Ջալալ Հարությունյանի նպատակն այն է, որ վաղեմության ժամկետն ավարտվի. Ցորի գործով նիստը լարված անցավ
Ցորի հայտնի գործով վերաքննիչ քրեական դատարանում այսօրվա նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նոր պաշտպան ներգրավվեց։
Աշոտ Ապրեսյանն ասաց՝ Հարությունյանը խնդրել է հանրային մեղադրողի նկատմամբ բացարկ հայտնել, բայց ինքը չի կարող դա հիմա անել, պետք է ծանոթանա հանրային մեղադրողի վարքագծին, ստանա նյութեր, որպեսզի համոզվի Հարությունյանի ասածների հավաստիության հարցում։
«Ըստ Հարությունյանի, պարոն Նավասարդյանը վկաներին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխել իր մեքենայով։ Պետք է պահանջեմ տեսագրությունները, լսեմ դատական նիստերի ձայնագրությունները, 11 նիստերում 30 վկաների ձայնագրությունները պետք է լսեմ, ծանոթանամ գործի նյութերին»,-հայտարարեց նոր պաշտպանը՝ նշելով, որ դատարանից ակնկալում է ողջամիտ ժամկետ։
Պաշտպանի պատկերացմամբ, ողջամիտ ժամկետ է մեկ ու կես ամիսը։
Ջալալ Հարությունյանն ասաց՝ համաձայն է։
Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանն ասաց՝ երեք շաբաթ ժամկետ էին տրամադրել գործի նյութերին ծանոթանալու, նոր պաշտպան ներգրավելու համար։
«Ինչ վերաբերում է բացարկին անկողմնակալության հիմքով, ապա կարծում եմ, գործը ձգձգելու միտում ունեն։ Գրավոր բացարկ կլինի, դրա մասին մանրամասն կխոսեմ։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, առավելագույնը երեք շաբաթ ժամկետը բավարար է»,-ասաց գործով հանրային մեղադրողը։
Տուժողների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ հայտարարեց՝ գտնում է, որ իրավունքի չարաշահման փաստի հետ գործ ունեն։
«Մշտապես Ջալալ Հարությունյանի բերած կեղծ հիմնավորումներով փորձում են ձգձել այնքան, մինչև վաղեմության ժամկետն անցնի։ Ջալալ Հարությունյանի նպատակն է, որ մինչև հոկտեմբերի 12-ը վաղեմության ժամկետն անցնի։ Գտնում եմ, որ դա հարիր չէ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրող անձին։ Չեմ ցանկանում համեմատություն անցկացնել գողություն կատարելու համար մի քանի անգամ դատված անձի հետ, բայց նա ավելի տղամարդավարի է պահում իրեն դատարանում, քան գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրողը»,-ասաց Լ. Սիմոնյանը։
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ընդհատեց խոսքը։ Դատավորները նեղսրտեցին Սիմոնյանի համեմատությունից։
«Գիտեք ի՞նչ, եթե նման հայտարարությամբ հանդես գային մեր տուժողները, զոհերի ծնողները, որոշակիորեն դատարանի համար ընկալելի կլիներ, բայց դուք որպես պրոֆեսիոնալ... այդ առումով ձեր հայտարարությունը չի բխում փաստաբանի էթիկայի ու այլ կանոններից։ Հասկանում եմ Ձեր էմոցիաները, ամեն դեպքում այս փուլում ձեռնպահ կմնամ Ձեր նկատմամբ սանկցիաներ կիրառելուց, նախազգուշացում անելուց, բայց խուսափեք»,-ասաց Մ. Պապոյանը։
Լ. Սիմոնյանն ասաց՝ երկու կալանավորի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ է հետաձգել, եկել է նիստին ու տեղեկանում է, որ երեկ նոր միայն պաշտպանի հետ պայմանագիր է կնքվել, այլ վերաբերմունք չի կարող հայտնել։
Տուժողների պաշտպանը շարունակեց, որ ողջամիտ է համարում երկու ժամը, քանի որ ըստ էության դատաքննություն չի լինելու է, լինելու է բողոքների քննություն։ Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրն ասաց՝ համաձայն է Սիմոնյանի հետ, իրենք էլ ունեն այլ խնդիրներ՝ ներառյալ առողջական։ Մյուս տուժողները նույնպես կողմ արտահայտվեցին 2 ժամ տրամադրելուն, ծնողներից մեկն ընդգծեց՝ անցած նիստին խնդրել էին ամեն կերպ կասեցնել դատական նիստերը ձգձգելու մարտավարությունը, եթե դրա դեմն առնելը հնարավոր չի լինելու, ապա առաջարկում են մինչև հոկտեմբերի 12-ը ժամանակ տան Հարությունյանին, գան ասեն՝ վաղեմության ժամկետը լրացել է, հարցը փակեն, ծնողներն էլ կիմանան արդեն՝ ինչ անեն։
«Խաղեր է գնում, չի կարելի նման բան թույլ տալ, չորս տարի է դատավարության մեջ ենք»,-ասաց զոհվածի ծնողը։
Ընդհանուր առմամբ, դատական նիստն անցավ լարված մթնոլորտում։ Դատավոր Մխիթար Պապոյանը Ջ. Հարությունյանի պաշտպանին ասաց՝ քրեական գործը վարույթ ընդունելուց հետո 24 ժամ այլ գործով չի զբաղվել, իրենք տեղյակ են ողջամիտ ժամկետներին, իրենց փորձն էլ շատ բաներ է հուշում։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 6-ին ժամը 12։00-ին։




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»