Զինծառայողը հիվանդանոցից ծառայության չվերադառնալու համար անդամախեղում է կատարել

Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հիվանդանոցից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա ծառայության:

Ըստ մեղադրանքի՝ ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Գործն ուղարկվել է դատարան և ընդունվել վարույթ:

 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված