները պատերազմը դարձնում են ավելի արագ, ավելի անտեսանելի և ավելի անկայուն ու անկանխատեսելի։ Պատերազմի ժամանակ ալգորիթմական վերլուծությունների հիման վրա որոշումները կարող են ընդունվել վայրկյանների ընթացքում, ինչը նվազեցնում է քաղաքական վերահսկողության ավանդական մեխանիզմները։ Սա առաջացնում է տեխնոլոգիական սխալ հաշվարկների միջոցով լայնածավալ էսկալացիայի հավանականության նոր վտանգ։

Տնտեսական պատերազմի դերը ևս աննախադեպ է։ Սանկցիաները դարձել են ռազմական գործողությունների համարժեք գործիք։ Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումները նպատակ ունեն ոչ միայն թուլացնել տնտեսությունը, այլև վերաձևել հասարակական և քաղաքական ներքին հավասարակշռությունը։ Այս համատեքստում պատերազմը տեղափոխվում է նաև ֆինանսական համակարգեր, էներգետիկ շուկաներ և մատակարարման գլոբալ շղթաներ։ Նավթի գների տատանումները, ծովային երթուղիների անվտանգությունը և էներգետիկ մատակարարումների քաղաքականացումը վկայում են, որ ռազմական հակամարտությունները վերածվում են համաշխարհային տնտեսական ռիսկերի հիմնական աղբյուրի։

Այս դիմակայությունը մյուս կողմից էլ ցույց է տալիս միջազգային իրավունքի աստիճանական թուլացումը։ Կանխարգելիչ հարվածների, գաղտնի գործողությունների և սուվերեն տարածքներում իրականացվող թիրախային հարձակումների աճը ցույց է տալիս, որ անվտանգության տրամաբանությունը գերակայում է իրավական սահմանափակումների նկատմամբ։ Պետություններն ավելի հաճախ արդարացնում են ռազմական գործողությունները ազգային անվտանգության լայն մեկնաբանությամբ, ինչը ձևավորում է նախադեպային քաղաքականություն և խարխլում պատերազմ և խաղաղություն տարբերակելու դասական չափանիշները։

Մեծ տերությունների մրցակցության համատեքստում այս պատերազմը դառնում է նաև գլոբալ ուժային բալանսի փորձարկում։ Չինաստանը և Ռուսաստանը, չմտնելով ուղիղ հակամարտության մեջ, շահագրգռված են ԱՄՆ-ի ռեսուրսների կենտրոնացմամբ Մերձավոր Արևելքում, քանի որ դա թուլացնում է Վաշինգտոնի հնարավորությունները այլ տարածաշրջաններում։ Այսպիսով, Իրանի շուրջ լարվածությունը վերածվում է բազմաբևեռ աշխարհի ձևավորման բաղադրիչի, որտեղ տարածաշրջանային պատերազմները դառնում են համաշխարհային մրցակցության միջնորդավորված դաշտեր։

Միաժամանակ այս հակամարտությունն ընդգծում է գլոբալ անվտանգության պարադոքսը։ Որքան ավելի զարգացած են ռազմական տեխնոլոգիաները և զսպման մեխանիզմները, այնքան մեծանում է սահմանափակ, բայց մշտական բախումների հավանականությունը։ ԱՄՆ-ը և Իսրայելը փորձում են վերահսկվող էսկալացիայի միջոցով պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը, իսկ Իրանը՝ ասիմետրիկ պատասխաններով բարձրացնել հակառակորդի գործողությունների արժեքը։

Փաստացի, պետությունների ինքնիշխանությունը վերաիմաստավորվում է, դաշինքները դառնում են ճկուն, պատերազմը՝ բազմաչափ, իսկ ուժը՝ ոչ միայն ռազմական, այլ տեխնոլոգիական, տնտեսական և տեղեկատվական համակցություն։ Միջազգային հարաբերությունները շարժվում են դեպի ավելի անկանխատեսելի, բազմաբևեռ և ցանցային համակարգ, որտեղ պատերազմը այլևս բացառություն չէ, այլ քաղաքականության շարունակական գործիք՝ մշտական ճնշման, մրցակցության և վերաձևավորման պայմաններում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում