Այսօր պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել արցախահայության իրավունքների պաշտպանությանը
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ․
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հաղթանակի և խաղաղության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի Հայաստան և ի սփյուռս: Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է, երբ պանծացնում ենք մեր ժողովրդի զավակների սխրանքները Երկրորդ համաշխարհային պատերազմում և արցախյան հերոսամարտում։
Հայրենական մեծ պատերազմում կերտված փառավոր հաղթանակը վկայությունն է ժողովուրդների համախմբյալ և միասնական պայքարի ընդդեմ ֆաշիզմի, ընդդեմ անարդարության և չարիքի։ Մեր ժողովուրդն իր կարևոր ավանդն է ունեցել այս հաղթության մեջ։
Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։
Հաղթանակի և խաղաղության օրը մեզ պետք է հիշեցնի դժվարին այդ օրերին մեր ժողովրդի դրսևորած միասնականության, քաջարի ոգու և հանուն ազգի ու հայրենիքի, հանուն խաղաղության մեր հերոսների զոհողության մասին։ Այս նվիրական օրն իր խորհրդով նաև պետք է ամրապնդի մեզանում նախանձախնդրությունն ու պարտավորությունը հոգատարություն դրսևորելու պատերազմի վետերանների, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների հանդեպ։
Աղոթում ենք Մեծ հայրենականում և արցախյան հերոսամարտում իրենց կյանքն ընծայած հայորդիների հոգիների համար, որոնց հայրենասիրությունն այսօր էլ ոգեշնչող օրինակ է սերունդների համար՝ նույն պատասխանատվությամբ ու նվիրումով ապրելու, արարելու և պայքարելու ի սեր հայրենի մեր երկրի։
Առ Բարձրյալն աղոթքով հայցում ենք աշխարհին խաղաղություն և ժողովուրդներին՝ բարօրություն: Թող Հարուցյալ Տերն Իր Աջի հովանու ներքո անվտանգ ու ապահով պահպանի մեր հայրենիքն ու համայն ժողովրդին՝ հույսով և հավատով ամուր ու սիրով՝ միասնական:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ամենեսեանս. Ամէն։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Մի փոր հացով երկիր չեն փոխում. Արշակ Կարապետյան
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Հայաստանում կալանավորները պահվում են կյանքի համար վտանգ ներկայացնող պայմաններում. Ավետիք Չալաբյան
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան